Սիրիան երեկ, այսօր, վաղը…

Սիրիան թախիծ է, սեր է ու կարոտ, և այն չի կարող հուշ ու երազ դառնալ

Այնպե՜ս հարազատ է հնչում Սիրիա անվանումը, ասես Հայրենիքի զգացողություն է հաղորդում էությանս. գուցե 1915թ. կոտորածից մեր ժողովրդին իր հյուրընկալ, բարյացկամ վերաբերմունքով արաբ ժողովրդի սատարելն ու ընդունե՞լն է պատճառը, գուցե վաղ դարերից մեր բազմաշնորհ նախնիների և նրանց սերունդների ծննդավայր լինելո՞վ է պայմանավորված այդ զգացումը, գուցե նախաստեղծ հայ ժողովրդի աշխարհաձևավորման, ազգաստեղծ ճշմարտության մե՞ջ է հարազատության առեղծվածը… Գուցեև` այս ամենի ներդաշնակ համադրության մեջ…  

Երիտթուրքական դահիճների ձեռքից հայերից շատերն ազատվեցին, փրկվեցին մահից արաբ ժողովրդի օգնությամբ: «Եթե չլիներ արաբ ազնիվ ժողովրդի մարդասիրությունը, Սիրիայի ու Միջագետքի հայերի մեծ մասը գոյություն չէր ունենա», – իր նամակում գրում է 1915թ. նախճիրի վկաներից Ա. Թորոսյանը: Հալեպի նահանգապետ Ջելյալ-բեյը, Թալեաթից հայերին ոչնչացնելու հրաման ստանալով, հեռագրեց Ստամբուլ` «Ես այս նահանգի նահանգապետն եմ և չեմ ցանկանում նրա դահիճը դառնալ», որից հետո նահանգապետին պաշտոնանկ արեցին: Պատմությունից մեզ արդեն ծանոթ Նայիմ-բեյն իր հուշերում ընդգծում է, որ Հալեպի վիլայեթի Տեր-Զորի նոր նահանգապետն ամեն ինչ անում էր, որպեսզի մի փոքր մեղմացնի աքսորված հայերի տառապանքները: Կենտրոնական իշխանությունների հրամանների հակառակ` նա հայերին չքշեց ավելի հեռու` դեպի անապտաների խորքը, այլ նրանց տեղ հատկացրեց վրաններ խփելու համար և հնարավորություն ստեղծեց` զբաղվելու արհեստներով ու առևտրով: Հայերը բացեցին դերձակատներ ու կոշկակարական արհեստանոցներ, նպարավաճառանոցներ, խանութներ, կառուցեցին մի քանի հացի փռեր: Աքսորված հայերի մեջ մեծ թվով ճարտարապետներ ու շինարարաներ կային: Նրանց օգնությամբ Տեր-Զորում մեծ հիվանդանոց կառուցվեց: Ստամբուլից տեղեկանալով, որ նահանգապետը հայերի հետ լավ է վարվել, նրան անմիջապես պաշտոնից հեռացրեցին: Նրա տեղը նշանակվեց դահճապետ Ջեվդեթ-բեյը: Մոտ 200 հազար հայեր մաս-մաս ուղարկվեցին Մոսուլ, ուր զոհվեցին ոստիկանների գնդակներից, քաղցից ու հիվանդություններից: Տեղեկանալով, որ աքսորված հայերի մի մասը կանգ է առել Հալեպում, Թալեաթը հրամայում է քաղաքը մաքրել նրանցից և քշել դեպի անապատների խորքը:

Հայերի նկատմամբ երիտթուրքական իշխանությունների գործադրած սահմռկեցուցիչ բռնությունները զայրույթ ու բողոք առաջ բերեցին արաբ ժողովրդի ամենատարբեր խավերում: Պատահաբար կենդանի մնացած հայերից մեկը բերում է հետևյալ բնորոշ փաստը. «Թուրք ժանդարմները 70 հայ մանուկների լաստանավ նստեցրին և առանց ղեկը վարողի բաց թողեցին Եփրատի ջրերը` ջրվեժի մոտ: Լաստանավը շրջվեց, և բոլոր երեխաները խեղդվեցին»: Անօգնական այդ մանուկների կործանմանն ականատես արաբները դիմեցին Հալեպի թուրքական իշխանություններին` պահանջելով պատժել դահիճներին: Լինում էին դեպքեր, երբ արաբները հարձակվում էին հայերին ուղեկցող ոստիկանների վրա, ազատում քաղցից հյուծված կանանց ու երեխաներին, թաքցնում նրան իրենց տներում: Թուրքական իշխանությունները չկարողացան ամբողջությամբ ոչնչացնել աքսորված հայերին… ու ապրեցին հայերը, վերընձյուղվեցին, շատացան, արարեցին, և աշխարհը զարմացավ, որ բնաջնջված մի ազգից փրկված սուրբ նշխարները կարողացան անհատակ վշտերից նորից ծլարձակել… Եվ շարունակվեց հայի կյանքը աշխարհի բոլոր ծագերում, և Սիրիան դարձավ շատերի համար երկրորդ Հայրենիք, ծննդավայր, ու պատարագվեց մեր Կոմիտասը, հայ մանուկը հնչեցրեց մեր ոսկեղենիկ այբուբենը, ապրեցին լեզուն ու  հավատքը հայի շուրթերին ու սրտում: Ծաղկեց Սիրիան. աշխատասեր հայերը արաբ ժողովրդի հետ կողք կողքի ապրեցին, աշխատեցին, ստեղծեցին, և կատարվեց Արարչի մեծագույն պատգամը` «Սիրեցէք զմիմեանս»:

Թուրքական վայրագությունների բովով անցած և անլուր հալածանքներ կրած արաբ ժողովուրդն այսօր կրկին հայտնվել է պատերազմական գործողությունների կիզակետում` այս անգամ ներքաղաքական պայքարի բովում, սակայն օտար ուժերի և օտար շահերի ինչ-ինչ ակնկալիքներով: Ավերակ քաղաքներ, ավերակված թաղամասեր, բազմաթիվ զոհեր, այդ թվում շատ հայորդիներ, ու հայը կրկին գաղթական է դարձել` հանգրվանելով աշխարհի տարբեր երկրներում, նաև` Մայր Հայրենիքում… Գուցե այսպե՞ս է բացվում Հայրենիքի ճամփան… Դաժա´ն է, որովհետև Սիրիան ծննդավայր է, նախնիների երկիր, Սիրիան հարազատ տուն է, Սիրիան հայկական մի հարուստ գաղթօջախ է, ուր սրբություններ կան` եկեղեցիներ, դպրոցներ, մշակույթի կենտրոններ, հարազատ շիրիմներ, արհեստանոցներ ու արվեստանոցներ, խանութներ ու այնտեղ մնացած շատ հարազատներ… Սիրիան թախիծ է, սեր է ու կարոտ, և այն չի կարող հուշ ու երազ դառնալ Կիլիկեան վարժարանում սովորող այն սիրիահայ փոքրիկ տղայի համար, ով տխուր աչուկներով ու պերճաշուք արևմտահայերենով բարբառեց. «Ես իմ խաղատեղս, մահճակալս կկարոտեմ…»: Կգա´ այդ բաղձալի օրը, երբ ցանկության դեպքում ծննդավայր կվերադառնան սիրիահայերը, երբ Սիրիայում այլևս չեն լսվի կրակոցներ, արյուն չի հեղվի, տներ ու երազներ չեն ավերվի… Կգա´ այդ երանելի օրը և չեն իրականանա հռչակ ունեցող մարգարեների խոսքերը թե`կընկնի Սիրիան, և կսկսվի 3-րդ համաշխարհայինը: Կբարձրանա´ Սիրիան, ոտքի կկանգնի Սիրիան, և հակառակ շահեր ու գաղափարներ ունեցող սիրիացիները կհասկանան, որ եղբայրներ են, ու կդադարի եղբայրասպան, ուրիշների շահերով թելադրված պատերազմը: Կդադարի… և սուրիական նոճիները, կիպարիսներն ու մայրիները միայն անուշ շշունջներ կբերեն ու խաղաղությամբ կլցնեն բոլորի հոգիները: Բանաստեղծի բառերով ցանկանք` «արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա…»:

Կարինե Ավագյան

Scroll Up