«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցները «Վերնիսաժ»-ից գնումներ կատարեցին
«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցները 6-րդ օրն է Հայաստանում են: Նրանք եղել են Էջմիածնում, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, Սարդարապատում, Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում, Նորավանքում:
Շաբաթ օրը՝ հուլիսի 18-ին, արիտունցիներն այցելեցին Վերնիսաժ՝ իրենց և հարազատների համար Հայաստանը խորհրդանշող նվերներ գնելու համար:
Հորդանանի Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանի 15 սաները իրենց ուսուցչուհու՝ Ռաքել Ասատրյան-Մարգարյանի հետ ոգևորությամբ պատմեցին Հայրենիքից ստացած տպավորությունների մասին:
20-ամյա Անի Բեդևյանը որոշել է բարձրագույն կրթությունը շարունակել Հայաստանում, ընդունվել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, իսկ նրա քույրը՝ Վիվիանը, նշեց, որ պիտի հետեևի Անիի օրինակին:
12-ամյա Կարինե Դեմիրճյանը Վերնիսաժ մտնելուն պես կանգ առավ հայկական դրոշի գույներով վերնաշապիկների բաժնում, ընտրեց դրանցից մեկը և ուրախությամբ խոստովանեց, որ Հորդանանում հպարտությամբ պիտի հագնի «Ես հայ եմ» դաջվածքով վերնաշապիկը:
12-ամյա Կիրակոս Յաղլյանը կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով թևնոց ու մեքենայի կախիչներ գնեց եղբոր ու հայրիկի համար: «Վերադարձիս բոլոր ընկերներիս կոչ պիտի անեմ գալ Հայաստան: Այստեղ ինձ անվտանգ եմ զգում, գիշերը հանգիստ դուրս եմ գալիս փողոց ու շրջում Երևանի լուսավոր փողոցներով»:
Վիկտորիա Սահակյանը և Արմեն Քրդյանը պատմեցին Էջմիածնում ստացած տպավորությունների մասին: Սուրբ քաղաքում նրանք մոմ են վառել ու Հայրենիքում երբևէ հաստատվելու երազանք պահել:
«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այսօր կլինեն Կենդանաբանական այգում, իսկ մի քանի օրից կսկվի նրանց ճամբարային կյանքը, որտեղ պատանիներն ու աղջիկները հնարավորություն կունենան մտերմանալու միմյանց հետ:
Պատրաստեց Լիլիթ Դամիրյանը