Վերապատրաստվեց Լոնդոնի հայկական դպրոցի 39 ուսուցիչ
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2014-2015թթ. ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 20-22-ը Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա և Հայկական շաբաթօրյա դպրոցներում վերապատրաստման դասընթացներ անցկացրեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աստղիկ Բալայանը:
Դասընթացները նպատակաուղղված էին Լոնդոնի հայկական դպրոցներում մանկավարժամեթոդական ժամանակակի ց մոտեցումներով գրաճանաչության արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կարդալու կարողության և բանավոր ու գրավոր խոսքի զարգացմանը:
Մասնագետը ծանոթացել է դպրոցների առօրյային, մասնակցել ուսումնական աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ:
Աստղիկ Բալայանը դպրոցներին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության նվերները, կոչ արել առավել ակտիվ մասնակցել Հայրենիք – Սփյուռք կապերի մերձեցմանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերին, միջոցառումներին:
Մասնագետը կարծում է, որ Լոնդոնի հայկական դպրոցների հիմնական դժվարությունները կապված են ուսումնական սեփական տարածքի բացակայության հետ: Նկատելի է նաև սովորողների թվաքանակի նվազում, ընտանիքներում աստիճանաբար թուլանում է հայերենով հաղորդակցվելու պահանջը: Մանկավարժներն ունեն մեթոդական շարունակական աջակցության, ուսումնական նյութերի թարմացման կարիք: