«Հայրենիքը նրանում ապրող մարդիկ են և մարդկային հարաբերությունները». Ստեփան Մահշիկյան
Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով մեր հայրենակիցներից շատերը հանգրվանեցին Հայրենիքում՝ հաստատապես մշտական ապրելու մտադրությամբ, մի մասն էլ, խաղաղության վերականգնումից հետո, երազում է վերադառնալ ծննդավայր, տեր կանգնել իր՝ դեռևս կանգուն տանն ու խանութներին, հայկական մշակութային արժեքներին՝ կապը չկտրելով Հայրենիքից: Այս և այլ հարցերով բազմիցս զրուցել եմ շատ սիրիահայերի հետ, լսել տարբեր պատասխաններ, սակայն նրանց բոլորի զրույցներում գերիշխում էր սերն՝ առ Հայրենիք: Նման մի զրույց էլ ծավալվեց Ստեփան (Ստիվ)Մահշիկյանի ընտանեկան հարկի ներքո, որին մասնակից եղավ նաև նրա յոթնամյա դուստրը՝ Ստեֆանին:
-Ստեփա՛ն, ե՞րբ եկաք Հայրենիք, ո՞ւմ և ի՞նչ թողեցիք այնտեղ:
– Հայաստան եկա 2012-ին, երբ պատերազմական գործողությունները Սիրիայում դեռ նոր էին սկսվել: Այնտեղ թողել եմ տունս, աշխատատեղիս, մտերիմ ու անդավաճան ընկերներիս, հայկական մշակութային թանկ արժեքներ՝ դպրոց, եկեղեցի… Հեշտ չէր: Հալեպում նվերների խանութ ունեինք, ես ու տիկինս մեր ձեռքի աշխատանքներն էինք վաճառում. դրանք գեղեցիկ հուշանվերներ էին: Այդ աշխատանքը նաև այստեղ ենք շարունակում.կինս ՝ Կարմենը, շատ շնորհալի է, նրբահամ խորտիկներ, անուշներ (մուրաբաներ), տորթեր, ճաշեր է պատրաստում, որոնք վաճառքի ենք հանում: Մասնակցել ենք նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած բոլոր ցուցահանդես-վաճառքներին և այլ ցուցահանդեսների: Փառք Աստծո, ամեն ինչ ունենք, ոչ մեկից կախման մեջ չենք:
– Ստեփա՛ն, որտե՞ղ ես այժմ աշխատում:
– Աշխատում եմ «Իմ ուղին» աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնում: Նման երեխաների հետ աշխատելու փորձառություն արդեն ունեի. մոտ 10 տարի Եվրոպայի մի քանի երկրներում դաունի համախտանիշով հիվանդ երեխաների հետ եմ աշխատել: Ես նման երեխաներին սովորեցնում եմ զբաղվել ձեռքի աշխատանքով: Շատ կապված եմ նրանց հետ, սիրում եմ այդ երեխաներին և ձգտում նրանց հնարավորինս օգտակար լինել: Երեխաներն էլ ինձ են շատ սիրում և անհամբերությամբ սպասում դասերին: Շատ շնորհակալ եմ կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանին, զգացված եմ նրա բարեհամբույր, մարդկային վերաբերմունքից. հենց առաջին իսկ օրերից նա այնպիսի վերաբերմունք ցույց տվեց, որ ես՝ սիրիահայս, ոչ մի խորթություն ու տարբերություն չզգացի: Ընդհանրապես, Հայաստանը մեզ ջերմությամբ ու հոգատարությամբ ընդունեց: Ես աշխատել եմ նաև տուրիստական գործակալությունում, ընտանիքներ ու խմբեր եմ տարել Արևմտյան Հայաստան: Տիրապետում եմ անգլերեն, թուրքերեն և արաբերեն լեզուներին, իսկ այժմ սովորում եմ նաև պարսկերեն: Գոհ եմ մեր կարգավիճակից. ընտանիքս ապահով է, շուտով Մուսալեռում տուն կունենանք: Մինչև Հայաստան տեղափոխվելը՝ տարին 2 անգամ եղել եմ Հայաստանում և 15 տարի առաջ հող եմ գնել այնտեղ, հիմա կառուցման աշխատանքներ են տարվում: Մուսալեռում էլ հանդիպեցի հայաստանաբնակ ապագա կնոջս՝ Կարմենին և ամուսնացանք ու գնացինք Հալեպ, ծնվեց աղջիկս՝ Ստեֆանին:
– Ովքե՞ր են եղել պապերդ, Ստեփա՛ն. ասում են՝ թոռները շատ հաճախ ժառանգում են իրենց պապերի շնորհը:
– Պապերիս, նախապապերիս մեջ եղել են հոգևոր դասի առաջնորդներ, ներկայացուցիչներ, նաև՝ վաճառականներ. ես երևի ժառանգել եմ վերջին գենը: Ծնողներս Քեսաբից են, մանկությանս, պատանեկությանս շատ տարիներ հաճախ եմ անցկացրել Քեսաբում, որը գեղեցիկ և ուրույն մի աշխարհ է:
-Հայաստանում լավ ընկերներ ո՞ւնես:
-Ունեմ շատ ընկերներ, ծանոթներ, սակայն իմ անդավաճան ու անկեղծ ընկերները հին ընկերներս են՝ հալեպցիներ, քեսաբցիներ, որոնց հետ ճանապարհ եմ անցել:
– Սիրիայում խաղաղության վերահաստատումից հետ կվերադառնա՞ք Սիրիա…
-Ուզում եմ անկեղծ լինել՝ այո°, կգնամ: Հալեպն իմ ծննդավայրն է, բառերով չնկարագրվող կարոտ ունեմ ծննդավայրիս հանդեպ, տներ ունենք այնտեղ, խանութներ, հարազատներ, մոտ ընկերներ, ծանոթ ու սիրելի թաղամասեր, հիշողություններ… Կվերադառնամ, սակայն մի ոտքս այստեղ կլինի . չեմ կարող կապս կտրել Հայրենիքից, որտեղ իմ նոր կառուցվող տունն է, իմ հայրենակիցները, ես այստեղ նաև սիրած աշխատանք ունեմ: Ես Հայրենիքում նեղություններ էլ եմ ունեցել, նեղվել եմ ու վիրավորվել իբր վստահելի, մոտ «ընկերներից», սակայն Հայրենիքն այստեղ ոչ մի մեղք չունի, այն ինձ համար ծնող է, իսկ ծնողից չեն նեղանում, նրան միայն սիրում են:
-Դե, ուրեմն, ձևակերպիր հոգուց ու սրտից բխած բառերով՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
– Սիրո՛վ: Հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ քարտեզի վրա, միայն հող չէ, նյութ չէ միայն: Հայրենիքը օդ է, շունչ է, Հայրենիքը նրանում ապրող մարդիկ են և մարդկային հարաբերությունները, որոնք, եթե շիտակ են, անկեղծ, ապա Հայրենիքը ձգում է մագնիսի պես, իսկ եթե ոչ՝ ակամայից ուզում ես փախչել այնտեղ, որտեղից եկել ես: Հայաստանում քեզ ապահով ես զգում, միայն թե օրենքները գործեն ի շահ ժողովրդի և երկրի բարօրության, միայն թե օտարամոլությամբ չտառապի հայը, միայն թե չարաղետ աղանդները չմտնեն ընտանիքներ ու դպրոցներ, չպառակտեն ազգը, ստով ու կեղծիքով իրենց շարքերը չքաշեն մարդկանց. մենք Հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք և չպետք է հեռու գնանք մեր հավատքից ու եկեղեցուց:
– Ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել հային:
-Ուր էլ, որ ապրեն հայերը, լինեն ազնիվ, անշահախնդիր, ավանդապաշտ, ընտանեսեր, հավատքով ու հայասեր:
– Ստեփա՛ն, վերջին հարցս՝ ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանի ապագան:
– Շատ ավելի զարգացած ու հզոր, քանի որ ունենք խոստումնալից երիտասարդություն, իսկ ապագան նրանց ձեռքերում է:
(Այստեղ փոքրիկ Ստեֆանին միջամտում է)
– Ե՛ս եմ ապագան, հայրիկս է ասել:
Ես հրաժեշտ եմ տալիս այս հայաշունչ ու գեղեցիկ երիտասարդ ընտանեկան եռանկյունուն՝ ունկերիս մեջ Ստեֆանիի՝ մանկական անմիջականությամբ ասված բառերը:
Կարինե Ավագյան