Ավո Հովհաննիսյանի ազգանվեր գործերը

Ավո Հովհաննիսյանին հայաստանյան գիտական շրջանակները լավ են ճանաչում: Նա ազգային բարերար լինելուց զատ, կատարում է նաև գիտական լուրջ աշխատանքներ, բոլորեքյան նվիրվում մասնավորաբար Նոր Ջուղայի մշակութային կուտակումներին, ձեռագրերին: ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Նոր Ջուղայի օրերի» շրջանակներում Ավո Հովհաննիսյանը հետաքրքիր գիտական հաղորդմամբ հանդես եկավ, որը նվիրված էր Նոր Ջուղայի ձեռագրերին: Նա այդ ձեռագրերի խոշոր հավաքողն ու համակարգողն է, կարողանում է ստեղծել գիտական համակարգման իր ուրույն ձևերը, որոնք հնարավորություն են տալիս առանձնացնել պատմաշրջաններն ու դպրոցները: Մենք զրուցեցինք Ավո Հովհաննիսյանի հետ՝ ջանալով տեղեկություններ քաղել նրա գործունեությունից, ձեռագրերի հանդեպ ձևավորված նրա նվիրվածությունից:

 «Նոր Ջուղայում մի քանի տասնամյակ առաջ տնային աճուրդի դրված մեծաքանակ հայերեն ձեռագրերը, վավերագրերն ու հնատիպ գրքերը ձեռք բերած հայ հավաքորդներից ոչ բոլորը դրանք նվիրաբերեցին հայաստանյան հայագիտական օջախներին.  ցավոք, եղան մարդիկ, որ դրանք վաճառեցին օտար հաստատություններին, անհատներին` մեկընդմիշտ այդ ամենը դարձնելով նրանց սեփականությունը»- ասաց Ավո Հովհաննիսյանը:

 Մոտ քառասուն տարի առաջ է նա սկսել իր գործունեությունը՝ այս ընթացքում ոչնչացումից ու մոռացումից փրկելով բազում ձեռգրեր, որոնք ոչ թե պահել է որպես անձնական սեփականություն կամ էլ վաճառել, այլ նվիրաբերել հայրենի այն հաստատություններին, որոնք ունեն հարուստ ձեռագրատներ:

Նվիրատվությունների թվում են Մատենադարանին ընծայաբերած 65 ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները: Նրա նվիրատվություններով հարստացել են նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային և Խնկո Ապոր անվան գրադարանները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և այլք:

«Նոր Ջուղայում կուտակված էին մեծաքանակ ազգային արժեքներ, և ես գիտակցում էի, որ մի օր դրանք օտարվելու կամ կորչելու են, և իմ կարողության սահմաններում ջանում էի փրկել այն ամենն, ինչ hնարավոր էր: Իմ նպատակն էր, որ դրանք մի օր վերադառնան հայրենիք ու գտնեն իրենց արժանի տեղը: Ցանկությունս ազնիվ է եղել, Աստված էլ ինձ շատ է օգնել, ու կարողացել եմ բոլոր ցանկություններս իրագործել: Չեմ բավարարվել միայն աճուրդներից ձեռագրեր գնելով, նաև քարոզչական աշխատանք եմ տարել նորջուղայեցիների մոտ պահված արժեքավոր ձեռագրերը փրկելու ու Մատենադարանին հանձնելու ուղղությամբ»,- ասաց նշանավոր հավաքողը:

 Ավո Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն ավիացիոն ճարտարագետ է, մարդ, որը, թվում էր՝ որևէ առնչություն չպետք է ունենար ձեռագրերի հետ, սակայն նրա մոտ ձեռագրերը սեր են, հայրենապաշտություն են, նվիրում են: Առհասարակ գիրքը Ավո Հովհաննիսյանի համար պաշտամունք է, ուստի նա հաճույքով տեղեկացրեց, որ չորս տարի առաջ վերանորոգել է Կողբ գյուղի գրադարանը և գրադարանին նվիրաբերել 350 գիրք: Առհասարակ, Ավո Հովհաննիսյանը նման չէր այն մարդկանց, ովքեր սիրում են ներկայացնել իրենց արածը, պատմել իրենց նախաձեռնությունների մասին: Այդ էր պատճառը, որ հարցազրույցը գրեթե չկայացավ, որովհետև նշանավոր հավաքողն անընդհատ ցույց էր տալիս ձեռագրերը, խնդրում դրանց արժեքի ու նշանակության մասին հարցնել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին… Ուրեմն, կա նաև մարդկային այն տեսակը, որն իր անձը տարրալուծում է իր կատարած աշխատանքների մեջ՝ առաջ մղելով այն ամենը, ինչը արժեք և բովանդակություն ունի…

 Ավո Հովհաննիսյանը  զբաղվում է նաև լուսանկարչությամբ.

«Երբ մարում է գաղթավայրը, կանգ է առնում, և  նրա շնչառությունը, թոքերն այլևս չենաշխատում, մյուս կողմից էլ սկսում են իրենց ձևով կառուցել-վերակառուցել բնակավայրը, նոր ճանապարհներ են գցվում, նոր շենքեր են բարձրացվում, խոնարհվում են նաև եկեղեցիները, հողին են հավասարեցվում ապարանքները, որոնց մեջ հայոց արվեստն է, մեր մշակութային նմուշներն են ( իսկ դրանց պատերին մեր որմնանկարչությունն է, արվեստի այս ճյուղի բացառիկ նմուշները), լա՛վ, սրա՞նց հետ ինչպես վարվել, հո հայրենիք չե՞ս կարող տեղափոխել: Քեզ մի բան է մնում. այդ ամենը դարձնել լուսապատկերներ, նաև հանձնել  թղթին:  Եվ պահ տալ սերունդների  հիշողությանը»,- ասում է Ավո Հովհաննիսյանը:

 Նա արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանի հետ հրատարակել է «Նոր Ջուղայի խոջայական պալատների գեղարվեստական ձևավորումները» գիրքը, որում զետեղված են իր հարյուրավոր լուսանկարները…

Լևոն Մութաֆյան

Scroll Up