«Երբևէ չենք հեռանա Հայաստանից».սիրիահայ երիտասարդ հայրենադարձ

Լուսանկարները մեր կյանքի անմոռանալի պահերի  ուղեկիցն են։ Այդ կարծիքին է նաև սիրիահայ երիտասարդ հայրենադարձ Ադուր Գույումճյանը, ում 15-օրյա այցը Հայաստան շրջադարձային է եղել իր և ընտանիքի համար. 15 օրը դարձել է 7 տարի։ Հաստատվելով Հայաստանում՝ երիտասարդ լուսանկարիչը հիմնել է սեփական լուսանկարչական ստուդիան՝ համատեղելով ուսումն ու աշխատանքը։

«Հայերն այսօր»-ի զրուցակից Ադուր Գույումճյանը բացի լուսանկարչությունից հետաքրքրված է նաև ծրագրավորմամբ։

 Ադու՛ր, ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ հայրենիք։
-Հայաստանում հաստատվելս շատ պատահական ստացվեց։ Մենք ապրել ենք Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այդ ժամանակ տասնմեկ տարեկան էի, սովորում էի դպրոցում՝ միաժամանակ զբաղվելով նաև լուսանարչությամբ։ 2012 թվականին ընտանիքով որոշեցինք  գալ Հայաստան՝ տասնհինգ օրով, որը յոթ տարի դարձավ։ Հաստատվելով հայրենիքում՝ շարունակեցի ուսումս։ Այժմ ցանկանում եմ ծրագրավորող դառնալ։

Ու՞մ գաղափարն էր Ransh photo studio ստեղծելը։ Ինչո՞վ է պայմանավորված վերոնշյալ անունը։

-Ստուդիան ստեղծելու գաղափարն  ինձ է պատկանում։ Այն սկսել է գործել 2018 թվականի փետրվարից։ Ստուդիայի անունը մեր ընտանիքի անդամների անունների առաջին տառերի հապավումն է։ Այս հարցում ինձ համար անչափ կարևոր էր ծնողներիս, ընկերներիս և հարազատներիս աջակցությունը։

Լուսանկարչությունը Ձեզ համար ուղղակի աշխատա՞նք է, թե՞ հոբբի։

-Լուսանկարչությունն ինձ համար առաջին հերթին հոբբի է։ Բոլորս էլ մեր կյանքում այնպիսի աննկարագրելի պահեր ենք ունենում, որոնք արժանահիշատակ են։ Լուսանկարները հենց այդ պահերի վկաներն են։ Լուսանկարիչը պարտավոր է սիրել բնությունը և որսալ նրանում թաքնված գեղեցկությունը։ Միայն աշխատանքդ սիրելով կարող ես դրանից պտուղներ քաղել։

Հե՞շտ էր, արդյոք, ներգրավվել հայաստանյան կյանքին։ Ի՞նչ են տվել Ձեզ հայրենիքում ապրած տարիները։

 -Եթե մարդն իր բնույթով հարմարվող է, հասարակության մեջ կարող է գտնել իր տեղը։ Իմ դեպքում ներգրավվելը, բարեբախտաբար, չափազանց հեշտ ստացվեց. այստեղ շատ ընկերներ ունեի։

Հայաստանում ապրելու տարիներին հասկացա՝ ինչ է հայրենիք ասվածը։
Այստեղ գտանք մեր իրական տունը և չենք պատրաստվում երբևէ հեռանալ Հայաստանից։

Հայրենադարձությունից հետո ի՞նչն եք սկսել ավելի շատ կարևորել։

-Հեռավորությունը ստիպում է հասկանալ, որ հարազատների հետ շփվելու համար շատ քիչ ժամանակ ենք հատկացնում։

Ես սկսեցի կարևորել այն թանկ վայրկյանները, երբ նրանց կողքին էի։ Իրենց հետ պետք է շատ ժամանակ անցկացնել՝ կիսվելով  ուրախ և տխուր պահերով։

Գայանե Թադևոսյան

Scroll Up