Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը,  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը,  պաշտոնատար այլ անձիք:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին` փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մասնավորապես ասաց. «Արդեն քանիերորդ անգամ մասնակցում եմ «Արի տուն» ծրագրի ճամբարային օրերի այս միջոցառմանը և ամեն անգամ հուզմունքս մեծ է լինում: Հուսով եմ, որ հայրենիքում անցկացրած օրերը երբեք չեք մոռանա, ինչպես որ ես չեմ մոռանա ձեր հետ անցկացրած հրաշալի օրս: Գլխավորնն այն է, որ յուրաքանչյուրդ ձեր երկրներում Հայաստանով ապրեք և մտքում վառ պահեք հայրենիք վերադառնալու ցանկությունը»:

Արիտունցիները հյուրերին  ներկայացրին ճամբարային օրերի ընթացքում պատրաստած գեղեցիկ համերգային ծրագիրը: Նրանք ներկաների համար հայրենասիրական տարբեր երգեր, բանաստեղծություններ կատարեցին, ինչպես նաև ազգային-ժողովրդական պարերով հանդես եկան:

Սփյուռքի երիտասարդներին իրենց կատարումներով ողջունեցին «Հայկազունք» համույթը` Գուսան Հայկազունի ղեկավարությամբ, և Խարկովի «Արմենիա» պարային անսամբլը:

Արիտունցիներին ողջունեց նաև Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը. «Արդեն երկրորդ անգամ է «Արի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանն եմ մասնակցում, տպավորված եմ: Սա մի առիթ է  հանդիպելու, շփվելու և մտքեր փոխանակելու սփյուռքի պատանիների և աղջիկների հետ, այն ամենը, ինչ  տեսաք Հայաստանում, համոզված եմ՝ իբրև թանկ հիշողություններ միշտ կպահպանեք ձեր սրտերում»:

Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը արիտունցիներին խորհուրդ տվեց սիրեն Հայրենիքը, Մայրենի լեզուն և Մայր Եկեղեցին, քանի որ միայն այս սյուներով կանգուն կմնա հայ օջախն  ու հայի տեսակը:

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի ավարտն ազդարարող հրաժեշտի ավանդական խարույկի կրակը նույնպես վառվեց: Բոլորը շուրջպար բռնեցին խարույկի շուրջ և մինչև ուշ երեկո թնդաց հայոց ավանդական քոչարին:

Գևորգ Չիչյան , 

Ծաղկաձոր

unnamed (13) unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12)

Scroll Up