Արիտունցիները հայտնել են հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը

«Մեր  արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը: Ով պատմություն  ունի, չի կարող ետ չնայել, ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ»:

                                                                                                                               Պարույր Սևակ

Օգոստոսի 14-ին մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի վերջին՝  8-րդ փուլը, որին մասնակցում են շուրջ 70 պատանի ու աղջիկ Ռուսաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Լեհաստանից, Արաբական Միացիալ Էմիրություններից:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին արդեն Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի 8-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը, որի բացմանը ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանը: Նա ներկայացրեց «Արի տուն» ծրագրի առավելությունները, ներկաներին ծանոթացրեց դասավանդող ուսուցիչներին, ովքեր իրենց գործի նվիրյալներն են և անում են ամեն ինչ՝ մասնակիցների հայեցի դաստիարակության համար:

Դասընթացին ուսուցիչների կողմից կիրառվել են տարատեսակ մեթոդական աշխատանքներ՝  տառասուցում, բանավոր և գրավոր խոսքը զարգացնող ուղղագրական-ուղղախոսական առաջադրանքներ, խաչբառեր, աքրոստիկոսներ, քերականական հանելուկներ, առած- ասացվածքներ, խաղ-առաջադրանքներ:

Ինքնատիպ են անցել եզրափակիչ դասերը: Մոսկվայի «Վերածնունդ» հայկական դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը նշեց, որ մեծ աշխատանք տարվեց երեխաներին հայկական արմատներին մոտ պահելու և սնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտության խոսքը  հայտնեց Ռուսաստանից ժամանած իր խմբի  մասնակիցներին ու հատկապես նրանց ծնողներին, որոնց շնորհիվ այսօր նրանք հայրենիքում են: Այդ խմբի անդամները գրաճանաչ չէին և չէին տիրապետում մայրենի լեզվին, բայց ուշիմ ու հայրենասեր լինելով՝ այդ դասընթացի ժամանակ իրենց միասնական հրաժեշտի նամակում նշեցին, որ այն գիտելիքները, որոնք ստացան նրանք այսօր՝  իրենց հետ կտանեն և էլ ավելի կզարգացնեն  ու կհարստացնեն իրենց բնակավայրերում: Եզրափակիչ դասը երեխաները ավարտեցին տիկին Շողիկ  Փահլևանյանի  «Ռուս-հայերեն զրուցարանի», «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանի», «Հայկական երգերի ժողովածուի» և հայ մեծերի՝ Մայրենիին նվիրված թևավոր խոսքերով, բանաստեղծություններով ու երգերով:

Հետաքրքիր է անցել ամփոփիչ դասը Լուսինե Հայրիյանի մոտ, որտեղ  մասնակիցները հանդես են  եկել «Հայաստանի զարգացման ծրագրերը» խորագրով հարցմանը: Գայանե  Բաբլոյանն  անցածն ամփոփել է հայրենագիտական վիկտորինայով, Աիդա Օհանյանը՝  «Ո՞րն է հայ ժողովրդի գաղտնիքը» հարցադրմամբ բացեց խմբի անդամների ներաշխարհը, իսկ  Մաքրուհի Գևորգյանի խմբում մասնակիցները Մայրենիով  փորձել են զուգադրել իրենց երկրների և Հայաստանի ընդհանրություններն ու տարբերությունները՝ ընդգծելով Հայաստանի առավելությունները՝ հայտնելով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը: Մայրենիի կարևորությունը Սերա Շահինյանը ապահովել  է առած-ասացվածքների գործածությամբ:

Հրաժեշտից առաջ բոլոր արիտունցիներն իրենց շնորհակալական խոսքն ասացին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին,  Եղիշե Չարենցի անվան  դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանին: Բոլորի ցանկությունն էր, որ «Արի տուն» ծրագիրը լինի շարունակական, նորանոր առիթներ ընձեռվեն հայրենիք վերադառնալու և իրենց նպաստը ներդնելու հայրենիքը միասնաբար շենացնելու գործում: Տեղին է մեջբերել Վ. Բելինսկու խոսքերը. «Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը»:

 

Scroll Up