Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում

 Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Էկումենիկ աղոթքով արարողությանը մասնակցեցին Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցու ծխատեր հովիվ, ռեկտոր Դոն Ռաֆաել Մենդեսը և հոգևոր հայր, դոկտոր Արմանդ Պուիգը: Վերջինս, հանդիսանալով Կատալունիայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բանախոսությամբ:

Ելույթներով հանդես եկան Հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղաքյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Կատալունիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն տիկին Անա Ռոզա Ֆորտունին: Միջոցառումը եզրափակվեց համայնքային ուժերով կազմակերպված համերգով: Եկեղեցու սրահում երգչուհիներ Հասմիկ Իսահակյանի, Շուշան Հովհաննիսյանի, երգեհոնահար Նարինե Կուլիկյանի և ջութակահար Տաթևիկ Խաչատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի դասական ստեղծագործությունները: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up