Ֆրանսահայերի նախաձեռնությանը պետք է արձագանքել
Ֆրանսահայ կազմակերպությունները որոշում են կայացրել ամեն ինչ անել, որպեսզի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին հոդվածը, իսկ նախագահ Օլանդն էլ վավերացնի այն: Հատկապես ֆրանսահայերը շահագրգիռ են դարձել նախագահ Օլանդի Թուրքիա կատարած պատմական այցի համատեքստում՝ այսպես ձգտելով կասեցնել ցանկացած զարգացում, որը կարող է խոչընդոտել օրենքի ընդունմանը:
Հիշենք, որ նախագահ Սարկոզին քաջալերում էր հայ համայնքին, խոստանում կատարել իր պարտավորվածությունը, ինչի արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունեց համապատասխան օրենքը, որը, սակայն, գործողության մեջ չմտավ, քանզի Սահմանադիր ժողովը ճանաչեց նրա ոչ օրինականությանը…
Հետադարձ հայացք հառելով արդեն պատմություն դարձող իրադարձություններին` կարող ենք ասել, որ տեղի ունեցան որոշ «խաղեր», որոնք պայմանավորված էին մի շարք գործոններով և մասնավորաբար՝ Նիկոլա Սարկոզիի միտումնավոր հապաղումներով: Նախագահ Օլանդն իր իշխանության առաջին օրերից խոստումներ տվեց, որ անպայմանորեն այդ խնդիրը կներառվի իր գործունեության մեջ, և ինքն ամեն ինչ կանի՝ օրինագիծը վավերացնելու համար: Սակայն հենց Օլանդն էլ տևական ժամանակ հապաղում էր՝ այս ընթացքում, ի զարմանս շատերի, ջանքեր գործադրելով Թուրքիայի եվրաանդամակցության հարցում… Բնականաբար, Ֆրանսիայի համար, Ցեղասպանությունից զատ, կան ու առկա են սեփական շահերն ու խնդիրները, որոնց տրամաբանությամբ էլ գործեց Սարկոզին, և որոնք չմոռացվեցին Օլանդի կողմից: Այս առումով անչափ հետաքրքիր է դառնում Օլանդի այցը Թուրքիա, որը շատերը պատմական հռչակեցին, քանզի մի քանի տասնամյակ Ֆրանիսայի կառավարիչները ոտք չէին դրել թուրքական հողին, իսկ վերջին տարիներին նկատելի էր Թուրքիա-Ֆրանսիա խուլ դիմակայությունը, քանի որ Ֆրանսիան ընդունել էր Օրենք Ցեղասպանության ճանաչման մասին:
Օլանդը Թուրքիային կոչ արեց ճանաչել Ցեղասպանությունը, ինչը ոգևորություն առաջացրեց հատկապես ֆրանսահայերի շրջանում, որոնք արդեն տևական ժամանակ ջանադրաբար պայքարում են իրենց պահանջների կատարման համար: Այս պահանջները միայն ֆրանսահայերինը չեն, այլ աշխարհի բոլոր հայերինը, որովհետև Ցեղասպանության ճանաչումն ազգային առաջնահերթություններից մեկն է:
Թուրքիայում Օլանդի արած հայտարարությունը, սակայն, որքան ոգևորող, նույնքան էլ մտահոգիչ է: Մտահոգիչ, որովհետև Ֆրանսիայի նախագահն Անկարա էր մեկնել Թուրքիա-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների բարելավման, նոր համագործակցության ձևավորման համար: Բնականաբար, այս հանգամանքն էլ կարող է խոչընդոտ դառնալ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ճանապարհին: Չի կարող երկրի նախագահը պայմանագրեր ստորագրել համագործակցության մասին, իսկ հետո ընդունել մի օրենք, որի դեմ պայքարում է Թուրքիան, որը մեկ քայլով էլ կմոտեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման հանգրվանին: Հետևաբար, ժամանակակից աշխարհում ոչինչ չբացառելով, չենք կարող ապրել լիակատար հանգստության մեջ, չենք կարող համոզված լինել, որ Օլանդն ու նրա կառավարությունը չեն ձգի խնդիրը, խուսափողական դիրք չեն ընդունի: Նման մտավախությունը ծնունդ է մեր պատմական փորձի, մեր շուրջ կատարվող իրադարձությունների: Հիշենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը մինչնախագահական իր ելույթներում դատապարտում էր Ցեսաղսպանությունը, ճանաչելուն ուղղված խոստումներ տալիս, մինչդեռ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ ամեն ինչ արեց, որպեսզի հեռանա իր խոստումներից: Պատճառները հասկանալի են, ըմբռնելի: Մեծ տերություններն առաջնորդվում են իրենց հայեցակարգերով, իրենց սկզբունքներով: Հետևաբար, պետք է համակողմանիորեն քննարկել ամեն մի երկրի դիրքորոշումներն ու հայեցադրույթները և առաջ գնալ՝ մշակելով ուրույն ծրագրեր և քայլեր:
Այսօր ֆրանսահայերը, ժամանակի ու պատմության փորձը հաշվի առնելով, իրենց վճռականությունն են հայտնում՝ պայքարելու հանուն այն բանի, որ Ֆրանսիան ընդունի խոստացված օրենքը: Սակայն այս հարցում պետք չէ ֆրանսահայերին թողնել մենակ, պետք չէ սպասողական կեցվածք ընդունել: Անհրաժեշտ է, որ Սփյուռքում և Հայաստանում ջանքեր գործադրվեն քարոզչական աշխատանքների ընդլայնման, պայքարին ծավալուն բնույթ հաղորդելու համար: Սփյուռքն այսօր ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ հարցի լուծմանը հասնելու համար: Օտարալեզու մամուլը, ազգային և քաղաքական կազմակերպությունները այն հանգրվաններն են, որոնց միջոցով առավել դյուրին կդառնա պահանջների հանրայնացումն ու խնդրի կարգավորումը:
Ուրեմն, իսկապես պատմական պահին չի կարելի ֆրանսահայերին մենակ թողնել: Պետք է արձագանքել նախաձեռնությանն ու միանալ:
Լևոն Մութաֆյան