ՄԵԾ ՊԱՀՔ

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է քառասուն օր` մինչև Ծաղկազարդի կիրակին, ինչին հաջորդում է պահոց մի շրջան ևս` Ավագ շաբաթը: Այդ ընթացքում Եկեղեցին հավատացյալ ժողովրդին պատրաստում է` արժանավորապես և երկյուղածությամբ մոտենալու Սբ. Հաղորդության սեղանին` հռչակելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը:
Քրիստոնյա Եկեղեցին պահոց օրերը կանոնադրել է որպես հոգևոր կյանքի զարգացման կարևոր սկզբունք, որը հույժ նպաստավոր է նաև մարմնի առողջության համար: Սակայն պահոց օրերը, մասնավորապես Մեծ Պահքի օրերը, որոշ` հիմնականում կենդանական կերակուրներից հրաժարվելուց, ծոմապահությունից ու ժուժկալությունից զատ և սրանցից էլ առավել` հոգևոր, ներանձնական խոկումի, ներհայեցողության, ինքնաքննումի, աղոթքի, ապաշխարության, բարոյական մաքրագործման, մեղքերի թողության ու քավության կարևորագույն մի շրջան է: 40 օրերը խորհրդանշում են Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը անապատում` սատանայից փորձվելուց առաջ, ինչպես նաև Սբ. գրքում հաճախ հանդիպող «40» թիվը:
«Հայր մեր» աղոթքի իր սքանչելի մեկնության մեջ ահա թե ինչ է պատգամում Եղիշե վարդապետը.«Մարմնիդ կամքով մի´ թաւալուիր երկրի վրայ. կտրի´ր եւ հեռացրու´ քեզանից աւելորդ ցանկութիւնները: Շատ եւ բաւակա´ն համարիր քեզ անհրաժեշտ կերակուրները, չափը մի´ անցիր եւ մի´ շուայտացիր: Գիրութիւնից ճարպակալում է մարդը, եւ առատ ճարպից անօրէնութիւններ են ելնում, ինչպէս արբեցողութիւնից` պիղծ գիճութիւններ. այդպիսին Աստծուն Հայր անուանել չի կարող… Թէպէտ մենք ի վիճակի չենք փոխհատուցել Աստծուն, չծուլանանք, որչափ որ մեր կարողութիւնն է. մեր սակաւապետութիւնը որպէս պահք է դիտում, չափաւոր ըմպելը` գինեհատութիւն, միջին հանդերձը` համեստութիւն եւ անհրաժեշտ ստացուածքը` աղքատութիւն:
Լեռան քարոզում Հիսուսը պատվիրում է. «Կատարեա´լ եղէք, ինչպէս ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»(Մատթ. Ե 48): Պահոց շրջանը այդ առումով նաև կատարելության, ներքին ներդաշնակության տանող մի շրջան է. այն, ինչ կորցրեցին մեր նախածնողները Եդեմական պարտեզում, Հիսուսը մեզ վերադարձրեց:
Պահոց շրջանը ամեն մի հավատացյալի համար նաև մեղքի կրակոտ նետերից ազատվելու առիթ է: Պահքով և աղոթքով քրիստոնյան ի զորու է չարի փորձություններին դիմակայելու և հաղթանակած դուրս գալու:
Պահքի տեսակները
Պահքը երկու տեսակ է լինում` պահք մեղքից և պահք` մարմնական կերակուրներից: Միշտ չէ, որ Սբ. գիրքն ու Եկեղեցին թելադրում են հրաժարվել կերակուրներից, սակայն միշտ և ամեն ժամանակ հրահանգվում է հրաժարվել մեղքից: Աստված սուրբ է և պահանջում է, որ մարդն էլ սուրբ լինի, այսինքն` հեռու մնա մեղքից: Ասել է թե` մեղքից հետ կանգնելը օգտակար է անգամ առանց կերակուրից հրաժարվելու: Բայց կերակուրից հրաժարվելը, առանց մեղքից հետ կանգնելու, բացարձակ անօգուտ է: Ի՞նչ օգուտ, եթե մարմինը նիհարի պահքով, իսկ հոգին գիրանա մեղքերով:
«Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում ու չի հոգնում»,- ասում է ս. Գրիգոր Տաթևացին և ավելացնում. «Ոմանք պահոց օրերին ոչխարի միս չեն ուտում, բայց մարդու միս են ուտում, որն ավելի ծանր մեղք է»:
Ուրեմն` այդ երկուսը միասին պիտի ընթանան, իրար լրացնելով, որպեսզի բազում արդյունք բերեն:
Եսայի մարգարեի գրքում մի գեղեցիկ և հույժ ուսանելի դրվագ կա, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը:
Աստծո ժողովուրդը(հրեաները –Հ.Կ.) գանգատվելով հարց է տալիս Աստծուն.
– Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար:
Աստված պատասխանում է.
– Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքը. դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ:
… Քանդի´ր անիրավության հանգույցը, խորտակի´ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների´ր ու արձակի´ր նեղյալներին և պատռի´ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածների´ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների´ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրու´ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի´ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը: Քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչ դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ…. »:
Մեր Տերն Իր երկրավոր կյանքում երեք անգամ քաղցեց կամ ծարավեց և երեք անգամ էլ հարմար կերակուր կամ ըմպելիք չգտավ: Առաջին անգամ Նրան անապատում քար առաջարկեցին ուտել, երկրորդ անգամ` Երուսաղեմ գնալու ճանապարհին, Ինքը մոտեցավ փարթամ տերևներով թզենուն, սակայն այնտեղ պտուղ չգտավ ուտելու և նզովեց թզենին: Երրորդ դեպքում` խաչի վրա, Նրան քացախ առաջարկեցին, որն Ինքը մերժեց: Հիսուսը չի ուզում որևէ մեկի կործանումը, այլ ցանկանում է, որ բոլորը փրկվեն` դարձի գալով:
Նրանք, ովքեր չեն զղջում և մեղքերը չեն խոստովանում, քար են բերում մեր Տիրոջը` որպես քարեղեն սիրտ ունեցողներ: Ոմանք էլ միայն տերևներ են բերում Տիրոջը կամ սոսկ տերևների սոսափյուն` ձայն, ուրչկա պտուղ: Այսինքն` դատարկ խոսքեր, երբ միայն խոսքով ենք հնազանդվում մեր Տիրոջը և ոչ թե գործով` ճիշտ և ճիշտ կեղծավորների նման. ասում ենք , բայց չենք անում: Իսկ ոմանք էլ քացախ ու լեղի են բերում Տիրոջը, այսինքն` նախանձ, կռիվ, ատելություն, որոնք մերժեց ու չընդունեց մեր Տերը:
Մեծ Պահքի կիրակիները
Մեր Եկեղեցին Մեծ պահոց կիրակիներին տվել է հատուկ ու իմաստալից անուններ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է սուրբգրային որևէ գաղափար կամ իրողություն, իսկ բոլորը միասին կազմում են գեղեցիկ «ոսկե շղթա»` ամբողջացնելով Մեծ Պահքի խորհուրդը:
Դրանք են.
Ա) Բուն Բարեկենդան.- Սա Մեծ Պահքի 1-ին կիրակին է համարվում, չնայած պահքի հաշվեհամարի մեջ չի մտնում: «Բուն Բարեկենդան» է կոչվում, որովհետև բարեկենդանների մեջ ամենակարևորն է և ամենամեծը:
«Բարեկենդան», այսինքն` բարի կենդանություն կամ բարի կյանք: Աշխարհիկ իմաստով` ուրախություն, խրախճանք, իսկ կրոնական իմաստով` հոգևոր երանելի վիճակ` ի հիշատակ Եդեմական դրախտում մեր նախածնողների երանելի կյանքի, ովքեր վայելում էին Աստծո անմիջական ներկայությունը:
Բ) Արտաքսման կիրակի. – Ադամն ու Եվան երկար չմնացին Բերկրության դրախտում և անհնազանդության պատճառով արտաքսվեցին այնտեղից: Սակայն մեզ` մեղավորներիս համար Քրիստոսով բացվեց փրկության ճանապարհը, և ապաշխարությամբ տրվեց կրկին դրախտային երանությանն արժանանալու հույսը:
Գ) Անառակի կիրակի (Ղուկ. ԺԵ 11-32). – «Անառակ որդու» առակը վերադարձի ճանապարհն է ցույց տալիս: Մեր երկնավոր Հայրը սպասում է բոլորին: Հայրը միշտ էլ բարեգութ է ու ողորմածաբար ընդունում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց գործած մեղքերի համար: Նա մեղավորի մահը չի ցանկանում, այլ բոլորիս փրկությունը:
Դ) Տնտեսի կիրակի (Ղուկ. ԺԶ 1-13). – Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում Աստծո կողմից նշանակված տնտես է, ուստի պիտի փորձի իմաստնաբար տնօրինել իր տնտեսությունը, այսինքն` իր կյանքը, միտքը, շնորհները, ի մասնավորի` ունեցվածքն ու հարստությունը` «անիրավ մամոնան», որոնց միջոցով ողորմության բարի գործեր կատարելով միայն կարող ենք մեզ համար «հավիտենական բնակարաններ» ապահովել:
Ե) Դատավորի կիրակի (Ղուկ. ԺԸ 1-8). – «Անիրավ դատավորի» կիրակին աղոթքի մեջ հարատևելու խորհուրդն ունի, անձանձրույթ, առանց հուսահատվելու Աստծուն դիմելու` վստահ լինելով, որ Նա լսում է և կպատասխանի մեր աղոթքներին, եթե դրանք Իր կամքի համաձայն են:
Զ) Գալստյան կիրակի . – Մեծ Պահքի վերջին կիրակին կոչվում է «Գալստյան», որը հիշեցնում է Փրկչի թե´ Առաջին և թե´ Երկրորդ Գալուստները: Առաջինով, այսինքն` Ասվածհայտնությամբ, մարդուն հնարավորություն տրվեց փրկությանն արժանանալու, քանդվեցին դժոխքի կապանքներն ու բացվեցին դրախտի դռները: Իսկ Երկրորդ Գալստյան հիշատակությամբ վերստին հիշում ենք , որ Քրիստոսն աշխարհի վախճանին «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով` դատելու ողջերին ու մեռածներին»(«Հավատո հանգանակ»):
Է) Ծաղկազարդ . – Յոթերորդ կիրակի օրը նշվում է Ծաղկազարդի տոնը, որը հիշատակում է Տիրոջ` փառավորապես Երուսաղեմ մուտք գործելը, երբ ժողովուրդը` ծեր թե մանուկ, արմավենու ճյուղեր վերցնելով, ելնում է Տիրոջը դիմավորելու` օրհնաբանելով Նրան որպես Իսրայելի թագավորի:
Հաջորդը Քրիստոսի Սուրբ Հարության կիրակին է` Սբ. Զատիկը, որն այս տարի կտոնակատարվի ապրիլի 1-ին:
Պատրաստեց Հ. Կարապետյանը` ըստ Հայոց Եկեղեցու հայրերի աշխատությունների և
ՀԱԵ ՔԴԿ քարոզթերթիկի