«Կուսակցության ներսում հաճախ կանայք տղամարդկանցից ավելի ակտիվ են լինում». ՌԱԿ անդամ Ջեննի Գրիգորյան- Բարսեղյան
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության նորընտիր անդամները: Նրանցից՝ Ջեննի Գրիգորյան-Բարսեղյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Տիկի՛ն Ջենի, ՌԱԿ-ի նորընտիր վարչության կազմում Դուք առաջին և միակ կինն ե՞ք:
-20 տարվա մեջ ես երկրորդ կինն եմ: Արդեն 22 տարի է, ինչ անդամկցում եմ ՌԱԿ-ին: Դամասկոսից եմ: Մինչև պատերազմը ես տարբեր վարչություններում եմ աշխատել՝ կրտսերաց, պատանեկան, իսկ վերջին տարիներին Տիկնանց վարչության ատենապետուհին էի: Պատերազմն սկսվելուց հետո տեղափոխվեցինք այստեղ:
-Կանայք ի՞նչ դերակատարում ունեն կուսակցության ներսում:
–Պիտի ասեմ, որ կանայք մեծ թիվ են կազմում կուսակցության ներսում և, հավատացեք, որ հաճախ տղամարդկանցից ավելի ակտիվ են. մանավանդ Դամասկոսում կանայք էին նյութական բերողը;
–Տեղյա՞կ եք Արցախի հետ ունեցած ծրագրերից:
-Կան ծրագրեր. շատ շուտով պիտի գործադրվեն:Արցախում մենք ունենք մեր գրասենյակը, որի ատենապետը պարոն Գալստյանն է: Մենք մշտապես կապ ունենք Արցախի հետ,բնականաբար, կա ակտիվ համագործակցություն:
-ՌԱԿ-ի ներսում գործող Տիկնանց միությունն ի՞նչ աշխատանքներով է զբաղված:
–Հիմնականում՝ մշակութային ծրագրերի իրականացմամբ:
-Տիկի՛ն Ջեննի, ո՞րն է Ձեր որդեգրած կուսակցության հիմնական առաքելությունը:
-Հիմնականում հայապահպանությունն է մեր գերխնդիրը. անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաները հայ մնան, չմոռանան իրենց մայրենին, որ ընտանիքներում պահպանվեն հայկական ավանդույթները:
–Համագործակցո՞ւմ եք ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
-Անշո՛ւշտ: Սփյուռքի նախարարության հետ մեր կապերը շատ ամուր են. այն հայության հավաքական տունն է, ընտանիքն ու տանիքը:
Կարինե Ավագյան