Ղարաբաղյան խնդրի նոր զարգացումներ

Ինչպես արդեն տեղեկացրել է ամերիկյան մամուլը, Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: AJR 32 օրինագիծը, ըստ էության, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ: Երեք հայկական կազմակերպություն՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին: Մայք Գաթոն հայտնել է, որ օրինագծի մշակման ժամանակ աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա հավելել է․ – «Ես հատկապես պատիվ ունեմ ներկայացնել այս օրենսդրությունը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների և սիրելիների հետ տոնում են Սուրբ Ծնունդը»:

 Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատի կողմից ընդունվելու դեպքում օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, ամերիկյան Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության բոլոր անդամներին: Այս նախաձեռնությունը չափազանց հետաքրքիր է դառնում հիմա, երբ համանախագահողները հավաստիացնում են այն մասին, թե 2014 թվականը շրջադարձային է լինելու Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, իսկ շատերն էլ անհանգստություն են հայտնում այն մասին, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում  Ղարաբաղի հարցը կհայտնվի անորոշ վիճակում… Հատկապես որոշ ռուս վերլուծաբաններ չարագուշակ կանխատեսումներ են անում, թե հնարավոր է, որ Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, մանավանդ որ նման մեծ շահագրգռություններ ունեն մի շարք մուսուլմանական երկրներ… Սակայն Կալիֆորնիայի խորհրդարան ներկայացրած օրինագիծը նոր շտկումներ է մտցնում ձևավորված մոտեցումների ճանապարհին և, ընդունվելու դեպքում, կարող է հզոր ազդակ հանդիսանալ Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման ճանապարհին:

Այստեղ կա մի ուշագրավ հանգամանք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է փոխել այդ երկրի դիրքորոշումը բանակցային գործընթացներում և պարտադիր պայման դառնալ նոր հայեցակարգերի, մասնավորաբար մադրիդյան սկզբունքների վերանայման համար: Այսօր արդեն մի շարք հայկական լոբբիստական կազմակերպություններ ջանքեր են գործադրում, որպեսզի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատգամավորի օրինակին հետևեն այլ նահանգների խորհրդարանների պատգամավորներ, ինչպես նաև շարժումը տարածվի Ֆրանսիայում, քանզի Ֆրանսիան ևս հանդիսանում է համանախագահող երկիր…

Հետևաբար, իսկապե´ս 2014 թվականը կարող է դառնալ բեկումնային, եթե վճռական տրամադրությամբ գործեն բոլոր կազմակերպությունները և միավորեն իրենց ջանքերը…

Լ.Մ.

Scroll Up