Մասունք` հիշողության տեսքով. Պատմում է Ժիրայր Ռէիսեանը

Դեր Զորի Նահատակաց հուշահամալիրի պայթեցումից անցել է մեկ ամիս: Հայոց Ցեղասպանության նահատակների սրբավայրի հետ կապված յուրաքանչյուր պատմություն այսօր մի նոր իմաստ է ստանում, ավելի արժևորվում ու դառնում յուրատեսակ մասունք` հիշողության տեսքով:

Պատմում է Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռէիսեանը .

– Երբ կառուցվել է Դեր Զորի առաջին հողաշեն մատուռը, հիմքում տեղադրվել են Դեր Զորի ավազների վրայից հավաքված Եղեռնի նահատակների աճյունները: Ոսկորների հավաքման աշխատանքներին հայրս ներկա է եղել, նա այդ օրերին ֆրանսիական պաշտոնական լուսանկարիչ էր (Սիրիան այդ ժամանակ Ֆրանսիայի տիրապետության տակ էր գտնվում): Հայրս պատմում է, որ Դեր Զորում, գետի մյուս ափին, որը լրիվ անապատ էր, ավազուտներն ամբողջովին գանգերով և ոսկորներով էին ծածկված: Երբ ավազամրրիկ էր բարձրանում, ավազը, մերկացնելով մի կողմի ոսկորները, ծածկում էր մյուս հատվածում գտնվող ոսկորները: Իսկ երբ քամին մյուս կողմից էր փչում, հակառակ պատկերն էր ստացվում: Եվ այսպես շարունակ: Դեր Զորի բնակիչներն անգամ չէին ցանկանում գետի այդ կողմն անցնել, որովհետև նրանց թվում էր, որ ուրվականների աշխարհում են հայտնվում:

Ֆրանսիական զինվորական կառավարիչներից մեկը, հիմա անունը չեմ հիշում, երբ Դեր Զոր է գալիս, անակնկալի է գալիս այդ պատկերից: Եվ հրահանգում է՝ ոսկորահավաք անել և թաղել: Եվ այդպես, նահատակների մասունքների մի մասը թաղվում է Դեր Զորի մատուռի ներսում, մի մասը ուղղարկում է Անթիլիաս, ուր կառուցվել է Նահատակաց մատուռը: Աճյունների մի փոքր մաս տարվել է Կամիշլի, մնացածը թաղել են ավազուտների մեջ:

Երբ տեղի է ունենում Դեր Զորի հողաշեն եկեղեցու բացումը, ներկա է լինում Ռեֆռեֆ հանմ անունուվ մի տիկին: Ականատեսներից մեկը պատմում է, որ երբ Սյուրմելյան սրբազանը մոտենում է ժապավենը կտրելու, նկատում է Ռեֆռեֆ հանմին: Կանչում է իր մոտ և ասում, որ դու ավելի ես արժանի այս ժապավենը կտրելու, որովհետև շատ հայերի կյանք ես փրկել: Տիկինը հրաժարվում է այդ պատվից, նա Սուրմելյան սրբազանի հետ միասնաբար են կտրում ժապավենը:

Ո՞վ էր այդ կինը, որին այդքան պատվել է Սրբազանը: Ռեֆռեֆ հանմը, մի կին էր, ում հայրը՝ Մուստաֆա Նեդիմը, եղել է Օսմանյան պալատի առաջին քարտուղարներից մեկը: Շատ մոտ է եղել սուլթանին, բայց առիթի դեպքում բուռն կերպով ընդվզել է հայերի դեմ կատարված ոճիրների դեմ: Այս ամենի պատճառով շատերը նրան անվստահելի մարդ են համարեն ու ծրագրել են սպանել: Բայց նրա մտերիմ մարդիկ այդ մասին հայտնում են նրան, և վերջինս փախչում է երկրից:

Աղջիկը՝ Ռեֆռեֆը, ամուսնանում է զինվորականի հետ, ում եղբայրը Դեր Զորի շրջանի զինվորական հրամանատարն է լինում: Մի քիչ անձեռնմխելիություն ունեցող ընտանիք են լինում և մարդիկ չեն համարձակվել նրանց նեղացնել: Ռեֆռեֆն ու մայրն այդ առթին օգտագործել են և մեծ թվով հայերի են իրենց տանը պատսպարել: Տան ներքնահարկը վերածել են ապաստարանի, որտեղ թաքցրել են հայ գաղթականներին: Մայր ու աղջիկ Ճաշ են եփել նրանց համար, արաբ հարուստ ընտանիքների տներն ընկած, գաղթական հայերի համար շորեր են հավաքել: Կազդուրելուց հետո նոր հագուստներ են հագցրել և որևէ մեկ ձևով ճանապարհ դրել, որպեսզի ուրիշ գաղթականների կարողանային փրկել ու պատսպարել: Այս ձևով բավականին մեծ թվով հայեր է փրկել այս ընտանիքը:

Ուրախ եմ, որ գոնե կարողացա ճանաչել Ռեֆռեֆ հանմին իր կյանքի վերջին տարիներին, արդեն 100-ամյա կին էր, բայց դեռ գիտակցությունը տեղն էր: Դժբախտաբար, նյութական շատ ծանր պայմաններում է մահացել: Փորձեցի փնտրել նրա հարազատներին, գերեզմանը և ի վերջո կարողացա:

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up