Կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014թ մրցանակաբաշխության վերաբերյալ մամլո ասուլիս
Մայիսի 8-ին, ժամը 14.00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, 2014 թվականի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014թ. մրցանակաբաշխության վերաբերյալ մամլո ասուլիս (հասցե՝ «Էրեբունի պլազա» , բիզնես կենտրոն, 5 -րդ հարկ, 503 սենյակ):
«Արի տուն» ծրագիրը կներկայացնի գլխավոր բանախոս, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: 2014թ. ծրագիրը ևս կիրականացվի շրջայցերի և ճամբարային փուլերով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին:
Կշարունակվի հայոց լեզվի արագացված ուսուցման 5 օրյա ծրագիրը, ճամբարային օրերին՝ ազգային երգի, պարի, հայրենագիտության դասընթացները, մարզական միջոցառումները, հանդիպումները ՀՀ պետական այրերի, մշակութային և անվանի գործիչների հետ:
Այս տարի ևս ծրագիրը կիրականացվի 8 փուլով: Այն կմեկնարկի հունիսի 15-ին և կավարտվի օգոստոսի 30-ին: Սպասվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կներկայացնեն փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը և գեղարվեստական խորհրդի անդամները:
Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ին և կընթանա 5 փուլով` «Պարարվեստի օրեր», «Խմբերգային արվեստի օրեր», «Ասմունքի երեկո», «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», «Հայ երգի օր»: Փառատոնի ծրագրի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում: Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 26-ին «Հայ երգի օր»-ով, որի շրջանակում տեղի կունենա 36 հատորից բաղկացած «Ազգային երգարան» մատենաշարի շնորհանդես և շքահամերգ:
Համահայկական ծրագրերի վարչութան պետ Արմեն Անդրեասյանը կներկայացնի «Սփյուռք» ամառային դպրոցը, որը 2014թ. կիրականացվի վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ», «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստում»:
ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը կներկայացնի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: 2014թ. անցկացվելու են «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա կրթօջախ», «Լավագույն լրատվամիջոց» անվանակարգերով և «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթը: