«Հայաստանն այն ադամանդն է, որ ես ժառանգել եմ իմ մեծ մորից, իմ պապերից». Անուշ Նագաշյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Hyurer-Anush-Nagashyan.jpg)
Երևանյան աննախադեպ շոգ հունիսն է. Հանրապետության հրապարակին հարակից այգու բացօթյա սրճարանում զրուցում եմ երիտասարդ տաղանդավոր երգչի հետ ու հանկարծ, հենց այն պահին, երբ Հայկ Մխոյանը պատմում է Բուլղարիայում տեղի ունեցած «Բալկան ֆոլք» մրցույթին իր ներկայացրած Կոմիտասի երգի կատարման արձագանքները, շատ մոտիկից «Կիլիկիա» երգն է լսվում, երգողի ձայնն էլ այնքա՜ն հարազատ է… Ձայնակցողներ էլ կան: Շրջվում եմ և տեսնում կողքի սեղանի մոտ նստած սփյուռքահայ բանաստեղծուհի, մանկավարժ, ասմունքող Անուշ Նագաշյանին՝ շրջապատված արտաքին հագուկապից դատելով՝ օտարերկրացիներով: Միանում ենք այդ խմբին և ծանոթանում Անուշի մայրիկի նախկին աշակերտների հետ. շիկավարս, կապտականաչ աչքերով դարակազմիկ հայերի ժառանգներ են:
– Անո՛ւշ, սկսենք Ձեզնից, քանի որ Հերմանն ու Անդրանիկը Ձեր ընկերներն են:
– Հերմանն ու Անդրանիկը Պոլսից եկել էին սովորելու Երևուսաղեմում, ուր բացվել էր «Տատուրյան» գիշերօթիկ դպրոցը, որի նպատակն էր Թուրքիայից հայ երեխաների բերել ու հայերեն սովորեցնել: Այդ դպրոցի տնօրենը մայրս էր: Այդտեղից է գալիս մեր մտերմությունը, մենք քույր ու եղբոր պես ենք: Հիմա նրանք եկել են Հայաստան՝ վայելելու գեղեցիկ ամառը, այցելելու տեսարժան վայրեր և մասնակցելու մեր «Տատուրյան» դպրոցի ընկերներից մեկի տղայի հարսանիքին: Պատկերացրեք, որ 43-44 տարի առաջ ենք իրար տեսել, և այսօր երջանկություն ունեցանք հանդիպելու Հայրենիքում: Ես միշտ հետաքրքրված էի տղաներով, մայրս պահել էր նրանց լուսանկարները, անընդհատ նայում էինք: Մի օր էլ երեսգրքի (ֆեյսբուքի) միջոցով գտա նրանց: Միշտ մտածում էի Երուսաղեմում հավաք կամզակերպել: Աստված երկար կյանք տա մորս. մեծանում է և միշտ ապրում իր աշակերտներին հանդիպելու ակնկալիքով: Հիմա Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գրքի վրա եմ աշխատում, չհասցրեցի տարելիցի օրերին, սակայն կվերջացնեմ և այնուհետև պատրաստվում եմ գիրք գրել «Տատուրյան» դպրոցի սաների մասին. դա շատ կարևոր է, որովհետև տղաները, ովքեր թուրքերեն ու քրդերեն էին խոսում և ոչինչ չգիտեին իրենց ինքնության մասին, հայերեն խոսել սովորեցին, հայ ընտանիքներ կազմեցին, այսօր եկեղեցիներին, հայկական մշակույթին են ծառայում, և այդ ամբողջը, անշուշտ, Երուսաղեմի «Տատուրյան»-ով եղավ:
– Հերման Էրոյան, Շվեյցարիա – Իմ արմատները Բիթլիսից են՝ Սարոյանի ծննդավայրից: Մինչև 1972-ը ապրել եմ Պոլսում, հետո՝ Երուսաղեմում: Երկրորդ անգամ եմ Հայաստանում՝ սիրուն է, բարձր ու սքանչելի: Ղարաբաղ եմ գնացել, ես անչափ հիացած եմ այդ աշխարհի գողտրիկ բնությամբ: Շատ եմ սիրում Սևանա լիճն ու լճի շրջակայքը: Մեկ զավակ ունեմ, ցավոք, հայախոս չէ, որովհետև կինս հայուհի չէ: Իմ հայերենի համար պարտական եմ արմատներիս, հայոց լեզվի հանդեպ ունեցած սիրուս և Երուսաղեմի «Տատուրյան» դպրոցին: Երուսաղեմում մենք սովորեցինք թե՛ մեր պատմությունը, թե՛ գրականությունը, թե՛ կրոնը, թե՛ հայկական երգերը:
– Անդրանիկ Թորոսյան – Ես շուրջ 32 տարի ապրում եմ Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: Ծնողներս Ստամբուլից են: Ցեղասպանության զոհեր են դարձել նաև ծնողներիս հարազատները. հայրս շատ է պատմել այդ մասին: Ավա՜ղ, ծնողներս մահացել են: Հիմնական կրթությունս ստացել եմ Ստամբուլում, որից հետո սովորել եմ Երուսաղեմում, այնուհետև՝ Գերմանիայում: Ես նույնպես երկրորդ անգամ եմ Հայաստանում: Շատ եմ հավանում Երևանը, հատկապես՝ Հանրապետության հրապարակը: Շատ աղվոր է Երևանի ջուրը: Ընտանիքս հայախոս է, կինս Ստամբուլի հայուհի է, երկու զավակ ունեմ, ովքեր նույնպես հայախոս են: Հիմա եկել ենք Հայաստան՝ մասնակցելու հայկական հարսանիքի: Ուրախ առիթ է, նաև առիթ է՝ լինելու շատ հայկական միջավայրում: Անուշն է մեզ բոլորիս միավորողը: Պոլսում մենք հայկական դպրոց էինք հաճախում, տանը խոսում էինք հայերեն, սակայն հայոց պատմությունն ու գրականությունը արգելված էր դպրոցում: Մենք պատմություն և գրականություն սովորեցինք Երուսաղեմում:
– Եղեռնի 100-րդ տարելիցը ասես ցնցեց ողջ աշխարհը. կարծես հայաճանաչության տարի դարձավ: Ձեր կարծիքով կգա՞ արդյոք հատուցման օրը, արդյոք հայը մի օր ոտք կդնի՞ իր Պատմական Հայրենիքի հողին:
– Անուշ Նագաշյան – Երբ այսօր թուրքը մերժում է, ժխտում է Հայոց ցեղասպանությոնը, դա նշանակում է, որ ինքն ընդունում է, որովհետև մարդ մերժում է այն բանը, որն ընդունել է, ոչ թե այն, ինչ գոյություն չունի:
– Հերման Էրոյան – Ես հավատում եմ, որ Պատմական Հայրենիքը դարձյալ մերը կլինի. հույսը միշտ վերջում է կորսվում: Ինձ համար ավելի կարևոր է, որ մենք այսօրվա Հայաստանը զորացնենք, ուժեղացնենք, որպեսզի այն դառնա ծաղկուն ու երջանիկ երկիր: Դրանից հետո միայն մեր երկիրը կմեծանա ու կհզորանա, և կհասնենք բաղձալի նպատակներին:
– Անդրանիկ Թորոսյան – Կուզեմ հավատալ ու տեսնել այդ օրը. դյուրին չէ, բայց սրտով կուզեմ, սրտով կհավատամ:
– Ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:
– Անուշ Նագաշյան – Հայրենիքն իմ էությունն է, ես չեմ կարող անհայրենիք մարդ պատկերացնել: Հայրենիքն իմ պապերիս կառուցածն է, իմ պապերից ժառանգածն է, և այն է Հայրենիքը, որը ես պիտի թողնեմ իմ ժառանգներին: Ամեն մարդ կարող է տասնյակ զարդեր ունենալ, բայց յուրաքանչյուրը մի ադամանդ պիտի ունենա՝ իր մեծ մորից ժառանգած: Հայաստանն այն ադամանդն է, որ ես ժառանգել եմ իմ մեծ մորից, իմ պապերից:
– Անդրանիկ Թորոսյան – Հայրենիքն ինձ համար ամեն ինչ է. լիարժեքություն է, ապահովություն է, խենթանալու բան է: Պետք է, որ օր մը հաստատվենք Հայաստանում:
– Հերման Էրոյան – Հայրենիքն ինձ համար այն ուժն է, որով օտար երկրներում կարողանում ենք գոյատևել, Հայրենիքն ինձ համար Վանն է, Բիթլիսն է, Մուշն է…
– Սիրելի՛ հայեր, ձեզ հանդիպեցի երգելիս, ուրեմն վերջին հարցս էլ երգի մասին է. ո՞րն է ձեր սիրելի հայկական երգը:
– Անուշ Նագաշյան – Շատ եմ սիրում «Լեռներ հայրենի»-ն, որը Հովհաննես Բադալյանն էր կատարում:
– Անդրանիկ Թորոսյան – Հայկական բոլոր երգերն էլ սիրում եմ, բայց «Էրեբունի-Երևան»-ն ուրիշ է ինձ համար:
– Հերման Էրոյան – Ես շատ եմ սիրում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որը երգ է դարձել:
– Եվ այսպես, երգելով էլ, իմ սփյուռքահայ, կարոտաբաղձ հայրենակիցների հետ ավարտվեց մեր զրույցը:
Կարինե Ավագյան