ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին արքության պատիվ ստանալու առիթով

Սրբազա´ն Հայր,

Սիրով շնորհավորում եմ Ձեզ` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից Ձեզ արքության պատիվ շնորհելու առիթով, ինչը Ձեր նվիրյալ և ազնիվ ծառայության ու Հայ եկեղեցու մերօրյա հոգևոր հովվի յուրօրինակ ավանդի և հավատարմության գովելի գնահատականն է։

Դուք արդարորեն վաստակել եք սիրիահայության սերն ու վստահությունը Ձեր նվիրյալ աշխատանքով, հատկապես Սիրիայի այս տագնապալի օրերին, և Ձեր տիրախնամ առաջնորդությամբ շարունակում եք առաջնորդել համայնքը, կատարել հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական առաքելություն:

Ձեր ազգանպաստ գործունեության, հմուտ և ճկուն աշխատաոճի շնորհիվ է նաև, որ այսօր Բերիո Հայոց թեմի շուրջն է համախմբվել Սփյուռքի ամենահին, հայոց ինքնությունն ու ոգին իր մեջ լավագույնս կրող, այսօրվա անբարենպաստ պայմաններում դրա արմատներին ամուր կառչած, ազգային դիմագիծը պահպանող Բերիո հայ համայնքը: Անտեսելով ու արհամարհելով սպառանցող վտանգները՝ Դուք ապացուցում եք, որ Ձեր ծրագրերը կյանքի են կոչվում հենց այդ առաքելությամբ՝ հային հայ պահելու, ազգային արժեքները փոխանցելու և տարածելու ձգտումով՝ նույնիսկ պատերազմական իրավիճակում:

Համոզված ենք, որ Բերիո թեմի շրջանակներում շարունակելու եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մարդկային ամենադաժան և զազրելի հանցագործությունները պետության կողմից որպես ցեղասպանություն ճանաչելու գործընթացը: Սիրիական պետության որդեգրած քաղաքական նոր գիծը՝ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, Ձեր ազգային գործունեության համար նոր, ավելի բարենպաստ հնարավորություններ է ստեղծում:

Թող օր առաջ ավարտվի պատերազմը Սիրիայում, և Աստծո կամոք նրա աշխատասեր ու բարի հայ համայնքը կրկին դառնա իր առօրյա հաճելի հոգսերին, ձեռնամուխ լինի հոգևոր-մշակութային և համայնքային կառույցների վերակազմակերպմանն ու ազգային հաստատությունների վերակառուցման աշխատանքներին, իսկ օտար ափերում ապաստանած հայ ընտանիքները վերադառնան իրենց օջախներ, և նորովի զարկ տրվի սիրիահայ կյանքին:

Վստահ ենք, որ Ձեր հայրենասեր ու ազգասեր ոգով և Բերիո հայ համայնքում գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր՝ գովեստի արժանի գործունեությունը՝ հանուն Սիրիայի հայ համայնքի նոր ձեռքբերումների:

Թո´ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Բերիո Հայոց թեմին, Ձեզ, Սրբազա´ն Հայր, և ողջ սիրիահայությանը:

 

 

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ   

Scroll Up