«Կամ ստրուկ պետք է լինես կամ՝ կռվես. ուրիշ ձև չկա…». սիրիահայ կաղապարագործ

Օրերս «Երևան- էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացած « Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի սիրիահայ մասնակիցներից կաղապարագործ և արտադրության աքսեսուարների վաճառող Գարո Քեշիշյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Գարո՛, ի՞նչ տվեց Ձեզ այդ ցուցահանդեսը՝ նոր ծանոթություննե՞ր, ակնկալվող նոր հաճախորդնե՞ր, հաջող առևտու՞ր…
–Ես առաջին անգամ եմ մասնակցում նման ցուցահանդեսի: Անշուշտ, հետաքրքիր էր, հաճելի. նոր ծանոթությունների սկիզբ եղավ, իմ այցեքարտերից շատ այցելուներ վերցրեցին, հուսով եմ, որ այսուհետ ավելի շատ հաճախորդներ, պատվիրատուներ կունենամ: Իսկ առևտուր գրեթե չեղավ: Այնուամենայնիվ, շատ եմ կարևորում այսպիսի ցուցահանդեսները և շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին, այցելուներին, բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են սիրիահայերին ինչ-որ կերպ սատար լինելու հարցում:
–Կաղապարագործությունը պապենակա՞ն արհեստ է:
-Ո՛չ: Ես Սիրիայում վարպետի մոտ եմ սովորել այդ արհեստը: Իմ ծննդավայրում երկու գործարան ունեի, որոնցից մեկն ավերակ է դարձել, իսկ մյուսի ճակատագիրն անհայտ է, ոչ մի տեղեկություն չունեմ: Հիմա նույն գործը շարունակում եմ Հայաստանում: Ապրում ենք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում , վարձու բնակարանում: Այդտեղ է գտնվում իմ արհեստանոցը: Տարածքի համար շատ չեմ վճարում, ծանոթ մարդ է տարածք տրամադրողը: Գո՛հ եմ, փա՛ռք Աստծո, կարողանում եմ ապրել, պահել ընտանիքս:
-Գո՞հ եք, որ Հայրենիքում եք հաստատվել:
-Այ՛ո: Սա՛ է մեր տունը, օտար երկիրը միշտ էլ օտար կմնա: Իմ հարազատները մեկնեցին Կանադա, Եգիպտոս, ինձ ու ծնողներիս էլ են համոզում, որ գնանք, սակայն ես իմ որոշումը կայացրել եմ և չեմ կամենում որևէ տեղ գնալ. վերջապես մեր հողի վրա ենք, շուրջբոլորը հայերեն են խոսում և ոչ թե ՝ արաբերեն կամ մի այլ լեզվով: Ես այստեղ՝ Հայրենիքում եմ գտել իմ երկրորդ կեսին՝ Ալային,ով որպես գիդ՝ ուղեվար է աշխատում «Հյուր սերվիս»- ում, իմ գիդն էր պտույտիս ժամանակ: Ամուսնացել ենք ու երջանիկ ընտանիք կազմել, և շուտով կծնվի մեր բալիկը: Ուզում եմ,որ իմ երեխան, իմ երեխաները հայ հողի վրա մեծանան, Մասիսի հայացքի ներքո:
–Վաղո՞ւց եք հաստատվել Հայաստանում;
-Մոտավորապես 4 տարի է, ինչ Հայաստանում եմ ապրում: Սկզբում ես միայնակ եկա Հայաստան՝ շրջագայելու, ապագա կնոջս տեսա, հավանեցի, եկա, որպեսզի նշանվենք. եկա ու մնացի, իսկ 15 օր անց եկան ծնողներս ու մնացինք այստեղ:
-Կարողանո՞ւմ եք Ձեր աշխատանքով ընտանիք պահել:
-Փա՛ռք Աստծո, մի քիչ դժվարությամբ, սակայն կարողանում եմ գործ ճարել: Ցավոք, իմ գործիքներն այնտեղից չկարողացա բերել: Շնորհակալ եմ իմ գործընկերոջը, ով ինձ տեղ տվեց, գործիքներ տրամադրեց:
-Պատվերների համար ինչպե՞ս կարելի է Ձեզ գտնել, ինչպե՞ս են մարդիկ Ձեզ գտնում:
–Երևանում գտնվող «Օվալ պլաս» գործարանի համար ես շատ գործեր եմ արել, այդ մարդիկ ինձ հետ աշխատել են, հարազատ են դարձել, և հիմա, երբ գործեր են լինում, նրանք ի՛նձ են ասում: Մեկը մյուսին ասելով՝ իմ տեղը գտնում են ու կապ հաստատում: Հույս ունեմ, որ հետագայում ավելի լավ է լինելու:
-Հարմարվե՞լ եք Հայաստանի պայմաններին, նոր միջավայրին:
-Այ՛ո, հարմարվել ենք: Օրենք սիրող մարդ եմ, քիչ մը անօրենք երկիր եղած է, օրենքները կա՛ն, խիստ են , պ՛ետք է օրենքով շարժվել:Եթե վարձով չապրեինք, մեր սեփականն ունենայինք, ավելի լավ կլիներ: Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Մինչև հիմա վատ մարդու չեմ հանդիպել, թեև ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ:
-Հայրենասիրության առումով ովքե՞ր են ավելի հայրենասեր՝ այստեղի հայե՞րը , թե՞ սիրիահայերը:
-Իմ կարծիքով այն մարդն ,ով այստեղ է ապրել, նրա համար հայրենասիրությունը սովորական է , իսկ դրսում ապրող հայերի համար հայրենասիրությունն ավելի ցայտուն է, քանի որ կարոտ ունեն:
-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Սփյուռքից շատ հայորդիներ մասնակցեցին ազատագրական պայքարին: Այս ապրիլին ազերիների կողմից սանձազերծած պատերազմի օրերին և դրանից հետո աշխարհի տարբեր ծագերում ապրող հայությունն իր ձայնը բարձրացրեց, իր աջակցությունը բերեց Արցախ աշխարհին: Եթե, Աստված չանի, պատերազմական գործողությունները վերսկսվեն, Դուք կմեկնե՞ք առաջնագիծ:
-Իհարկե՛ … Կամ ստրուկ պետք է լինես կամ էլ՝ կռվող. ուրիշ ձև չկա:
-Շնորհակալությո՛ւն, պարոն Քեշիշյան, բարո՛վ թող ծնվի Ձեր առաջնեկը և, համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից որդեգրած հայկական ավանդական օրհնանքի՝ յոթ որդով սեղան նստեք:
Կարինե Ավագյան
–