Ադրբեջանի դեսպանը… «ճանաչել է» Լեռնային Ղարաբաղը

Ղարաբաղի մասին գրված ամեն մի ճշմարտություն ու իրական փաստ ժխտելու մոլուցքով տարված ադրբեջանական պաշտոնյաներից ու դիվանագետներից ոմանք երբեմն հայտնվում են իրենց համար ոչ շահեկան իրավիճակներում՝ ընդհուպ մինչև թույլ տալով իրենց համար ճակատագրական սխալներ: Մի քանի դեպքերում Ադրբեջանի իշխանությունները, չհասկանալով իրենց արտաբերած մտքերը, անուղղակիորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ հաստատելով, որ այն հայկական տարածք է և հայկական պետություն: Օրերս էլ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է արել այնպիսի հայտարարություն, որով Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը տարազատվում են, համարվում տարբեր պետություններ…

The Guardian պարբերականի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր-Լինդն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ծանոթացել այս չճանաչված պետությանը, նրա մարդկանց, ապա վերադառնալով՝ գրել. «Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի նախկին մի մասը, անկախություն է հռչակել, սակայն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել: Բայց մարդիկ այստեղ ապրում են, ամուսնանում, երեխաներ ունենում…,»: Այս հրապարակմանն անմիջապես արձագանքել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Ղուրբանովը, որը գրել է. «Արվեստի մարդիկ պիտի արվեստով զբաղվեն և չխառնվեն քաղաքական խնդիրներին… Անաստասիա Թեյլոր-Լինդը  պարտավոր էր նաև Ադրբեջան այցելել, որպեսզի ծանոթանար հարկադրաբար փախստական դարձածներին, որոնք վտարվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տներից»:

 Անշուշտ, այս պատասխանն անարձագանք չի մնացել, և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոկսն անմիջապես ներկայացրել է փաստեր ադրբեջանցիների՝ Լեռնային Ղարաբաղում կատարած վայրագությունների մասին: Սակայն դեսպանի հրապարակման մեջ ուշագրավն այն է, որ նա լուսանկարչին մեղադրելով «անօրինական» այցելությունների մեջ, այնուհանդերձ խորհուրդ է տալիս այցելել… Ադրբեջան: Այսինքն, ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, թե Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, չեն ընդունում նրա անկախությունը, իսկ ահա դեսպանն առաջարկում է այցելել Ադրբեջան: Այս հրապարակումը դառնում է ևս մի ուշագրավ խոստովանություն, ապացույց, որ Ադրբեջանը զբաղվում է սոսկ հռետորաբանությամբ՝ ըստ էության համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղը շատ վաղուց ինքնուրույն պետություն է, և վերադարձ դեպի Ադրբեջանի «գիրկը» ՝ չկա…

Լ.Մ.

Scroll Up