«Եկել եմ արև տանելու և լիցքավորվելու իմ հայրենի ամենազոր հողից». Աննա Մաճկալյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում  օրերս հյուրընկալվել էր մեր հայրենակցուհի, ֆրանսաբնակ Աննա Մաճկալյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի  թղթակիցը:

–    Աննա՛,   բարի գալուստ  Հայրենիք՝ տուն. ինչպե՞ս   և ե՞րբ հայտնվեցիք ֆրանսիայում:

-Շնորհակալությու՛ն. ես ֆրանսիա եմ գնացել 10 տարի առաջ և բնակություն հաստատել  Փարիզում, ամուսնացել եմ  մասնագիտությամբ   ռեժիսոր, դերասան ֆրանսիացու  հետ,  ունենք մեկ դուստր:  Ինքս մասնագիտությամբ դերասանուհի  եմ,  ավարտել եմ Երևանի  ջազային արվեստի քոլեջը, այնուհետև՝ Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանաուհու մասնագիտացմամբ: Երբ տեսա, որ Հայաստանում դերասանը չի կարող կարիերա ստեղծել, առաջ գնալ, սկսեցի  ինքս հանդես գալ նախաձեռնություններով, զբաղվել կազմակերպչական աշխատանքներով

-Ձեր մասնագիտությամբ երբևէ աշխատե՞լ եք:

-Ուսումնառության պրակտիկայի ընթացքում աշխատել եմ Երգի  պետական թատրոնում, որից հետո՝ մի կարճ ժամանակահատված ջրաշխարհում՝ որպես դերասանուհի և երգչուհի, մասնակցել եմ շոուների: Հայբուսակ ինստիտուտում եմ աշխատել՝ դասավանդելով խոսքի կուլտուրա, մայրաքաղաքի թիվ 115 դպրոցում դասավանդել եմ մշակույթի պատմություն և ուսուցանել եմ վարվեցողություն, գեղագիտություն: Հետագայում Ֆրանսիայում ամուսնուս հետ միասին «Միշել Գալաբրու» թատրոնում  եմ աշխատել, ուր  ամուսինս տնօրենն էր, ես՝ օգնականը: Մենք գործընկերներ ենք եղել: Ես էությամբ շատ ակտիվ, նախաձեռնող մարդ եմ ,  երբեք չեմ սիրել նստել ու սպասել:  Թատրոն մտնելու  մեր նպատակն է եղել հայ- ֆրանսիական մշակույթին զարկ տալը:

Հայաստանում  սեփական ին՞չ նախաձեռնություններով եք հանդես եկել և ի՞նչ հաջողությունների եք հասել:

-Շատ միջոցառումներ եմ կազմակերպել՝ «Միսս Արագածոտն», «Միսս Արմավիր». աղջիկների հետ պարապել եմ  պլաստիկա, նաև կատարել եմ  պրոդյուսերական աշխատանք:  Այդ տքնաջան աշխատանքի արդյունքում աղջիկները դուրս եկան 1-ին փուլ, հաջողություններ գրանցեցին:  Եղել եմ նաև ԱՄՆ-ում կազմակերպված Միջազգային արվեստների մրցույթի  ներկայացուցիչը, որի կազմակերպչական  ամբողջ աշխատանքը ինքս եմ արել: Ես էլ, որպես երգչուհի, պետք է մասնակցեի, սակայն չստացվեց, հաջորդ տարի ևս կազմակերպեցի, մասնակցեց երգիչ Անդրեն և Հայաստան վերադարձավ հաղթանակով:

-Աննա՛,  Ֆրանսիայում հայապահպան ի՞նչ գործունեություն եք ծավալել,  ինչո՞վ եք զբաղվում Իսի լե Մուլինո քաղաքում:

-Նույն ակտիվությամբ էլ այնտեղ եմ  աշխատում. կապված եմ հայկական համայնքին: Իմ գերնպատակն է այնտեղ ստեղծել թատրոն, ուր ներգրավված հայորդիները կարողանան արևելեհայերենով ներկայացումներ խաղալ, սակայն մեծ մասը արևմտահայերեն կամ ֆրանսերեն  գիտեն, ուստի, առաջին հերթին, ես որոշեցի նրանց սովորեցնել արևելահայերեն: Հայկական եկեղեցին  ինձ մի փոքրիկ տարածք, սրահ է տրամադրել, որտեղ էլ ես անց եմ կացնում իմ դասերը:   Հիմնականում մենք երեք հոգանոց թիմ ենք, ինձ շատ է օգնում Հայաստանից եկած դերասանուհի Արմինե Գաբրիելյանը: Իմ միջոցներով աշակերտներիս համար շատ գրքեր, դասագրքեր եմ տարել Հայաստանից, ներկայացումների հագուստների հարցն եմ լուծում: Շատ նվիրյալ մասնագետներ են հավաքվել իմ շուրջ, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ  օգտակար լինել:  Շատ շնորհակալ եմ այդ եկեղեցուն՝  ինձ  տարածք տրամադրելու համար, սակայն այդ փոքրիկ սրահը նեղ է մեր դասերի, ներկայացումների համար, դեռևս դասագրքերի կարիք ունենք. այդ հարցով  արդեն դիմել եմ ՀՀ սփյուռքի նախարարության  համապատասխան վարչությանը,  վստահ եմ, որ կաջակցեն:

-Կարո՞ղ  եք   հիշարժան որևէ միջոցառման ներկայացման մասին պատմել:

-Իմ առաջարկով հայ երեխաների համար Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպեցի Ամանորին նվիրված միջոցառում, այնուհետև դեսպանատան կողմից առաջարկ եղավ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջադրած մշակութային ծրագրին,  որի ընթացքում  9 –ը երկրներ պետք է  հեքիաթի ձևով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում ներկայացնեին  իրենց մշակույթը.  ես   բեմադրեցի Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը», ուր  ինքս  խաղացի կնոջ դերը, Ռոմեո Մուրադյանը խաղաց  ամուսնու դերը,  իսկ Արթուր Խաչոյանը՝ բարեկենդանի: Պետք է ասեմ, որ  այդ ներկայացումը պատրաստելու համար մենք շատ ջանք ու եռանդ ենք ներդրել. հավաքվել ենք մեր փոքրիկ բնակարանում,  օրերով պարապել, փորձեր ենք արել նաև թատրոնում. տղաները աշխատանքից հոգնած, երկար ճանապարհ կտրելով՝  անտրտունջ, պատրաստակամ  գալիս էին  այդ փորձերին:

 Այդ միջոցառումը և մեր  փոքրիկ մշակույթի դպրոցի գործունեությունը   լուսաբանվեց   Հ1-ի  լուրերի թողարկման ընթացքում և մեր ներկայացումից  հատված ցուցադրվեց: Վրացահայ երիտասարդ մի թատերախմբի  հետ համատեղ ուժերով կազմակերպեցինք  Պիեր Շենոյի  «Դուք ողջ  լինեք» ներկայացումը. դերասանները  տեսակապով աշխատում էին  Թիֆլիսում իրենց ռեժիսորի հետ:  Արցախյան քառօրյա պատերազմի  հետ կապված՝ նախաձեռնեցի և  Փարիզի  Սուրբ  Հովհաննես, Իսի լե Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածամայր եկեղեցիների օգնությամբ բարեգործական համերգ կազմակերպեցինք, որի ամբողջ հասույթը տրամադրեցինք այդ պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին, Արցախին: Հրավիրված երգիչներ Սամվել Գալստյանի, Ռուբեն Ավագյանի, Լիլիթ Եղիազարյանի միջոցով հանգանակված գումարը հասավ անմիջապես հասցեատերերին:

-Ձեր երազանքներն ու նպատակները…

-Երազանքս է հայությանը միասնական տեսնելը, երեխաներին հայեցի դաստիարակություն տալը և  Սփյուռքում  հայ  մշակութային   կյանքը պատշաճ մակարդակի հասցնելը :

 Դժվար,  բայց  ցանկալի երազանք է, որի իրագործումը ես շատ կարևոր եմ համարում. դա հայապահպանության   խթաններից մեկն է օտարության մեջ: Առայժմ իրականություն է Իսի լե Մուլինոյում իմ ստեղծած արվեստների կիրակնօրյա դպրոցը,  ուր դասավանդվում են հայոց լեզու, մշակույթ, պատմություն, թատրոն… Հաջողություններ ունենք, որոնք, հուսանք , շարունակական ընթացք կունենան:  Ես աստիճանաբար հասա այդ հաջողություններին. ինձ համար սկզբունք է դարձել  հայապահպան գործունեությանը նպաստող ամեն մի աշխատանք ձեռնարկելը: Շաբաթը երկու ժամով տարիքային տարբեր խմբերի երեխաների հետ պարապում ենք հայոց լեզու, սովորեցնում  գրել , կարդալ մայրենի լեզվով, որպեսզի կարողանան ներկայացումներում  խոսել արևելեհայերենով. դերեր խաղալիս ևս լեզուն բացվում է, մի տեսակ արդեն վարժվում են  հայերենով խոսելուն: Թերևս ամենամեծ երազանքս իմ Հայրենիքը հզոր և խաղաղության մեջ տեսնելն է:

-Աննա՛, այսօր Դուք  Սփյուռքի նախարարությունում  եք, ծանո՞թ եք նախարարության ռազմավարությանն ու գործուներությանը:

-Այո՛, ծանոթ եմ և ողջունելի եմ համարում  բոլոր ծրագրերն անխտիր:

-Ի՞նչ  լեզվով է խոսում  Ձեր՝  ֆրանսիացի հոր և հայուհի մոր 7-ամյա դուստրը:

-Երբ նրան հարցնում  են, թե ինքն ինչ ազգության է պատկանում, նա պատասխանում է՝  ֆրանսիացի և հայ, աղջիկս  տիրապետում է երկու լեզուներին:  Գրեթե ամեն տարի ամառային ամիսներին գալիս ենք Հայաստան, որպեսզի նա շփվի իր հասակակից հայ երեխաների հետ, խոսի հայերենով, ապրի հայկական միջավայրում:

-Ի՞նչ մտահոգություն ունեք՝  կապված Ձեր աղջկա ապագայի հետ:

-Ես ցանկանում եմ, որ իմ երեխայի ապագան լինի Հայրենիքում, իսկ Հայրենիքն էլ ունենա իր լավ ապագան: Ես  ափսոսում եմ մեր տաղանդավոր շատ  դերասաններին,  երգիչներին ու երաժիշտներին, ովքեր, լինելով  շատ հաճախ տաղանդավոր, այդպես էլ  միջազգային ասպարեզ դուրս չեն գալիս:

Ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում,  ի՞նչ եք տանելու Հայրենիքից:

-Եկել եմ արև տանելու և լիցքավորվելու իմ հայրենի հողից:

Զրուցեց Կարինե Ավագյանը

13936808_1253503344673572_1628986418_n 13936711_1253502984673608_2092626973_n 13931601_1253503511340222_1550310959_o 13179422_1191796050844302_8152379700966680237_n 13174044_1191795800844327_4817106816350603170_n 13124593_1191795784177662_3235647397554999154_n 12342692_1092713694085872_9157599375473262369_n 12310695_1092716944085547_5433617652020413114_n 12310660_1092715984085643_1503412468475024828_n 12310557_1092716057418969_6136453679838932536_n 12011218_1054121211278454_5976976295000245854_n 11205534_970108189679757_528197128383052525_n 11102638_970108373013072_4644709513328477370_n 1932296_970106989679877_7433403822895322417_n 1908181_970106509679925_3503930704025692407_n 1526973_711182365572342_1711538407_n 1526923_711182448905667_426026573_n 1526910_711182558905656_68608323_n 1520772_711182905572288_1136140555_n

Scroll Up