ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԶԱՒԱԿԻՆ, ՏԱՂԱՆԴԱՒՈՐ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏԻՆ ՈՒ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ, ՀԽՍՀ ԱՐՈՒԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԳՈՐԾՉԻՆ ՍԻՐԵԼԻ´ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԻՆ

Մեծարգո´յ մայեստրօ.

Խորին ակնածանքով, անսահման սիրով ու ջերմութեամբ եմ շնորհաւորում Ձեզ 75-ամեայ փառահեղ յոբելեանի առթիւ:

Դուք անհատականութիւն էք, որի մասին մտածելիս միայն վեհութեան առաջ խոնարհուելու անասելի զգացումով ես լցւում, որի համեստ, ազնուական նկարագիրը ներազդում է այնպէս, որ ակամայ խաղաղւում ես, փորձում հասկանալ ու զգալ Գեղեցիկը, Բարին:

Ձեր արուեստը Ձեր էութեան արտացոլանքն է` մաքուր ու անզուգական: Այդ մաքրութիւնն ու անզուգականութիւնը հաստատւում է ամէն վայրկեան, մասնաւորապէս մեր օրերում, երբ անհասկանալի երաժշտութիւնը յաճախ թոյլ չի տալիս տարանջատելու իրական արժէքները: Բայց Ձեր մեղեդիներն ապրեցին ու ապրում են` մնալով «կապոյտ», որը չի աղաւաղուել ու չի աղաւաղուի. այն յուզում է, մղում ինքնամաքրման, ստիպում կեանքին նայել մի պատուհանից, ուր իշխում է Սէրը, Լոյսը, Հոգեւորը:   

Դուք հանրահռչակել էք մի մշակոյթ, որը վաղուց հատել է հայկականի սահմանը. այն համամարդկային է այլեւս եւ աշխարհին է յայտնի` «մանսուրեանական» է: Եւ Ձեր այս անբիծ գործունէութեամբ Դուք հայի ինքնութեան պահապաններից մէկն էք, լեգենդ էք մերօրեայ, որն իր բարձրակեցիկ կեանքով, իր կեցուածքով այդպէս ապրելու եւ այդպիսին մնալու կենդանի դաս է «քարոզում»: 

Սիրելի´ մայեստրօ,

Շնորհաւորում եմ Ձեզ, մաղթում արեւշատութիւն:

Ապրէք անձնական եւ անանձնական երջանկութեամբ լեցուն օրեր:

Թող Աստծոյ Ամենազօր Աջը պահապան լինի Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր բոլոր ձեռնարկներին:

 

ՍԻՐՈՎ ԵՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ`

 

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Scroll Up