ՀՀ սփյուռքի նախարարությունը և ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ են հայ համայնքի և Սիրիայում հայաստանյան դիվանագիտական կառույցների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/nor-gyux2.jpg)
Վերջին օրերի աղետալի իրադարձությունները Սիրիայում դարձյալ կորստաբեր եղան հայ համայնքի համար:
Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում ռումբի պայթյունից զոհվել է երեք (Ռահել Դավիդյան, Միսաք Պարգև Պոշկեզենյան, Անդրանիկ Գանթարճյան) և վիրավորվել երկու հայ (Մանուկ Ղազարյան, Հովսեփ Արամյան):
ՀՀ սփյուռքի նախարարությունը և ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ են հայ համայնքի և Սիրիայում հայաստանյան դիվանագիտական կառույցների հետ: Կատարվել է վերլուծություն և իրավիճակի գնահատում: Չի գործում Հալեպի օդանավակայանը, վտանգված են ցամաքային ճանապարհները: Չնայած այս ամենին, նախատեսվում է հումանիտար օգնության կազմակերպում Լաթաքիայով: Կշարունակվի օժանդակությունը Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքներին:
Սփյուռքյան համայնքները կրկին իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն և աջակցություն սիրիահայության:
Հայ Դատի ԱՄՆ գրասենյակից հայտնել են, որ ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնել Հալեպի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ կապված: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահին, պահանջելով դադարեցնել Հալեպում քրիստոնյաների և քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չխոչընդոտի Եփրատի ջրի ազատ հոսքը Սիրիա:
Հալեպի վերջին օրերի իրադարձությունների հետ կապված իր խիստ մտահոգությունն է հայտնել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները Միջին Արևելքում:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն