«Կանք, պիտի լինենք…» համերգային ծրագիրը պիտի ներկայացվի աշխարհի տարբեր երկրների մեծ համերգասրահներում

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը 2013 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում ներկայացրեց «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը կրող համերգային ծրագիրը, ուր ելույթ ունեցավ հայ ժողովրդի վերջին հարյուր տարիների պատմությունը ներկայացնող երգերի շարքով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ` համերգային այս ծրագիրը Նունե Եսայանը ներկայացնելու է աշխարհի տարբեր երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա և այլն) մեծ համերգասրահներում:

«Հայերն այսօրը» այդ մասին զրուցել է երգչուհի Նունե Եսայանի հետ:

– Ինչպե՞ս կբնութագրեք «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը կրող Ձեր համերգը: Այն ինչո՞վ է տարբերվելու Ձեր մյուս մենահամերգներից:

– Այս համերգն իմ սովորական համերգներից չէ, որ 20 տարի ներկայացնում եմ տարբեր երկրներում: Այստեղ հնչում են բոլորովին ուրիշ երգեր: Ծրագրում կան երգեր, որոնք ես նախկինում չեմ երգել կամ ձայնագրել: Մենք որոշեցինք, որ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը կրող համերգային ծրագիրը սկսվի Ցեղասպանությունից առաջ գրված երգերով, հետո ներկայացվեն Ցեղասպանության ժամանակ գրված երգեր, ոտքի կանգնելու երգեր, խաղաղ ժամանակների` 60-70-ական թվականների և Արցախյան հաղթանակի մասին երգեր: Այսինքն, երգեր, որոնք ներկայացնում են 100 տարվա մեր ճանապարհը և ասում` ճիշտ է` մենք Ցեղասպանություն տեսանք, բայց ոտքի կանգնեցինք (հայը միշտ էլ ոտքի է կանգնում), հաղթանակներ ենք ունեցել և դեռ ունենալու ենք: Եվ խորագիրն էլ դա է վկայում` «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

– Համերգն ո՞ւմ մտահղացումն է:

– Իմ տաղանդավոր ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը, ով նաև կազմակերպիչն է: Ցանկացանք համերգը մեկ տարի առաջ ներկայացնել Հայաստանում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին` պատրաստ լինենք Սփյուռքում ներկայացնելու համար:

– Հիմա նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվում, համերգի մեկնարկը ե՞րբ պետք է տրվի:

– Քանի որ համերգն արդեն Երևանում կայացել է, մենք ամեն ինչով պատրաստ ենք, տեսանյութը` նույնպես: Ասեմ, որ համերգի յուրաքանչյուր հատվածը սկսվում է մեր պոետներից մեկի բանաստեղծությամբ և հնչում նրա իսկ ձայնով` Սևակ, Շիրազ, Սահյան, ինչը շատ ազդեցիկ է:

Հայաստանում համերգը կայացավ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, բայց համայնքներում, եթե կան նվագախմբեր, պարի խմբեր կամ երգչախմբեր, որոնք կարող են միանալ մեզ` ավելի լավ կլինի, մենք մեզ հետ խումբ չենք տանի: Ես ուզում եմ, որ գաղութը համերգին մասնակից լինի նաև իր ուժերով:

Թե երբ կտրվի համերգների մեկնարկը, դեռ հայտնի չէ: Հիմա Սփյուռքի նախարարության հետ այդ հարցն ենք քննարկում և նրանք ենք շրջագայությունների ողջ ճանապարհը գծում: Ես կցանկանայի, որ մեկնարկը տրվեր Ամերիկայից` Լոս Անջելես, Նյու Յորք, հետո երվրոպական, ռուսաստանյան քաղաքներ, Միջին Արևելք, ուր որ հնարավոր է: Կցանկանայի, որ հնարավորինս շատ քաղաքներ ընդգրծված լինեն:

– Ձեր կարծիքով նման համերգն ի՞նչ արձագանք կունենա Սփյուռքում:

– Պետք է, որ շատ լավ ազդեցություն ունենա, ես միշտ Սփյուռքում ինձ լավ եմ զգացել, ինձ սիրել են, հարգել, պատվել, դա ուրիշ խնդիր է: Հավանաբար Սիրիայում ապրածս տարիներն իրենց ազդեցությունն ունեցել են, ես այնքան լավ եմ իրենց հասկանում, որովհետև իրենց կենցաղին եմ առնչվել: Պատկերացրեք, երկու տարի ապրել իրենց հետ: Այդ պատճառով նրանք ինձ համար հարազատի պես են: Ես Սփյուռքում ինձ միշտ տանն եմ զգացել, նաև լեզվի առումով:

– Սիրիահայությունն այսօր դարձյալ «ցեղասպանության» ապրումների մեջ է: Այս համերգի ընթացքում սիրիահայերին անդրադարձ լինելո՞ւ է: 

– Մենք ուզում ենք այդ ամենն այնպես կապակցել, որ համերգից առաջ և հետո լինեն հանդիպումներ, խոսենք այն մասին, որ սա երկրորդ Ցեղասպանությունն է: Այս բարեգործական համերգներից գոյացած գումարը կարող է տրվել տվյալ համայնքի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբին, մի մասն էլ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Այսինքն, Սփյուռքի նախարարությունն ինքը կտնօրինի և կորոշի, թե ինչ է ուզում անել:

Ասեմ նաև, որ ունեմ բարեգործական հասարակական կազմակերպություն և շատ շուտով բացվելու է ուսումնական կենտրոն, որտեղ կկազմակերպվի երեխաների դասապատրաստում, նրանք տարբեր խմբակներ կայցելեն: Ուզում եմ անպայման ներգրավվել սիրիահայ երեխաների, որոնց համար դասավանդումը կիրականացվի արևմտահայերեն:

– Փաստորեն, համերգը Ցեղասպանության ճանաչումը պահանջելուց բացի ունի նաև բարեգործական նպատակներ:

– Համերգը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված կոչ է և ցույց է տալու մեր ուժեղ լինելը: Իսկ համերգից կայացած հասույթը նույնպես նպատակային է` նվիրվելու Ցեղասպանությանն ու սիրիահայերին:

_AV31678_AV31685

Scroll Up