«Արի տուն»-2014- թվականի ծրագրի հյուրընկալող ընտանիքները պատմում են …

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների այցելությունները «Արի տուն» ծրագրի հյուրընկալող ընտանիքներ շարունակվում են:

Հերթական այցելությամբ աշխատակիցները հանդիպումներ ունեցան էրեբունի, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններիի բնակիչների հետ։ Մեր ընթերցողներին ներկայացնում ենք հյուրընկալ ծնողների տպավորությունները։

Լավրենտի Միրզոյան – Շատ եմ կարևորում «Արի տուն» ծրագրի դերը հայրենաճանաչության գործում: Հյուրընկալել եմ ծրագրի երեք մասնակցի և պատրաստ եմ հաջորդ տարիներին նույնպես երեխաների հյուրընկալել: Նրանց հետ հաճելի ժամանակ անցկացրինք և բարեկամացանք:

Աննա Մովսիսյան – Դեռևս 2009 թվականից միացել եմ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին: Նպատակս մեկն է՝ այս քայլով ներդրումս ունենամ հայրենիքիս բարգավաճման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Տանս դռները բացել եմ տարբեր երկրներից՝ Երուսաղեմից, Գերմանիային, Ռոստովից, Մոսկվայից ժամանած երեխաների առջև: Նրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ եղել, կապը մինչև հիմա պահպանում ենք: Միասին լավ ժամանակ ենք անցկացրել, տարբեր տեսարժան վայրեր զբոսանքի գնացել: Շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագրի կազմակերպման համար:

Քրիստինա Սարիբեկյան – Աղջկաս ցանկությունն է եղել, որ մեր տանը սփյուռքից ժամանած երեխա հյուրընկալենք: Հետևելով աղջկաս խնդրանքին՝ այս տարի հյուրընկալեցինք Վրաստանից եկած Անուշիկին: Այնքան շուտ մտերմացան իրար. ծրագրի շրջագայություններից հետո, երբ նա տուն էր վերադառնում, փակվում էին սենյակում, զրուցում միասին, գիրք կարդում: Իսկ ազատ օրերին դուրս էինք գալիս պտույտի: Անուշիկը մեզ խոսք է տվել, որ նորից Հայաստան է գալու:

Շուշանիկ Մարգարյան – 2009 թվականից իմ տանը սփյուռքահայ երեխաներ եմ հյուրընկալում: Բոլորին հարազատ մոր պես եմ ընդունել, ամեն ինչ արել եմ, որ իրենց լավ զգան: Միմյանց խոսք ենք տվել, որ մեր բարեկամական կապը շարունակելու ենք միշտ:

Սուսաննա Վարդանյան – Իմ հյուրն էր ռոստավաբնակ Օլգան: Որոշեցի որպես հյուրընկալող ընտանիք հանդես գալ, քանի որ կարծում եմ այն հայրենասիրության, բարության դրսևորում է: Ընտանիքի անդամներով երբեք դժվարություն չունեցանք Օլգայի հետ շփվելուց, որովհետև կիրթ, դաստիարակված, չափի զգացողություն ունեցող աղջիկ էր: Նրա հետ երեկոները նստում էինք մեր պատշգամբում, հարցուփորձ անում կատարած շրջագայություններից, ապա միասին ճաշում: Նույնիսկ նրա ծննդյան տարեդարձը մեր տանը նշեցինք, հրաշալի երեկո ունեցանք:

Արուս Արզումանյան – Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ մեր ընտանիքին վստահել է սփյուռքահայ երեխա հյուրընկալել, սիրով համաձայնեցի: Այս տարի մեր ամառնն անցկացրինք Սոչիից ժամանած Գրիշայի հետ: Նա շատ կենսուրախ տղա էր, մեզ հետ ջերմորեն էր շփվում, կարծես վաղուց ճանաչում էինք իրար:

Նելլի Ոսկանյան – Մեր ընտանիքում ապրող երեխաների համար փորձել ենք հայկական միջավայր ստեղծել, որպեսզի Հայաստանից տպավորված և լավ հիշողություններով վերադառնան իրենց երկրները: Անցյալ տարի հյուրընկալեցինք Ռոստովում ապրող Արտյոմին, իսկ այս տարի՝ Լիբանանից եկած Արծվինին: Տղաների հետ մտերմացանք շատ: Պատկերացրեք՝ Արտյոմը այնքան է կապվել մեզ հետ և հարազատի պես է ընդունում, որ խոսք է տվել ամուսնանալու դեպքում իր հարսանիքի քավորը ես ու ամուսինս ենք լինելու:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up