Դանիել Վարուժան Հեճինեանի «20 կախաղաններ»-ը՝ թուրքերեն թարգմանված գրքի շապիկին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/0174.jpg)
Նամակի մեջ մասնավորապես ասվում էր.
«Մեր հեղինակ Նևզաթ Օնարան «Հայ և հույն կալվածքների թուրքացումը օսմանյան կայսրությունում և հանրապետությունում» թեմայով հետազոտությունների ընթացքում պատահաբար հանրային գրադարանում հայտնաբերել է Եդվարդ Չոփուրյանի «20 կախաղաններ» գիրքը ՝խմբագրված նահատակների բարեկամների, ինչպես նաև ականատեսների վկայությունների վրա և հրատարակված 1921 թ-ին Ստամբուլում ի հիշատակ նահատակված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 20 անդամների: Այս գիրքը Արիս Նալջին հայերենից թարգմանել է թուրքերեն՝ «Փարամազ: Բայազետի 20 կախաղանները» վերնագրով , որը մատուցվելու է թուրք ընթերցողին: Հետևաբար մենք խոնարհաբար հայցում ենք Ձեր թույլտվությունը՝ օգտագործել Ձեր արվեստի գործը՝ որպես վերոհիշյալ գրքի շապիկ՝ համոզված լինելով , որ այն կտա գրքին բացառիկ նշանակություն»:
Վերոհիշյալ նամակին կցված էր նաև 1921 թ-ին հրատարակված՝ Եդվարդ Չոփուրյանի գրքի կրկնօրինակը, թուրքերեն թարգմանությունը, ինչպես նաև գրքի շապիկի նախնական ձևավորումը, որտեղ նկարից միայն մի հատված էր պատկերված: Ուղարկված նյութերը ուսումնասիրելուց հետո, նպատակահարմար գտա ընդառաջել այն պայմանով, որ գրքի շապիկի նկարը լինի ամբողջական, ինչպես նաև հեղինակի անունը՝ Դանիել Վարուժան Հեճինեան, նկարի ստեղծման թվականն ու պատմությունը նշված լինեն գրքի առաջին էջում:
Սովորելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ 1976 թ-ին որպես ավարատական դիպլոմային աշխատանք ընտրել էի Հայոց ցեղասպանության թեման՝ իմ աշխատանքում պատկերելով «20 կախաղանները» : Այս հսկայական աշխատանքի գաղափարը ծնվել էր իմ մտքում վաղ դպրոցական տարիներին, երբ ամեն տարի հունիսի 15-ին, բոլոր աշակերտներով հավաքվում էինք Հալեպի Կիլիկիան վարժարանի բակում ՝ լսելու տնօրենի ոգեշունչ ելույթը և հարգելու քսան նահատակների հիշատակը:
Լինելով Հալեպի Կիլիկիան ճեմարանի շրջանավարտ՝ որոշեցի նկարը նվիրել Հալեպի Հնչակյան ակումբին, և նույն թվականին իմ խնդրանքով վերոհիշյալ աշխատանքը Սփյուռքի կոմիտեի օժանդակությամբ Երևանից տեղափոխվեց Հալեպ, որից հետո նկարի մասին պաշտոնական տեղեկություն չեմ ստացել:
40 տարի անց 20-ների արձագանքը լսվեց Ստամբուլից, և սույն թվականի նոյեմբերի 7-ին, «Evrensel Publishing House»-ը իմ ստեղծագործությունը, որպես «Փարամազ: Բայազետի 20 կախաղանները» թուրքերեն թարգմանված գրքի շապիկ, ներկայացրեց Ստամբուլի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսում, որը գրքի ամենամեծ տոնավաճառն է Թուրքիայում, իսկ նոյեմբերի 8-ին Evrensel հրատարակչության կողմից հատուկ միջոցառման շրջանակներում քննարկվեց գիրքը, ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունն իր 100-րդ տարելիցին» թեման:
100 տարի է անցել այն օրից, երբ Փարամազի և նրա 19 ընկերների անշունչ մարմինները ճոճվում էին Ստամբուլի գորշ երկնակամարի ներքո, բայց նրանց ուրվականները մինչ այսօր թափառում են Ստամբուլի փողոցներում, թափանցում սերունդների ենթագիտակցության մեջ՝ մի անգամ ևս համոզվելու, որ տարիների փոշին չի կարող մոռացության մատնել ՝ իր մեջ թաքցնելով ճշմարտությունը՝ ստիպելով Թուրքիային վաղ թե ուշ հաշվի նստել իր անցյալի հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ որպես արդարության ուշացած արձագանք:
Դանիել Վարուժան Հեճինեան