Լիոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Ֆրանսիական lyoncapitale.fr կայք-էջի հոդվածագիր Փոլ Դալասն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին.
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լիոնի քաղաքապետարանը մի շարք ձեռնարկներ է նախաձեռնել, որոնք նվիրված 1915 թվականի ողբերգական դեպքերին:
Նախատեսված են ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, համերգներ, գիտաժողովներ, որոնք հիշատակելու են Հայոց ցեղասպանությունը:
1915 թվականի Հայոց ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան 1,5 միլիոն մարդ: 2015 թվականինն Լիոնը ցանկանում է պատգամ փոխանցել՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության առիթով, որպեսզի կասեցվեն մարդկության դեմ կատարվող բոլոր ոճրագործությունները:
Ձեռնարկները նախատեսված են մարտ-հունիս ամիսներին :
. Ցուցահանդեսներ
Մարտի 5-ից մինչև մայիսի 16-ը Պյուլյուքյան հիմնադրամի սրահում լուսանկարիչ Խաժակ Օհանյանը ներկայացնելու է անհատական և հավաքական ցուցահանդես, որը նպատակ ունի դատապարտելու Ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած բարբարոսությունները: Լուսանկարներից 14-ը մեծածավալ են, ներկայացնում են Հալեպի տեսարանները, որոնք ընդգրկում են պատմաբանների, փիլիսոփաների դիտարկումները:
Ապրիլի 3-ից հունիսի 13-ը «Երկնքի կապույտը» պատկերասրահում ներկայացվելու է լուսանկարիչ Անտուան Ակուջյանի «Լռության ճիչը» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչը նկարների միջոցով առաջարկում է վերակենդանացնել հայկական հիշողությունը: Լուսանկարիչը Ցեղասպանությունը վերապրածների սերնդի միակ հայն է, որի լուսանկարները ցուցադրվել են Թուրքիայում: Լուսանկարները նպատակ ունեն իբրև ռահվիրա, կենդանի վկայություն՝ ծառայելու գեղարվեստին:
. Համերգներ
Աշխարհահռչակ System of a Down-ի «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայացվելու է «Թոնի Գարնիեր» դահլիճում: Խումբը, որի բոլոր անդամները հայեր են, Ֆրանսիայի քաղաքներից ընտրել է Լիոնը՝ իր յուրահատուկ համերգաշարը ներկայացնելու համար: Ապրիլի 14-ին նախատեսված համերգի բոլոր տոմսերն արդեն սպառված են:
Լիոնում ելույթ են ունենալու նաև Արաբելլա Ադայնբախերը և Վարդան Մամիկոնյանը: Ապրիլի 24-ին ժամը 22 :30–ին կայանալիք «Հարյուր համերգ՝ ի հիշատակ 1915-ի հայերին» խորագրով համերգին աշխարհահռչակ ջութակահարին կնվագակցի ռոմանտիկ երգացանկ ունեցող դաշնակահարը:
. Դասախոսություններ և քննարկումներ
Լիոնում կազմակերպվելու են նաև դասախոսություններ և քննարկումներ: «Հայերը. Սփյուռքի ժողովրդի պատմություն» խորագրով գիտաժողովը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 19:30-ին, Լիոնի առաջին թաղամասի համայնքային գրադարանում:
Ապրիլի 15-ին, Լիոնի 3-րդ թաղամասին թաղապետարանը կազմակերպելու է հուշ-երեկո՝ հիշատակելու երեք ցեղասպանությունները՝ հայերի, հրեաների և դուրզիների:
Մայիսի 6-ին «Խաչաձևված նայվածքներ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով գիտաժողովի բանախոսը թուրք տարագիր գրող Փինար Սելեքն է, ով այսօր ապրում է Ֆրանսիայում:
Սեմինարները կավարտվեն Լիոնի համալսարանում հունիս 20-ին կայանալիք «Կրոնական գործոնի դերը ցեղասպանության գործընթացում» խորագրով գիտաժողովով, որտեղ բանախոսելու են մարդկության դեմ իրականացվող հանցագործություների մասնագետներ Ժան Պիեռ Մահեն և դոկտոր Իվ Թերնոնը:
Հ.Գ. Վերջին տարիներին Լիոնը սերտ կապեր է հաստատել Հայաստանի հետ: Լիոնը և Երևանը քույր քաղաքներ են: Լիոնի շրջակա տարածքում հայկական համայնքը շուրջ 40 հազար անդամ ունի, իսկ Ռոն Ալբ շրջանում՝ 135 հազար:
Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»