Արուսյակ Բարսեղյան. «Մեր դպրոցում ամեն ինչ անում ենք, որպեսզի սիրիահայ աշակերտներն իրենց լավ զգան…»

Օրերս Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, որտեղ սովորում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված շուրջ 100 սիրիահայ աշակերտ, կայացավ Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանի բացման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիի, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե  Սողոմոնյանի մասնակցությամբ:

«Հայերն այսօրի» թղթակցի հետ  զրույցում դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանը ջերմորեն խոսեց սիրիահայ երեխաների մասին, և ասաց, որ նրանք հեշտությամբ են մերվել շրջապատին, բարիդրացիական հարաբերությունների մեջ են հայաստանցի աշակերտների հետ, ոչ մի խնդիրներ չեն առաջացնում, աչքի են ընկնում կարգապահությամբ:

Տնօրենի խոսքով՝ սկզբնական շրջանում երեխաների մոտ լարվածություն է նկատվել, բայց հիմա խաղաղ հոգեվիճակում են գտնվում, սիրով են հաճախում դասերին: Այս ամենը պայմանավորված է նաև տնօրենի և ուսուցիչների բարեհամբույր վերաբերմունքով:

 Ուսուցիչների ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ հասել են այն արդյունքին, որ այժմ սիրիահայ երեխաներն  առանց դժվարության արևելահայերենով են սովորում դասերը: Իրենց հասակակից հայաստանցի երեխաներն էլ խտրականություն չեն դնում և բարեկամական սիրով են լցված միմյանց հանդեպ: Արուսյակ Բարսեղյանը տեղեկացրեց , որ դասալսումների  գնալիս նկատում է, թե ինչպես են սիրիահայ երեխաները խնդրում ուսուցիչներից, որ իրենց իբրև սիրիահայ չառանձնացնեն, այլ ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և աշակերտ: Դա, անշուշտ, խոսում է այն մասին, որ երեխաներն այստեղ օտարի պես չեն զգում իրենց և լիովին ներգրավված են հայկական միջավայրին:

Ուսման ընթացքում հիմնական դժվարությունները երեխաների համար ռուսաց լեզվի դասերն են հանդիսանում, սակայն աշխատասիրության շնորհիվ փորձում են այդ առարկան էլ յուրացնել: Մաթեմատիկական գիտելիքներով են աչքի ընկնում. նույնիսկ երկու սիրիահայ աշակերտ մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթին, որտեղ երկրորդ դասարանցի Տոշողլալեան Լիլիթը երկրորդ տեղն է գրավել, իսկ երրորդ դասարանցի Պազարճեան Սաքոն՝ հատուկ մրցանակ ստացել:

Դպրոցում գործում են արտադասարանական տարբեր խմբակներ, որտեղ ակտիվորեն մասնակցնում են նաև սիրիահայ աշակերտները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ սիրիահայ աշակերտների համար 2-րդ տարին անընդմեջ   անցկացվում են  արաբերենի խորացված դասընթացներ:  Իսկ այս տարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ՝ դպրոցի առաջին դասարանցիները  շաբաթական երկու դասաժամ արաբերեն են սովորում:

 Տիկին Բարսեղյանը շեշտեց, որ սիրիահայ աշակերտներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում, նրանց մոտ առաջացած խնդիրներին հրատապ լուծումներ են տալիս.  դպրոցում ամեն ինչ անում են, որպեսզի նրանք իրենց լավ զգան:

Զրույցի վերջում դպրոցի տնօրենն իր խորին շնորհակալությունն ու երախտագիտության խոսքն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին՝  Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանի բացման համար: Տնօրենի կարծիքով՝ նման ժամանակակից, հագեցված տեխնիկաների առկայությամբ աշակերտներն առավել հաճույքով կհաճախեն համակարգչային դասընթացներին և կզարգացնեն մտահորիզոնը:

Եզրափակելով իր խոսքը՝ տիկին Բարսեղյանը նշեց, որ միջոցառման հանդիսավոր արարողությանը սիրիահայ աշակերտները մեծ ոգևորությամբ են ելույթ ունեցել՝ արաբերենով և հայերենով բանաստեղծություններ արտասանել, երգեր կատարել, որոնք արժանացել են բարձրաստիճան հյուրերի հավանությանն ու  բարձր գնահատանքին:

Հավելենք, որ աջակցությունը ցուցաբերվել էր 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպանության միջև կնքված հուշագրի համաձայն՝ «Աջակցություն Հայաստանում բնակվող սիրիահայերի կրթական հիմնախնդիրների լուծմանը» ծրագրի շրջանակներում:

Պատրաստեց  Գևորգ  Չիչյանը

1 2 3 4 5 6 7 8 9 unnamed3

Scroll Up