Հայ ժողովրդի մեծանուն զավակին, տաղանդավոր արվեստագետին ու կոմպոզիտորին, ՀԽՍՀ արվեսի վաստակավոր գործչին` սիրելի Տիգրան Մանսուրյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/121.jpg)
Մեծարգո´ մաեստրո.
Խորին ակնածանքով, անսահման սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում Ձեզ 75-ամյա փառահեղ հոբելյանի առթիվ:
Դուք անհատականություն եք, որի մասին մտածելիս միայն վեհության առաջ խոնարհվելու անասելի զգացումով ես լցվում, որի համեստ, ազնվական նկարագիրը ներազդում է այնպես, որ ակամա խաղաղվում ես, փորձում հասկանալ ու զգալ Գեղեցիկը, Բարին:
Ձեր արվեստը Ձեր էության արտացոլանքն է՝ մաքուր ու անզուգական: Այդ մաքրությունն ու անզուգականությունը հաստատվում է ամեն վայրկյան, մասնավորապես մեր օրերում, երբ անհասկանալի երաժշտությունը հաճախ թույլ չի տալիս տարանջատելու իրական արժեքները: Բայց Ձեր մեղեդիներն ապրեցին ու ապրում են՝ մնալով «կապույտ», որը չի աղավաղվել ու չի աղավաղվի. այն հուզում է, մղում ինքնամաքրման, ստիպում կյանքին նայել մի պատուհանից, ուր իշխում է Սերը, Լույսը, Հոգևորը:
Դուք հանրահռչակել եք մի մշակույթ, որը վաղուց հատել է հայկականի սահմանը. այն համամարդկային է այլևս և աշխարհին է հայտնի՝ «մանսուրյանական» է: Եվ Ձեր այս անբիծ գործունեությամբ Դուք հայի ինքնության պահապաններից մեկն եք, լեգենդ եք մերօրյա, որն իր բարձրակեցիկ կյանքով, իր կեցվածքով այդպես ապրելու և այդպիսին մնալու կենդանի դաս է «քարոզում»:
Սիրելի´ մաեստրո,
Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում արևշատություն:
Ապրեք անձնական և անանձնական երջանկությամբ լեցուն օրեր:
Թող Աստծո Ամենազոր Աջը պահապան լինի Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր բոլոր ձեռնարկներին:
ՍԻՐՈՎ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ