«Երգն ինձ համար թթվածին է». Բալիկ Գալեմքերյան-Պոպովա

«Հայերենը մեր տան ճրագն է,  աղոթքը մեր տան»

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում հյուրընկալված՝ Սիրիայում ծնված ու մեծացած, Երևանում  բարձրագույն կրթություն ստացած, Մոսկվայում հաստատված և ազգությամբ ռուս թավջութակահար, ՌԴ-ի վաստակավոր արտիստ Կոնստանտին  Պոպովի հետ  երջանիկ  ընտանիք կազմած օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր  Բալիկ Գալեմքերյան-Պոպովան 13 տարի  չէր  եղել Հայրենիքում,  և  նրա   խոսքերի մեջ  անթաքույց  կարոտն իր արտացոլքն էր  դրոշմել նաև հայկական գեղեցիկ, թախծոտ աչքերում: 

-Տիկի՛ն   Բալիկ, ինչպե՞ս եք դիմակայել այդ կարոտին:

-Դժվարությամբ. ես ծնվել ու մեծացել եմ Սիրիայում, սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում և անափ կարոտ ունեմ ծննդավայրիս ու Հայրենիքիս հանդեպ, թեև Սիրիա հաճախ եմ այցելել, իսկ  Հայաստանում երկար ժամանակ չեմ եղել: Ամուսնուս և դստերս՝ Աննայի հետ, հաստատվել ենք Մոսկվայում. ես երգում եմ տեղի Սուրբ Պայծառակերպության հայ առաքելական եկեղեցում: Սիրիայում  շարունակվող պատերազմական  տարիներին անգամ մենք հաճախ ենք եղել այնտեղ, համերգներ տվել: Սովորել եմ Հալեպի Գարեն Եփփե ազգային ճեմարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում՝ Տաթևիկ Սազանդարյանի դասարանում, որն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել Երևանի  օպերային թատրոնում, որը նոր էր սկսել ղեկավարել՝ ցավոք, արդեն երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը: Շատ կարճ  ժամանակ տևեց դեռևս  նոր սկսած իմ աշխատանքային կենսագրությունը, որովհետև ես   նշանված էի և խոստացել էի նշանածիս, որ  5 տարի ուսում ստանալուց հետո պետք է վերադառնամ Սիրիա, ուր ինքն աշխատում էր: Գիտեմ, որ բոլորին հետաքրքրում է իմ երկրորդ՝ Պոպովա ազգանունը. պատմեմ Ձեզ ազգությամբ ռուս Կոնստանտին Պոպովի հետ ամուսնանալուս պատմությունը, որը բոլորին զարմացրել է՝ նախադեպը չունեցող երևույթով՝ սիրիահայի և ռուսի ամուսնություն….ՌԴ-ի և Սիրիայի միջև  կնքված  պայմանագրի շրջանակներում Կոնստանտինը հրավիրվել էր՝ աշխատելու Սիրիայում, ես էլ , մշակութային կենտրոնում,թավջութակ էի սովորում  նրա մոտ: Ի դեպ, ասեմ, որ մեր աղջիկն էլ նույն ճանապարհին է:

-Ձեր ծնողները՝ հայկական արմատներին կառչած, հայապաշտ  սիրիահայերը դեմ չէի՞ն   օտար ազգից փեսացու ընտրելու Ձեր որոշմանը:

-Դե՛մ էին, չեմ թաքցնի, սակայն, ի վերջո, սերը հաղթեց. Կոնստանտինը համաձայնեց 5 տարի սպասել՝ մինչև ուսումս ավարտեմ: Այդ ընթացքում ծնողներս համոզվեցին, որ նա արժանավոր մարդ ու մասնագետ է: Ես ու եղբայրս միաժամանակ ընդունվեցինք Կոնսերվատորիա, ուր ինքը սովորում էր կոմպոզիտորական բաժնում, Արամ  Սաթյանի մոտ, ավարտեց որպես սիմֆոնիկի դիրիժոր: Ցավոք, եղբայրս մահացավ, սիրիական պատերազմի տարիներին էլ հայրս մահացավ սրտի հետ կապված խնդիրների պատճառով, ես մայրիկիս էլ հետագայում  տեղափոխեցի ինձ մոտ՝ Մոսկվա: Աղջիկս Սիրիայում է ծնվել, փոքր էր, երբ մեր ընտանիքը հաստատվեց Մոսկվայում:

-Կոնստատինը երբևէ հիմնավորե՞լ է  ազգությամբ հայուհի կին ընտրելը. Ձեր գեղեցիկ, խոշոր,  հայկական աչքե՞րն են նրան գերել, տաղա՞նդը, հայերի ավանդապաշտությո՞ւնը …

-Այո՛, հիմնավորել է՝ ասելով, որ իրեն հրապուրել է հայի տաղանդը, ավանդապաշտությունը, դաստիարակությունը, սերն ու հարգանքը, ջերմությունը մյուս ազգերի հանդեպ: Նա երկար ժամանակ ՝ 1995-ից է ապրել  Սիրիայում և աշխատել Դամասկոսի մշակութային կենտրոնում, ուսումնասիրել Արևելքը, հատկապես՝ Սիրիան ու սիրիահայերին:

-Փաստորոն, Դուք նաև թավջութակահարուհի եք. որտե՞ղ եք Ձեզ ավելի կայացած համարում՝  երգարվեստո՞ւմ,  թավջութակի մասնագիտացմա՞ն բնագավառում….

-Իհարկե՝ երգարվեստում, դա իմ տարածքն է, իմ մեծ աշխարհը:

-Ձեր աղջիկր՝ Աննան, ասացիք,  որ թավջութակահարուհի է…

-Աննան 12 տարեկան է, նա նաև երգում է և երաժշտական երկու ուղղությունների գծով էլ միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել:

-Տիկի՛ն  Գալեմքերյան- Պոպովա,  Դուք մենահամերգներ ունեցե՞լ եք;

-Այո՛, ունեցել եմ. իմ առաջին մենահամերգը  կայացել է Սիրիայում, երբ ես դեռևս ուսանողուհի էի, որից հետո մենահամերգ եմ ունեցել Երևանի կամերային երաժշտության տանը՝ Սեդրակ Երկանյանի ղեկաված «Տաղարան» համույթի հետ: Հունիսի  15-ի համերգը դարձյալ   նույն համույթի հետ է: Արամ Սաթյանի աջակցությամբ  հատկացվեց  Կոմպոզիտորների միության դահլիճը:  Արամ Սաթյանի հետ լավ բարեկամներ ենք. նա եղել է եղբորս ուսուցիչը: Համերգային ծրագիրս կազմված է հայ, ռուս և համաշխարհային այլ երգահանների նշանավոր գործերից, այդ ցանկում է նաև հարգարժան Արամ Սաթյանի « Լիլիթ» փոփ-օպերայից «Ավե Մարիա» արիան:

-Բալի՛կ, Դուք սովորել եք ռուսաց լեզուն,  իսկ Ձեր ամուսինը հայերեն գիտի՞…

-Ես ռուսերեն սովորել եմ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, Կոնստանտինը հասկանում է  հայերեն, բայց չի խոսում, միայն, երբ տխուր եմ լինում, նա սկսում է հայերեն բառեր ասել, որպեսզի տրամադրությունս բարձրանա: Մեր աղջիկը գիտի մի քանի լեզու՝  հայերեն, արաբերեն, անգլերեն, ռուսերեն: Տանը խոսում ենք բոլոր լեզուներով, ավելի շատ հաղորդակցվում ենք անգլերենով, բայց հայերենը  մեր տան ճրագն է, մեր տան աղոթքը:

-Փորձե՞լ եք ժողովրդական երգեր երգել:

-Ես ամեն  ժանրով փորձել եմ երգել ու երգում եմ՝ բացի ջազից ու ռոքից:

-Ձեր սիրած հայ երգահանները,  համաշխարհային  դասական երգիչների Ձեր ընտրանին…

-Ալեքսանդր Հարությունյան, Էդգար Միրզոյան, Արամ Սաթյան, Բարսեղ Կանաչյան, Աբրահամյան, Ռոբերտ Ամիրխանյան, Գեղունի Չթչյան…Համաշխարհային դասական երգարվեստի մեծություններն ինձ համար Մոնսերատ Կաբալիեն ու Չեչիլիա   Բարթոլին են: Նույն  հարթակին կարող եմ մոտեցնել նաև իմ ուսուցչուհուն՝ Տաթևիկ Սազանդարյանին:

Կոնստանտինին  փորձու՞մ եք համոզել՝ հաստատվելու Հայաստանում:

-Ամուսնուս  ու աղջկաս  համոզելու կարիք չկա, իրե՛նք են ձգտում դրան:

-Երևանը 13 տարի առաջ ու հետո ՝ Ձեր աչքերով:

-Շա՜տ է փոխվել. ինձ պատմում էին, բայց չէի պատկերացնում: 2003-ից հետո գրեթե անճանաչելի է դարձել:

-Ի՞նչ է  երգը   Ձեզ համար:

-Ասեմ մեկ բառով՝ թթվածին. ես ուզում եմ միշտ երգել, շատ տեղերում եմ երգել, սակայն ցանկությունս միշտ Հայրենիքում երգելն է:

 -Շնորհակալությո՛ւն, թո՛ղ Հայրենիքում  միշտ երգելու Ձեր ցանկությունը   երազանքից  դառնա  հաճելի  իրականություն:

 Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

Scroll Up