Աննա Աստվածատուրյան-Թերքոթի առաքելությունը մի անուն ունի՝ հայրենասիրություն
Շատ տարիներ են անցել Բաքվի ու Սումգայիթի հայկական ջարդերից, սակայն չեն սպիանում այդ նորօրյա եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցների վերքերը. նրանց մի մասը հանգրվանել է օտար ափերում, ինքնահաստատվել, կայացել՝ որպես հասուն մարդ ու մասնագետ: Նրանցից մեկը՝ առինքնող արտաքինով մեր հայրենակցուհի, ամերիկաբնակ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» գրքի հեղինակ Աննա Ասվածատուրյան-Թերքոթը, օրերս հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում, որն էլ առիթ դարձավ Աննայի հետ հարցազրույց ունենալու «Հայերն այսօր»-ի համար:
-Աննա, որտեղի՞ց եք ծնունդով:
-Ես ծնվել եմ Բաքվում, ավելի խորքից՝ արմատներս գալիս են Նախիջևանից, Կիրովաբադից, հետո՝ Գորիսի Խնձորեսկ գյուղից, ծնողներս ծնվել են Բաքվում:
-Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում և Ձեր նախնիների օրրան Խնձորեսկում:
-Հայաստանում հաճախ եմ լինում, այստեղ բարեկամներ էլ ունենք, սակայն գալուս նպատակը հիմնականում Արցախի թեմաներով հասարակական գործունեությունս է, իսկ Խնձորեսկում եղել եմ այս տարվա մայիսին. աննկարագրելի գեղեցիկ է Խնձորեսկը. ցավոք, ոչ մի բարեկամ այնտեղ այլևս չունենք:
-Աննա՛, ցավոտ հարց է, սակայն չեմ կարող շրջանցել ու չհարցնել, թե երբ և ինչպես եք ստիպված եղել դուրս գալ Բաքվից:
-Բաքվից մենք դուրս ենք եկել 1989-ի սեպտեմբերի 18-ին. դրանք սարսափելի տարիներ էին, այլևս անկարելի էր այնտեղ մնալ, գրեթե բոլոր հայերը դուրս էին գալիս: Մենք եկանք Երևան, ապրեցինք այստեղ երկուսուկես տարի: Մնում էինք Քանաքեռում, հաճախում էի թիվ 132 ռուսական դպրոց: Ես այդպես էլ չկարողացա լիարժեք հայերեն սովորել՝ չնայած գրել-կարդալ գիտեմ: Այնուհետև տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ուր ես սովորեցի, բարձրագույն կրթություն ստացա, կայացա՝ իբրև մասնագետ. իրավաբան եմ, աշխատում եմ՝ որպես բանկի փոխնախագահ, նաև զբաղված եմ հասարակական աշխատանքով՝ «Ամերիկացիներն Արցախի համար» հասարակական խորհրդի անդամ եմ: Ավարտել եմ Հյուսիսային Դաքոթա նահանգի համալսարանը՝ ստանալով անգլերեն լեզվի ու գրականության, փիլիսոփայության, կրոնի, ռուսաց լեզվի ու գրականության մասնագետի որակավորում, իսկ 2003-ին իրավագետի որակավորում եմ ստացել և դարձել ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը՝ Հաագայի միջազգային քրեական դատարանում: Արդեն 25 տարի է, ինչ Ամերիկայում ենք ապրում՝ Բոստոնին մոտ մի քաղաքում, սակայն իմ ծննդավայրի, իմ մանկության ապրած սարսափի տարիները չեմ մոռանում:
-Որքանով տեղեկացված եմ, Դուք գիրք եք գրել հե՛նց այդ օրերի հիշողությունների մասին…
– Այդ գիրքն իմ օրագիրն է. պատմությունը սկսվում է Սումգայիթից, այնտեղ ապրում էր իմ հորեղբայրը և շատ բան էր տեսել: Երբ Սումգայիթում հայերի հանդեպ այդ վայրագությունները, կոտորածները սկսվեցին, Բաքվում միանգամից ամեն ինչ մի տեսակ փոխվեց՝ մեզ հետ չէին խաղում ադրբեջանցի երեխաները, չէին շփվում հարևանները, ու ես մտածում էի՝ ինչու՞…հասկանալի չէր, թե այդ ո՞ր հարևանը կզանգահարեր, մատնացույց կաներ մեզ, կասեր, որ այդտեղ հայեր են ապրում, և որ հարևանը մեզ կթաքցներ, կփրկեր: Կային նաև խիղճ ունեցող այլազգիներ. երբ եկել էին մեր բակ՝ հայեր փնտրելու, հարևաններից մեկը, գրեթե ծնկաչոք, երդվել էր՝ ասելով, որ այդտեղ հայեր չեն բնակվում, և այդպիսով նա փրկեց մեզ…Հիմա գրքի մասին. ես 15 տարեկան էի ու գիրք էի գրում (տաս տարեկանից օրագիր էի պահում), երբ Ամերիկա տեղափոխվեցինք, ես գրեցի այն անգլերենով՝ իմ ապագա երեխաների համար. մտածում էի, որ հանկարծ իմ երեխաները չմոռանան այդ մասին: Ինձ համար շատ կարևոր էր պատմել իմ զավակներին և աշխարհին, թե ինչպես վարվեցին Ադրբեջանում հայերի հետ, թե հայերն ինչպիսի ճակատագրի արժանացան Բաքվում. մի քաղաք, որտեղ հայերն այնքա՜ն մեծ ներդրում ունեն, որտեղ տարբեր ոլորտներում փայլել են շատ մեծանուն հայեր: Ես գիրքը գրեցի ու սկզբում հրատարակեցի անգլերեն լեզվով, որպեսզի աշխարհում շատերը կարդան և իմանան, թե ինչ է կատարվել Բաքվում ու Սումգայիթում, որպեսզի այն, ինչ այսօր անում են Արցախի հետ՝ շարունակ խաթարելով խաղաղությունը, չկրկնվի հանկարծ Բաքվի ու Սումգայիթի հայատյաց վայրագությունների, ոճրագործությունների, ջարդերի նման: Հաջորդ հրատարակությունը ռուսերենով է, ցանկություն ու մտադրություն ունեմ հրատարակելու նաև թուրքերենով:
-Ինչ-որ դրվագներ հետագայում ավելացրե՞լ եք գրքում:
-Այո՛, ավելացումներ եմ արել. դրանք հիմնականում նկարագրություններն են օրինակ՝ իմ տատիկի, պապիկի, ընկերներիս. նկարագրել եմ, թե ինչպիսին է Արցախը, նկարագրել եմ մեր տունը, մենք նույն շենքում երկու բնակարան ունեինք, մի գեղեցիկ այգի…ամեն ինչ թողեցինք, ամեն ինչ մնաց նրանց:
-Աննա,՛ Ձեր երեխաները, Ձեր ամուսինը խոսու՞մ են հայերենով:
-Ամուսինս ազգությամբ հայ չէ. իմ երեխաները հրաշալի գիտեն Հայոց պատմությունը, գիտեն Հայաստանի մասին, գիտեն Բաքվի հայերի, Արևմտյան Հայաստանի պատմությունը, Հայոց ցեղասպանության մասին գիտեն, նրանք շատ լավ հասկանում են, թե իրենց մայրն ինչ գործով է զբաղված, ինչի մասին է գրել:
-Ներեցե՛ք, չէի ցանկանա իմ հարցադրումով ցավ պատճառել Ձեզ՝ հիշեցնելով անցյալը, սակայն կխնդրեմ Բաքվի հայկական ջարդերի օրերից շատ կարևոր մի նկատառում ներկայացնել, որը տարիների հեռվից, երբ արդեն հասուն մարդ ու մասնագետ եք դարձել, վերաիմաստավորվել է Ձեզ համար:
-Լրանում է սումգայիթյան հայկական ջարդերի 30-րդ տարելիցը. Սումգայիթի օրերին ես 10 տարեկան էի, դեպքերն ինձանից շատ հեռու էին ընթանում, և այդ ալիքը հասավ նաև մեզ…Մինչ այդ եղած հարևանական, ծանոթության նորմալ հարաբերությունները միանգամից փլվեցին, ավերակ դարձան…Անկեղծ ասած՝ հայերի հանդեպ Բաքվում միշտ էլ եղել է թաքնված, զսպված ատելություն, չարություն, մենք երկրորդ տեսակի մարդ էինք համարվում: Ղարաբաղյան շարժումն առիթ դարձավ, որ հրաբուխի նման ժայթքի ատելությունը հայերի հանդեպ, որ թշնամանքը բացահայտ դրսևորվի՝ սարսափելի ոճրագործության ձևով: Ինձ համար շատ կարևոր է, որ Սումգայիթի մասին երբեք չմոռանանք: Թեև ես ապրել ու ապրում եմ իմ ծննդավայրից, իմ Հայրենիքից հեռու, սակայն կարևորն այն է, որ մենք, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, աջակցենք Հայաստանին, մեր Արցախ աշխարհին: …Երբ թոշակի տարիքի հասնեմ ու չաշխատեմ, ծրագրել եմ տարվա կեսն ապրել Ամերիկայում, կեսը՝ Հայաստանում:
-Աննա՛, Ձեր առաջին գիրքը տխուր հիշողություններով լի պատմություն է, իսկ ինչի՞ մասին է լինելու երկրորդ գիրքը:
-Երկրորդ գիրքս հիշողությունների մասին չէ, ես այնտեղ նկարագրում եմ այդ հակամարտության ազդեցությունը հասարակ մարդկանց վրա և ոչ միայն հայերի, այլև՝ բոլոր այն ազգությունների, ովքեր ապրում էին մեր կողքին:
Ես ուզում եմ, որ ոչ մի հայ երբեք չմոռանա 1915-ի Հայոց եղեռնը, Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերը, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն. եթե մենք մոռանանք մեր անցյալը, ապա օտարներն ընդհանրապես չեն հիշի, դա մե՛ր վերքն է, մե՛ր ցավը: Մենք չենք ուզում լաց լինել, մենք պարզապես հարգա՛նք ենք ուզում Հայոց պատմության հանդեպ:
-Շնորհակալությու՛ն հետաքրքիր հարցազրույցի համար, սիրելի՛ հայրենակցուհի. թո՛ղ Ձեր ծննդավայրի, Սումգայիթի, Ձեր մանկության տխուր հիշողությունների ամբողջացումը պարունակող գրքերը թարգմանվեն տարբեր լեզուներով ու սփռվեն ողջ աշխարհով, որպեսզի Երկիր մոլորակի առաջադեմ մարդկությունը միշտ զգոն լինի և թույլ չտա այլևս նման ոճրագործություններ, որ ուրիշ ազգերի իրավունքների ու տարածքային ամբողջականության հանդեպ երբեք ոչ ոք չփորձի ոտնձգություններ անել:
…Աննան համեստորեն չպատմեց այն մասին, որ ինքը 2015-ին Մեն շրջանի Վուեսթբուրգ քաղաքի խորհրդի անդամ է ընտրվել՝ ստանալով ընդհանուր քվեների 64 տոկոսը, որ ինքը 2013-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով, Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, որ 2014-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից ստացել է Վահան Քարդաշյանի անվան մրցանակ: Աննա Աստվածատուրյանը կարևոր դերակատարում է ունեցել Մեն նահանգի կողմից 2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցում: Մեր հայրենակցուհին շատ ակտիվորեն շարունակում է միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի հիմնահարցի կարգավորման մասին. ահա՛ Աննա Աստվածատուրյանի առաքելությունը, որը մի անուն ունի՝ հայրենասիրություն:
Կարինե Ավագյան