ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը «Վիքթորիա եւ Գրիգոր Թիւթիւնճեան» վարժարանի 180-ամյա հոբելյանի առթիվ

«Վիքթորիա եւ Գրիգոր Թիւթիւնճեան»

ազգային վարժարանի հարգելի տնօրեն պարոն Սիմոն Թիւթելեան,

«Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեվոր հայրեր,

հոգաբարձուների խորհրդի անդամներ,

սիրելի ուսուցիչներ,

սիրասուն սաներ եվ ծնողներ,

վարժարանի հարգելի բարեկամներ, հովանավորներ – բարերարներ,

 

Մեծ  ուրախությամբ, սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ «Վիքթորիա եւ Գրիգոր Թիւթիւնճեան» վարժարանի 180-ամյա հոբելյանի առթիվ:

Մոտ 2 դար առաջ   Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հիմնվեց  «Վառվառեան» տղայոց դպրոցը, որն ընդարձակվեց,  վերանվանվեց «Վիքթորիա եւ Գրիգոր Թիւթիւնճեան» դպրոց և վերածվեց երկսեռ վարժարանի: Այն սրբորեն իրագործում է իր առաքելությունը՝ պահել-պահպանելով հայկականությունը, հայ լեզուն և հայ մշակույթը, զբաղվում է հայակերտումի և մարդակերտումի չափազանց կարևոր գործունեությամբ:

Վարժարանն այսօր Հայ առաքելական եկեղեցու և մշակույթի տան հետ համագործակցությամբ առավել քան ուժեղ է և հաջողությամբ շարունակում է իր նվիրական գործը:

180 տարին բուլղարահայերի՝ մայրենի լեզուն պահպանելու և սերունդներին փոխանցելու, հայ ինքնության որակները, ազգային ինքնագիտակցությունը հայ երեխաներին ներարկելու անկոտրում  կամքի ու ջանքերի վկայությունն է:

Ունեցած փառավոր պատմությունը վկայությունն է նաև դպրության այս օջախի բոլոր ժամանակների ռահվիրանների՝ ուսուցիչների նվիրական աշխատանքի, ում շնորհիվ հազարավոր հայ պատանիներ ու աղջիկներ ստացել են ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլև ամրապնդել իրենց ինքնությունը: Վարժարանի շնորհիվ է նաև հայը հայ մնացել հայրենիքից դուրս՝ իր հոգում և սրտում վառ պահելով Մայր հայրենիքի սերն ու տեսլականը:

Փա՛ռք ու պատի՛վ դպրոցի բոլոր ժամանակների դպրապետերին, ուսուցիչներին և սաներին:

Պատահական չէ, որ դպրոցն ու նրա երկար տարիների նվիրյալ ուսուցչուհին՝ Էլիզաբեթ Վարդանյանը դարձել են ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն կրթօջախ» և «Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթների մրցանակակիրներ:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև բոլոր այն անհատ բարերարներին և կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներբերել վարժարանի կայուն գործունեության ապահովման համար:

Հայաստան – Բուլղարիա քաղաքական, մշակութային և բարեկամական գործակցությունը նպաստում է հայ համայնքի, հայ դպրոցի գործունեությանն ու զարգացմանը: Հայ-բուլղարական բարեկամությունը, ժողովուրդների միջև դարեր շարունակ ջերմ կապերը շարունակում և զարգանում են նաև դպրոցի և նրա շուրջ համախմբված հարյուրավոր հայորդիների շնորհիվ:

Ուրախ ենք, որ դպրոցի հոբելյանի շրջանակներում կազմակերպվելու է հայոց լեզվին նվիրված խորհրդաժողով, որտեղ կքննարկվեն կարևոր և գործնական խնդիրներ:

Համոզված եմ, որ հետագայում ևս վարժարանի բոլոր մանկավարժներն ու  աշակերտները, ծնողներն ու հովանավորներն առավել  ոգևորված ու նվիրական կաշխատեն վառ պահել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ջահը, ամենուր տարածել մայրենի լեզուն ու հայկական շունչը:

Հարգանքով և բարեմաղթանքներով՝

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Scroll Up