ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Լիբանանի ՀԲԸՄ հայ երիտասարդաց ընկերակցության ատենապետ Վիգեն Չերթչյանին

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի ՀԲԸՄ հայ երիտասարդաց  ընկերակցության ատենապետ Վիգեն Չերթչյանին:

Ողջունելով Լիբանանի ՀԲԸՄ հայ երիտասարդաց  ընկերակցության ատենապետին՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց ՀԲԸՄ գործունեությունը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Նախարարը մասնավորապես նշեց, որ ՀԲԸՄ մշակութային մանկապատանեկան և երիտասարդական խմբերը հաջողությամբ ելույթներ են ունենում Հայրենիքում և արժանանում հայաստանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ հայապահպանությանը և Հայրենիք-Սփյուռք մերձեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացման և Սփյուռքի բոլոր համայնքներին հավասարապես ներգրավելու համար՝ Վիգեն Չերթչյանը նշեց, որ Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» մանկապատանեկան պարախումբը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին:

Լիբանանի ՀԲԸՄ հայ երիտասարդաց  ընկերակցության ատենապետը նշեց նաև, որ «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած բոլոր մանուկներն ու պատանիները հաճույքով են պատմում Հայրենիքում անցկացրած օրերի և ձեռք բերած գիտելիքների մասին:

Քննարկվեցին երկուստեք իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանցմանը, ինչպես նաև համայնքում ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերի մասին առավելագույն իրազեկմանն ուղղված հարցեր:

Scroll Up