Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը կնշի Մայրենի լեզվի օրը
Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը կնշի Մայրենի լեզվի օրը :
5 տարի շարունակ Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանն ուղղված միջոցառումներ:
Սփյուռքում հայապահպանության լավագույն գրավականը մայրենի լեզվի իմացությունն ու կիրառումն է: Մայրենիի միջոցով են պահպանվում և սերունդներին փոխանցվում հայեցի լեզվամտածողությունը, հայ մշակութային արժեքները, հայ հոգեկերտվածքը:
Փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի օրը, կմեկնարկեն Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքներում տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումները:
Այդ օրը Հայաստանում կիրականացվեն հետևյալ միջոցառումները.
ժամը 10:00-ին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնատար անձանց, նախարարության աշխատակազմի, վաստակաշատ լեզվաբանների, մտավորականների ուղեկցությամբ կայցելի Օշական և ծաղիկներ կդնի սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին, որից հետո ներկա կգտնվի Օշականի դպրեվանքում Մայրենիին նվիրված միջոցառմանը:
Ելույթ կունենան Օշական գյուղի դպրոցի աշակերտները, սիրիահայ դպրոցականներ և սփյուռքահայ ուսանողներ:
Ժամը 11:30-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիմաց ելույթով հանդես կգան մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ, այնուհետև քայլերթով Մատենադարանից Մաշտոցի պողոտայով կշարժվեն դեպի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք (Բաղրամյան 24):
Ժամը 12:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» խորագրով քննարկումը:
Միջոցառումները կամփոփվեն ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրով, որտեղ ելույթներով հանդես կգան Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնը, «Շառավիղ» սիրիահայ մանուկների երգչախումբը, Այրարատ Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը և այլ երաժշտական, պարային խմբեր և անհատ կատարողներ: