Սփյուռքի նախարարը դիմել է ԿԽՄԿ-ին, որ օգնեն Վաքըֆի քեսաբահայերին միանալ ընտանիքներին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Թուրքիայում գտնվող քեսաբահայերին իրենց ընտանիքների հետ միավորվելուն օգնելու խնդրանքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նորանշանակ նախարարը: Նախարարի հավաստմամբ, ներկայում Թուրքիայի հայկական Վաքըֆ քաղաքում պահվում են 22 քեսաբահայեր, որոնց տվյալները փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին: «Քեսաբյան դեպքերի պատճառով մեր հայրենակիցների հիմնական մասը բնակվում է հարազատների ընտանիքներում, մի մասը Այնճարում է, Բեյրութում, իսկ մյուս մասն էլ դեռ բնակարան, տուն չունի, Լաթաքիայի եկեղեցու տարածքում է ապաստանել: Քեսաբահայերից 22-ը պատանդ վերցվեցին ու տեղահանվեցին, այժմ Թուրքիայի Վաքըֆ հայկական գյուղում են: Նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը, նրան հանձնել այն բոլոր քեսաբահայերի ցուցակը, ովքեր գտնվում են Թուրքիայում, և խնդրել օգնել, որպեսզի քեսաբահայերը միավորվեն իրենց ընտանիքների հետ: Այս պահին Կարմիր խաչը աշխատանքներ է տանում, որ Թուրքիայի քեսաբցիներին տեղափոխի»,-ասաց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ Քեսաբ թափանցած ու այն դատարկած հրոսակներին օգնելու, հովանավորելու Թուրքիայի քայլերը ևս ցեղասպանության տարր են իրենց մեջ պարունակում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի իրական դեմքը: «Աշխարհի շատ ու շատ երկրներ կրկին համոզվեցին, որ Թուրքիան ժողովրդավարացման ճամփան դեռ չի բռնել, ինչպես ձևացնում է: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը և մեզ սատարող շատ ու շատ պետություններ Քեսաբի համար պետք է պայքարեն այնքան ժամանակ, մինչև քեսաբահայերը վերադառնան իրենց լքված տներն ու շենացնեն դրանք: Սա պետք է մեր նվազագույն նպատակներից լինի` շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշեց նախարարը` հավելելով, որ հայ ժողովուրդն աշխարհում այնքան հզոր է,
զարգացած, գրագետ, լուրջ, գիտի իր իրավունքները, որ երբեք չի լռելու և հասնելու է արդար դատաստանի:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: