«Արի տուն-2015». «Ինձ համար Հայաստանն ու Կոմիտասը նույնացվել են՝ շնորհիվ մայրիկիս». Միլենա Ադամյան

13 տարեկան Միլենա Ադամյանը եկել է Մոսկվայից,  թեև բազմիցս   է եղել  Հայաստանում, բայց այս տարի որոշել է մասնակցել «Արի տուն» ծրագրին:  Նա  ամառային արձակուրդներն արդեն տարիներ շարունակ անցկացնում է հայրենիքում՝ տատիկի ու պապիկի մոտ, սակայն  ծրագրին մասնակցությունն իր համար բոլորովին նոր աշխարհ է, նոր միջավայր, նոր ընտանիք, նոր ծանոթություններ ու ընկերներ, նոր զգացողություններ ու մտքեր:

Միլենան քիչ թե շատ հասցրել է ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային ու տեսարժան վայրերին ու անսահման հիացմունքով է խոսում դրանց մասին. «Անչափ գեղեցիկ է Հայաստանը՝ հարուստ  պատմությամբ ու մշակույթով: Հատկապես տպավորված եմ Գառնիի ու Զվարթնոցի տաճարներով»:

Զարմանալի էր, որ 13-ամյա աղջնակը հրապուրված էր Կոմիտասի կերպարով ու երաժշտությամբ. «Ինձ համար Հայաստանն ու Կոմիտասը նույնացվել են՝ շնորհիվ մայրիկիս: Նա է ինձ պատմել Վարդապետի մասին: Նրա խորհրդով է, որ ես հիմա Կոմիտաս եմ լսում, չնայած, դեռևս խորությամբ չեմ հասկացել, թե ինչ են թաքցնում այդ մեղեդիները»: Միլենան գիտեր նաև Հայոց ցեղասպանության մասին և նրա փոքրիկ սրտի մեծ երազանքն է՝ լինել Ծիծեռնակաբերդում:

Նա  ափսոսանքով է նշում, որ չի կարող հայկական դպրոց հաճախել, քանի որ այն իրենց տանից բավականին հեռու է. «Բայց ծնողներս անում են հնարավորը, որպեսզի ես և քույրս ծանոթանանք մեր արմատներին, պահպանք մեր  ինքնությունը: Նրանք մեզ հայկական ոգով են դաստիարակում»:

Չնայած այս ամենին, Միլենան  անկեղծորեն խոստովանում է՝ միշտ չէ, որ  ընտանիքում հաջողվում է խոսել հայերեն: Եվ նա անչափ ուրախ է, որ այստեղ իր օրն սկսվում է Հայերենի դասով:

Հայկական խոհանոցը փոքրիկ Միլենային շատ է դուր գալիս: Նա փորձել է գրեթե ամեն ինչ ու առանձնացնում է միայն տատիկի պատրաստած սպասը:

«Արի տուն» ծրագրի մասին Միլենան միայն հիացմունքով է խոսում. «Այստեղ ժամանակը շատ լավ է անցնում: Նոր ընկերներ եմ ձեռք բերել Վրաստանից, Ռուսաստանից. հուսով եմ՝ այլ երկրների երեխաների հետ էլ կընկերանամ: Երբ վերադառնամ, ռուսաստանաբնակ ընկերներիս խորհուրդ եմ տալու, որ իրենք էլ Հայաստան գան և մասնակցեն «Արի տուն» ծրագրին»:

Միլենայի երազանքները շատ են, բայց ամենից առաջ ուզում է իրավաբան դառնալ: Մտադիր է կրթությունը Մոսկվայում շարունակել, իսկ դրանից հետո վստահեցնում է, որ կփորձի մասնակցել Հայրենիքի զորացման գործին:

Էմմա  Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

 Միլենա1

Scroll Up