Բրազիլացի լրագրողները ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց և հարցազրույց տվեց բրազիլական առաջատար SBT հեռուստաընկերության և «Estadao de Saօ Paulo» թերթի լրագրողներին:
Լրագրողների խումբը Հայաստան է ժամանել երկիրը բազմակողմանիորեն ներկայացնող հաղորդաշար պատրաստելու նպատակով:
ՀՀ սփյուռքի նախարարին ուղղված հարցերը վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, հայկական Սփյուռքի կազմավորմանը և տարբեր երկրների հայ համայնքներին, հայ-թուրքական հարաբերություններին, ցեղասպանության ճանաչման գործընթացին, նախարարության գործառույթներին և այլն:
Հանգամանալի պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հատուկ շնորհակալություն հատնեց Բրազիլիայի Սենատին, որը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. «Ես դա համարում եմ հանուն ճշմարտության և արդարության արված հզոր քայլ և հարգանքի դրսևորում՝ սփյուռքահայության հանդեպ, ովքեր փրկվելով թուրքական յաթաղանից՝ բնակություն հաստատեցին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Բրազիլիայում: Դա ցույց է տալիս նաև Բրազիլիայի պայքարը հանուն այն բանի, որ այլևս երբեք ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանությունը», – ասաց Հրանուշ Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ երկրի նախագահն անպայման կհաստատի Սենատի որոշումը: