Սփյուռքի նախարարությունը և հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում են կրթական դրամաշնորհային մրցույթ
ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայ ոսկերիչների հիմնադրամի (AJF) հետ համատեղ նախաձեռնել է կրթաթոշակի շնորհում հինգ հայ ուսանողների՝ «Ադամանդի դասակարգում» մասնագիտությամբ ուսանելու նպատակով:
Դասընթացի շրջանակներում Հայ ոսկերիչների հիմնադրամին կաջակցի Հայկական հեմոլոգիական լաբորատորիա-ակադեմիան (AGLA): Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում՝ շրջանավարտները կդառնան ադամանդի դասակարգման հավաստագրված փորձագետներ, ինչը թույլ կտա վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը ոսկերչության և ադամանդագործության ոլորտում:
Դիմորդները պետք է բավարարեն AGLA-ի ընդունելության պահանջները: Ուսուցումը, ինչպես և ուսումնական ձեռնարկները հայերեն լեզվով են, ուստի հայերենի իմացությունը պարտադիր է: Դիմորդները պետք է լինեն հայ` նվիրված հայկական ավանդույթներին ու սովորույթներին և հավատարիմ իրենց ազգամշակութային ժառանգությանը: Նախընտրելի է, որ դիմորդներն ունենան ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներ: Տեսական դասաժամերը սկսվում են ժ.18:00-ին, իսկ գործնական պարապմունքներն ընթանալու են ազատ գրաֆիկով: Դասընթացներն իրականացվելու են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից: Ծրագիրը մեկնարկելու է 2015թ. սեպտեմբերից և ներառելու է ադամանդի ուսումնասիրության բոլոր ոլորտները: Հայտերի և լրացված փաստաթղթերի հանձման վերջնաժամկետը 2015թ. օգոստոսի 30-ն է:
Առաջնությունը կտրվի Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի, Հայաստան բռնագաղթված սիրիահայ համայնքի և սփյուռքահայ համայնքների արժանի դիմորդներին:
Ուսումնական ծրագրում ներառված են՝
- Ադամանդի բնույթն ու ադամանդագործների չգրված օրենքներ
- Ալմաստների ֆիզիկա
- Ալմաստների ֆիզիկական բնութագրերը
- Ալմաստների բյուրեղաբանական համաչափությունը
- Ալմաստների օպտիկան
- Ալմաստների գույնն ու դրա բնույթը
- Ալմաստների սինթեզը (HPHT, CVD)
- Ալմաստների կազմավորումն ու հանքաարդյունահանումը
- Անմշակ ալմաստների տեխնոլոգիական հանքաբանությունն ու դասակարգումը
- Ադամանդի դասակարգումը
- Արհեստական և ազնվացված ադամանդներ
Հայտաձևն ու պահանջները առցանց առկա են, ինչպես նաև կարող են ներկայացվել AJF-ի միջոցով: Անհրաժեշտ է լրացված հայտը, երաշխավորող նամակն ու ռեզյումեն (ինքնակենսագրություն) ուղարկել Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության europedep@yahoo.fr էլ. հասցեին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել Եվրոպայի հայ համայնքների վարչություն (37410) 58 56 01 (112) հեռախոսահամարով:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ