Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  տեսակոնֆերանս՝ Լեհաստանի հայ համայնքի հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  տեսակոնֆերանս՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, հայկական փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, Լեհահայոց Մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Հայ դատի Հանձնախմբի  ատենապետ Արա Սայեղը, Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը, «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Աքսենտովիչ– Բոհոսևիչը, դեսպանատան աշխատակիցներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ձեռնարկին մասնակցելու նպատակով Վարշավա ժամանած հայ համայնքի գործիչներ, արվեստագետներ ու մտավորականներ:

Սփյուռքի նախարարությունից տեսակոնֆերանսին մասնակցում էին Նախարարի տեղակալներ՝ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը,  Տեղեկատվության և Հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Էդվարդ Եսայանցը և «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանը:

Ջերմորեն ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ դեսպան Էդգար Ղազարյանը կարևորեց նման ձևաչափով համայնքների հետ տարվող աշխատանքները և ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի 650 և Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակներին նվիրված ծրագրերն  ու միջոցառումները, անդրադարձավ Սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացվելիք ձեռնարկներին:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն իր հերթին՝ ողջունեց տեսակապի մասնակիցներին և ներկայացրեց այդ հոբելյանների առիթով նախարարության կողմից մշակված ծրագիրը, հանգամանալից անդրադարձավ Հայաստանում նախատեսված միջոցառումներին, դրանց՝ համայնքի մասնակցության հնարավորությունները: Քննարկվեցին երկու կարևոր տոները համատեղ միջոցառուների շրջանակում նշելու հետ կապված հարցեր:

Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, անդրադարձավ այդ ծրագրերում համայնքի ներգրավվածության ակտիվացման հարցին,:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը հանգամանալից ներկայացրեց «Արի տուն», «Սփյուռք ամառային» դպրոց ծրագրերը, համահայկական մրցանակաբաշխությունը և դրանց՝ համայնքի ներկայացուցիչների մասնակցության հնարավորություններն ու անհրաժեշտությունը:

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շրջանակում լեհահայ համայնքի տոնական միջոցառումների հնարավորությանն անդրադարձավ «Իմ Հայսատան» փառատոնի ղեկավար Էդվարդ Եսայանցը:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը անդրադարձավ նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականցման ուղղությամբ տարվող աշխատանքներին և համայնքի ներգրավվածությանը համահայկական տեղեկատվական դաշտին, ներկայացրեց «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը և կոչ արեց լեհահայ համայնքին՝ ակտիվորեն միանալ շարժմանը:

Համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին ազգային մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները պահպանելու ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները, մի շարք ընդգրկուն ծրագրեր՝ հայագիտական գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ և այլն: Ներկայացվեցին համայնքում առկա հիմնախնդիրները  և իրենց ակնկալիքները Սփյուռքի նախարարությունից՝ դրանց լուծման համար:

Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները ներկայացրին այն ծրագրերը, ուղիներն ու գործիքները, որոնց օգնությամբ հնարավոր է լուծել լեհահայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրները:

Քննարկվեցին համատեղ համագործակցության այլ հարցեր:

 

Scroll Up