«Արի տուն-2015». «Սերմնացանը ճիշտ ժամանակին պետք է սերմը հողի մեջ գցի…». հյուրընկալ ընտանիքներ

«Հայերն այսօրը» ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2015» ծրագրի հյուրընկալ ընտանիքների տպավորությունները՝ Սփյուռքից ժամանած երեխաների մասին: Շատ  են այն հայկական օջախները, որոնք այս ընթացքում իրենց դռներն են բացել մասնակիցների առջև՝ նրանց ընդունելով  հարազատի պես:

Ջրվեժում բնակվող Շողիկ Մալխասյանի ընտանիքն առաջին անգամը չէ, որ հյուրընկալում է Սփյուռքից ժամանած երիտասարդներին: Ինչպես 2013 թվականին, այս տարի  նույնպես նրա  հյուրերը  Հորդանանից են: Չնայած նրան, որ տիկին Շողիկն ունի մեծ ընտանիք՝ վեց թոռ, բայց  նա  հոժարակամ ևս չորս երեխայի  գրկաբաց ընդունել է իր տանը:

Գեղամ, Մարալ, Սերլի և Անի. տիկին Շողիկի համար նրանք այլևս  հարազատ մարդիկ են, որոնց  տվել է իր ողջ  մայրական սերն ու քնքշանքը. «Յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է իր տան դռները  բացի  նրանց առաջ: Ինչպես ասում են, եթե սերմնացանը ճիշտ  ժամանակին սերմը հողի մեջ գցի, հետո այն անպայման ծիլեր կտա: «Արի տուն» ծրագիրը հենց դա էլ անում է՝ երեխաների մեջ դեռ մանկուց ներարկելով հայրենասիրություն:  Հավատացե՜ք,  նրանք հետո որտեղ էլ որ լինեն, երբեք չեն մոռանա  այն, ինչն այս օրերի ընթացքում տեսել ու լսել են: Մենք էլ փորձում ենք մեր փոքրիկ  ներդրումն ունենալ այդ  մեծ գործում»:

Առաջին օրը տիկին Շողիկը երեխաներին  հայկական դոլմա  է հյուրասիրել, որը նրանց շատ է դուր եկել:

14-ամյա  Գարիկը տիկին Շողիկի ամենամեծ թոռն է: Ասում է՝  երեխաների հետ  հեշտությամբ է լեզու գտել. «Միասին ժամանակը շատ լավ է անցնում, տարբեր խաղեր ենք խաղում, լողավազանում լողում, երեկոները զբոսնում ենք հրապարակում»:

Աղուոր է, եկուր հոս, կեցիր… այս և մի շարք այլ բառեր  Գարիկը  սովորել է երեխաներից, իսկ թե ինքն ինչ է տվել նրանց, դժվարանում է պատասխանել:

Տիկին Շողիկը  փաստում է, որ երեխաների մեջ հավատը չափազանց շատ  է. աստվածավախ  մարդիկ են: Նրանց հետ  զրույցների ընթացքում հասկացել է, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու այն բոլոր ավանդույթներն ու սովորույթները, որոնք  բնորոշ  են  տիպիկ հայկական ընտանիքներին:

Տիկին Շողիկը համոզված է՝ երեխաները գոհ ու բավարարված են հեռանում Հայաստանից:  Ինչպես  17-ամյա  Գեղամն է նշում ՝ տպավորություններն անկրկնելի են: Նրանք շտապում են հասնել Հորդանան՝ իրենց հարազատներին ու ընկերներին պատմելու Հայաստանի ու հայ ընտանիքների մասին.  «Անչափ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Ճիշտ  է, տխուր ենք որ գնալու ենք, բայց սա վերջին անգամը չէ,  էլի ենք գալու, որ տեսնենք տիկին Շողիկին  ու որ ամենակարևորն է՝ Արարատ  լեռը»:

Շողիկ Մալխասյանը պատրաստակամ է հաջորդ տարի ևս իր տանն ընդունելու սփյուռքահայ երիտասարդներին, միայն թե՝ Աստված առողջություն և ուժ տա:

Կարինե Աղաջանյանը տիկին Շողիկի հարևանուհին է: Նա  այս տարի առաջին անգամ է  իր տանը հյուրընկալում հորդանանաբնակ երեխաներին: Ասում է՝ միանգամից է այդ որոշումը կայացրել. «Ինձ մոտ  երեք երեխաներ են՝ Հրակը, Աշոտը և փոքրիկ Կարինեն: Շատ  անուշիկ բալիկներ են: Նրանց հետ չափազանց հեշտ է շփվել: Իմ երազանքն է եղել, որ գոնե մեկ անգամ  տանս հյուրընկալեմ սփյուռքահայ երեխաների: «Արի տուն»  ծրագրի շնորհիվ այդ ամենն այսօր իրականությունն է»:

Երեխաներն ամենից շատ հավանել են տիկին Կարինեի պատրաստած նրբաբլիթները: Նրանք նշում են, որ տիկին Կարինեն ու նրա 20-ամյա որդին՝ Շավարշը, ամեն կերպ փորձում են հետաքրքիր դարձնել իրենց ազատ ժամանակը:

«Ցավդ տանեմ, ախպեր ջան», սա այն արտահայտությունն է, որն անմիջապես տպավորվել է երեխաների մոտ: Նրանք հաճախ ու ժպիտով են կրկնում տիկին Կարինեի սովորեցրած ամենաջերմ խոսքերը, որոնց մեջ կա անսահման արև ու սեր:

Էմմա Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

 հյուընկալ ընտանիք1

Scroll Up