Հայկական կազմակերպությունները Ցեղասպանության ճանաչման կոչով դիմել են Էստոնիայի ղեկավարությանը
Հայկական մի շարք կազմակերպություններ «2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիայի շրջանակներում 3 օրվա ընթացքում 500ից ավելի էլեկտրոնային նամակներ են ուղարկել Էստոնիայի վարչապետի գրասենյակ և խորհրդարանի ղեկավարությանը, այդ երկրի ամենահայտնի լրատվամիջոցներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց ակցիայի համակարգող Լիլիթ Մկրտչյանը, արշավը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ. Էստոնիայի իշխանությունն ու լրատվամիջոցները կշարունակեն ստանալ նամակներ Հայաստանի եւ աշխարհի քաղաքացիներից: «2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիան նախաձեռնել են Երիտասարդ առաջնորդների դպրոցն ու Երիտասարդ պատմագետների ասոցիացիան:
Նախաձեռնության նպատակն է Ցեղասպանությունը չճանաչած երկրներին իրազեկել 20 րդ դարի առաջին ցեղասպանության մասին և կոչ անել ճանաչել «Հայոց մեծ եղեռնը»: Նախաձեռնությունը ամեն շաբաթ կհայտարարի մեկ երկրի անուն ու այդտեղի էլեկտրոնային հասցեներ` այն երկրի, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Առաջին շաբաթը հայտարարված է Էստոնիայի շաբաթ: Նախաձեռնույթունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ակցիային ու ներդրում ունենալ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին: Որքան շատ մարդ ուղարկի այդ նամակները, այդքան մեծ հետաքրքրություն կառաջացնի երկրի լրատվամիջոցներում, ու եթե այս նամակի նույնիսկ 1 օրինակ հրապարակվի թիրախային երկրում, ապա դա արդեն 1 քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին», նշում են կազմակերպիչները: