ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Բեյրութի «Երեբունի» հայկական անկախ լրատուի՝ եռալեզու կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտըմյանին
Հարգելի՛ պարոն Շխրտըմյան.
Ջերմ սիրով շնորհավորում եմ Ձեզ և ողջ խմբագրակազմին «Երեբունի» հայկական անկախ լրատուի 1-ամյա գործունեության առթիվ:
Այս կարճ ժամանակահատվածում օրաթերթը ոչ միայն հասցրեց լիարժեք կայանալ, այլև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայությանն անաչառ և օբյեկտիվ լրատվություն տրամադրել՝ իրականացնելով իր առջև դրված մեկ հիմնական խնդիր՝ հայապահպանություն:
Յուրաքանչյուր հայատառ, առավել ևս արևմտահայերենով կամ դասական ուղղագրությամբ լույս տեսնող թերթ հայապահպանության մի փոքրիկ օազիս է աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում:
Դուք, որպես «Արարատ» օրաթերթի նախկին պատասխանատու, ոլորտում ձեռք բերած Ձեր փորձառությունն ու հմտություններն ամբողջությամբ և մեծ նվիրումով դրսևորեցիք Ձեր իսկ կողմից հիմնած «Երեբունի» պարբերականում, ինչի շնորհիվ ընթերցողը ստացավ բազմակողմանի և առարկայական տեղեկատվություն: Հայկական մամուլում պարբերականը ուրույն դիմագիծ է ձեռք բերել՝ շնորհիվ Ձեր խմբագրականների, Ձեր և մյուս լրատվամիջոցներին տրված տարաբնույթ հարցազրույցների:
Համացանցի երկդիմի գոյության և ազդեցության պայմաններում թերթը կարողացել է զանազանել կեղծը ճշմարիտից, զերծ մնալ ծայրահեղական դիրքորոշումներից, մատուցել հավասարակշռված լրատվություն՝ մշտապես ծառայելով Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման, հայության համախմբման գաղափարներին:
Թող տարիները «Yerepouni-news.com» պարբերականի համար դառնան լրատվական նորանոր հորիզոններ նվաճելու, Հայրենիք-Սփյուռք գործակցության մերձեցմանն ուղղված ծրագրերի իրականացման տարիներ:
Հայալեզու նորաստեղծ «Երեբունի» անկախ լրատուին մաղթում եմ կանաչ ճանապարհ և կայուն վերելք:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈւՇ ՀԱԿՈԲՅԱՆ