«Օտար հողի վրա դու միշտ օտար ես». Ավետիս Ափոշյան

Ավետիս Ափոշյանը հայրենիք է վերադարձել մշտապես հաստատվելու նպատակով: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի սիրիահայ ուսանողի ու արդեն նաև աշխատակցի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է հայապահպանության, հայկական սփյուռքին սպառնացող մարտահրավերների ու հայրենադարձության մասին:

-Ավետի´ս, ծնվել ու մեծացել ես Հալեպում: Ինչո՞վ էիր զբաղվում այնտեղ և ե՞րբ հասունացավ հայրենիքում մշտապես հաստատվելու միտքը:

 – Հալեպում սովորել եմ Հայկական բարեգործական ընդհանուր միության Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանում: Այնուհետ ուսումս շարունակել եմ Հալեպի պետական համալսարանի գրականության և հասարակագիտության բաժանմունքէն ներս: 4 տարի ուսանեցի այնտեղ, սակայն վերջին երկու տարիներին արդեն դժվարություններ կային, քանի որ սկսված պատերազմի պատճառով վիճակը գնալով թեժանում էր: Նույն համալսարանում դիմեցի նաև մագիստրոսական կրթության համար, ընդունվել էի, սակայն մնալն արդեն անհնար էր, և եկա Հայաստան:

Ճիշտ է՝ պատերազմի բերած վտանգը, խուճապը, վախն են շատերին բերում հայրենիք, գուցե եթե պատերազմը չլիներ, անմիջական պատճառ չհանդիսանար՝ սիրիահայերի այսքան մեծ հոսք դեպի Հայաստան չէր լինի, սակայն իմ դեպքը մի փոքր այլ է: Իմ մտքերում մանկությունից է եղել հայրենադարձվելու միտքը, միշտ վստահ էի, որ մի օր մշտական ապրելու կամ թեկուզ կրթություն ստանալու համար պիտի տեղափոխվեի Հայաստան: Հայրենի երկրի երազը իմ մտքերի, մտածումների մեջ անընդհատ եղել է, և ես ի վերջո հասա այդ երազին: Հեռավոր ապագայում, եթե Սփյուռքում լինի իմ կարիքը՝ որպես ուսուցիչ կամ հայագետ, ես պատրաստ եմ գնալու և ծառայելու: Դա, թերևս, կլինի միակ պատճառը, որի համար ես կհեռանամ հայրենիքիցս:

– Ինպե՞ս որոշեցիր կրթությունդ հենց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մագիստրոսական ծրագրում շարունակել:

– Հայաստան ժամանելուց հետո՝ ուսումնասիրեցի հայաստանյան զանազան բուհերի ծրագրերը: Ուզում էի հենց մագիստրոսական որակավորում ստանալ, քանի որ բակալավրի կրթություն արդեն իսկ ունեի, և իմաստ չուներ զրոյից սկսելը: Անգամ նախապատրաստական կուրսի կարիք չկար: ՀՀԻ  ցեղասպանագիտության մագիստրոսական ծրագիրն ինձ միանգամից հետաքրքրեց, քանի որ ցեղասպանության հետ կապված անմիջական պատմություն ունի նաև  իմ գերդաստանը. նախնիներս կիլիկյան Այնթափ քացաքից են եղել և 1915-ին ստիպված տեղափոխվել ու հաստատվել են Սիրիայում: Եվ երկրորդ պատճառը, որ ընտրեցի այս ծրագիրը, այն էր, որ այն ներառում է տարբեր առարկաներ՝ սկսած պատմագիտական-քաղաքագիտական դասընթացներից մինչև միջազգային հարաբերությունների ոլորտին հարող դասաժամեր: Սերտելով այս ամենը՝ ինձ հետագայում հենց այս ոլորտում էլ պատկերացնում եմ՝ հայագիտության մեջ:

-Ավետի՛ս, ՀՀԻ-ում նաև աշխատում ես: Այս կառույցում յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի, ո՞րն է քո առաքելությունը:

– Այո´, աշխատում եմ Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնում: Ինստիտուտի կայքի համար, իմ աշխատակազմի հետ համատեղ, գրքեր ենք թվայնացնում ու նյութեր տեղադրում կայքի տարբեր բաժիններում, ինչպես նաև  արևելահայերեն-արևմտահայերեն խմբագրումներ ու փոխարկումներ անում: Այսօր համացանացը մեծ զենք է, և փորձում ենք այդ զենքն ի նպաստ Հայկական սփյուռքի և Հայաստանի օգտագործել:

– Արդեն 2 տարի է՝ Հայաստանում ես: Որո՞նք են եղել մշակույթի, կրթական համակարգի և մտածելակերպի այն հիմնական տարբերությունները, որ նկատել ես Երևանում՝ համեմատելով այն Հալեպի հետ:

-Տարբերություններ պիտի լինեն: Դա բնական է: Ի վերջո անկախ ամեն ինչից սրանք տարբեր աշխարհագրական տարածքներ են, տարբեր քաղաքակրթությունների հետևորդներ: Հալեպից Երևան գալով՝ մշակութային շոկ չեմ ապրել, չնայած որ այստեղ ավելի ազատամիտ են, եվրոպական բարքերին ավելի մոտ կանգած: Հալեպում հայերը իրենց ընտանիքներում առավել քան ավանդապահ են: Իսկ կրթական համակարգում տարբերությունը հիմնականում այն է, որ Սիրիայում պետական լեզուն արաբերենն է, և հայոց լեզվի և գրականության դասաժամերը բավականին քիչ են: Կարիք կա այդ ժամերը ավելացնելու:

Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքներում լեզուն, կարելի է ասել, լավ պահպանվում է, հավատը՝ ևս, ինչը չեմ կարող ասել արևմտյան երկրների հայկական համայնքների մասին: Մի տեսակ պարադոքսալ է, քանի որ հակառակը պիտի լիներ: Եվրոպական կամ ամերիկյան մայրցամաքի երկրները ժողովրդավարության կենտրոններ են համարվում, այնտեղ պիտի յուրաքանչյուր փոքրամասնության կամ համայնքի իրավունքները՝ լեզվական, կրոնական, մշակութային, ավելի հարգվեին: Չի կարելի ասել, որ հայապահպան կառույցները վատ են աշխատում: Ո´չ, նրանք մեկ դարից ավելի փորձում են հայրենիքից հեռու հային հայ պահել: Ուղղակի պիտի ընտանիքներում էլ երեխաները հայեցի դաստիարակվեն, Սփյուռքի հայ երիտասարդությունը շահագրգռված լինի իր արմատները պահպանելու հարցում:

-Մեծանալով Սփյուռքում՝ որո՞նք են, ըստ քեզ, նրա առաջ ծառացած մարտահրավերները:

-Ինչպես նշեցինք՝ նախ լեզվի խնդիրը: Այսօր վիրտուալ հայագիտությունը նաև այդ ուղղությամբ է ակտիվ աշխատում: Բայց իմ անձնական օրինակով ասեմ, ես՝ որպես անհատ, ևս փորձում եմ օգտակար լինել: Սոցցանցերում միայն հայատառ եմ գրում ու հայերենով հաղորդակցվում: Իմ մյուս սփյուռքահայ ընկերներին դա ոգևորում է, և իրենք էլ են շահագրգռվում ինձ պատասխանելիս գրել հայատառ: Այսպես պիտի անի յուրաքանչյուր հայ: Լեզվի նահանջը ընդհանուր հայության խնդիրն է: Ես հաճախ եմ հետևում արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը ուղղված գիտաժողովներին: Այս նիւթին մասին հաճախ եմ մտածում, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում իմ ունեցած մտքերը գործի վերածել: Պետք է ընտրել երկու տարբերակների գրական բառապաշարները, արևմտահայերենը շատ զարգացած է եզրութաբանութեան առումով, իսկ արևելահայերենը ունի շատ կարևոր կազմություններ, որոնք պետք են լեզվի զարգացմանը: Իհարկե, պետք չէ բարդացնել լեզուն, քանի որ այն կենդանի երևույթ է, այն պիտի պարզեցման գնա՝ հավատարիմ մնալով իր հիմքերին:

– Ինչի՞ց սկսել այդ մերձեցումը:

-Տեսեք՝ արևելահայերենը Սփյուռքին հասանելի է հեռուստատեսության, համացանցի և այլ նորագույն տեղեկատվամիջոցների շնորհիվ: Սակայն հակառակը ասել չեմ կարող: Հայաստանում ապրող հայերը ծանոթ չեն արևմտահայերենին, հեռու են նրանից: Երբ այդ անջրպետը հաղթահարվի, մերձեցումը կսկսվի:

– Ասում են՝ Սփյուռքը միշտ համախմբվել է կուսակցությունների ու եկեղեցու շուրջ: Հիմա է՞լ է այդպես:

– Ես որևէ կուսակցության չեմ հարում, բայց չեմ կարող չնկատել, որ կուսակցությունները կապող օղակ են հանդիսանում տվյալ երկրի կառավարության և համայնքի կյանքի միջև, թեկուզ և օրենսդրական որոշակի հարցեր լուծելիս: Սփյուռքում՝ հիմնականում Մերձավոր Արևելքում, Դաշնակցության դերը մեծ է հայապահպանության և հայկական համայնքի իրավունքների պաշտպանության առումով:

Հայկական եկեղեցին ևս կապող օղակ է: Թեմական առաջնորդներն են հսկում հայկական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացումը, հետամուտ են լինում ազգային ճեմարանների զարգացմանը:

– Իսկ ինչպե՞ս են Սփյուռքում հաղթահարում համապատասխան ուսուցիչների պակասը:

– Ուսուցիչների պակաս իրոք կա: Սա նվիրական գործ է, շատ ջանք է պահանջում, սակայն լավ ուսուցիչներ էլ շատ կան, որոնք իրենց աշխատանքի նվիրյալներ են, հայրենասեր կերպարներ:

ՀՀԻ առաքելություններից մեկն էլ այն է, որ Սփյուռքի հայկական դպրոցների համար պատրաստի բարձր որակավորմամբ կադրեր: Հիմա այդպիսի ծրագիր իրականցվում է Լիբանանի հայկական համայնքի հետ համատեղ, և կան երիտասարդներ, որոնք այստեղ ուսանում են, ավարտելու պես պիտի վերադառնան Բեյրութ՝ լծվելու հայապահպանությանը:

Հայագիտությունն այդքան էլ պարզ առարկա չէ, եթե իրական հարթակում չուսումնասիրես: Իսկ հայագիտության իրական դաշտը Հայաստանն է:

– Ավետի´ս, դու նաև ցեղասպանագետ ես: Ինչպիսի՞ ուղիներ ես տեսնում Հայոց ցեղասպանության  համընդհանուր ճանաչման համար:

– Միայն ճանաչումը այդքան էլ բավարար չէ: Պետք է ճանաչումից անցնել փոխհատուցման: Վերջինս դժվար է մասնավորեցնել՝ այն կլինի տարածքային, թե՝ դրամական, որովհետև կան մի շարք քաղաքական ասպեկտներ՝ Քրդական հարց  և այլն: Սակայն այսօր էլ Թուրքիան իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն: Քեսաբի ցեղասպանական դեպքերը, սիրիական Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը, որտեղ պահպանվում էին ցեղասպանության զոհերից շատերի մասունքները,  դա են վկայում: Թուրքիան այսօր էլ շարունակում է վերացնել պատմական փաստերը:

– Եվ վերջում՝ ո՞րն է քո խորհուրդը բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու են բախտ որոնում:

– Օտար հողի վրա դու միշտ օտար ես: Այն հպարտությունը, երբ որևէ պաշտոնական նամակ կամ գրություն գրելիս դու հայերենով ես գրում կամ մակագրում, արդեն իսկ ամեն ինչ արժե: Հանուն հայրենիքի սիրո՝ անհրաժեշտ է որոշակի զիջումների գնալ: Հայրենի հողի վրա ապրելու հաճույքը անփոխարինելի է:

Հարցազրույցը՝ Ամալիա Կարապետյանի

Scroll Up