Արամ Ղարաբեկյան՝ շրջանակված անուն

Իսկապես, ցավալի ու տանջալի է գիտակցությունը, որ այլևս հեռացածների շարքերում է Արամ Ղարաբեկյանը՝ ազգային և համաշխարհային դիրիժորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, տաղանդավոր երաժիշտն ու անհատականությունը, որի անվան հետ են կապված կարևորագույն ձեռքբերումներ ինչպես ազգային, այնպես էլ ամերիկյան և ուկրաինական երաժշտության, նրանց մեկնաբանության և քարոզության մեջ:

Հունվարի 11-ին 58 տարեկան հասակում Արամ Ղարաբեկյանը հրաժեշտ տվեց աշխարհին ու մարդկանց՝ թողնելով մի անհուն կսկիծ, ցավ ու ափսոսանք, նաև չգրված պատգամ՝ սիրելու ու գնահատելու արվեստագետին, չվիրավորելու նրա փխրուն հոգին, չզրկելու նրան իր սիրած գործից, մշտապես ստեղծագործելու հնարավորությունից…

Արամ Ղարաբեկյանը ծնվել էր Բոստոնում, ուր հայտնվել էին նրա իրանահայ նախնիները: Դեռ մանկուց մեծ սեր ունենալով երաժշտության հանդեպ՝ հաճախել էր Բոստոնի ,,New England,, կոնսերվատորիան: Այստեղ ստանալով համապատասխան կրթություն՝ մեկնել էր Գերմանիա, որը մշտապես համարվում է դասական երաժշտական կրթության հայրենիք, սովորել Մայնց քաղաքի կոնսերվատորիայում՝ աշակերտելով Ֆրանկո Ֆերարային: Աշխարհահռչակ դիրիժորի մոտ ուսանելը ոչ միայն երջանկություն էր, այլև պատասխանատվություն: Սակայն Ֆերարայից զատ, Արամ Ղարաբեկյանն իրեն ուսուցիչ ընտրեց նաև Ս. Չելիբիդակեին, իսկ հետո արդեն մասնագիտական դասեր առավ նաև հռչակավոր Լեոնհարդ Բերնստայնից՝ «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլի հեղինակից: Ավարտտելով ուսումը Եվրոպայում՝ վերադարձել է Միացյալ Նահանգներ և Բոստոնում հիմնել «Սիմֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է ութ տարի: Այս նվագախմբի մասին բազում գնահատականներ են հնչեցրել ամերիկյան առաջատար երաժշտական հանդեսները, այն համարվել է ամերիկյան ամենահեղինակավոր նվագախմբերից մեկը, որը հնչեցրել է ինչպես փոքրակտավ, այնպես էլ մեծակտավ երաժշտական ստեղծագործություններ, կատարել բարդ սիմֆոնիկ երկեր:

  1991-ին Արամ Ղարաբեկյանը հրավիրվել է Ուկրաինա և նշանակվել Կիևի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ձայնագրել «Ռոմեո եւ Ջուլիետ» ձայնասկավառակը, որը մեծ հռչակ բերեց նրան նաև Ուկրաինայում: Ուկրաինայի մշակույթի նախարարը Ղարաբեկյանին նշանակել է գլխավոր խորհրդական և նրան հանձնարարել զբաղվել Ուկրաինայում գործող ավելի քան հարյուր սիմֆոնիկ և կամերային նվագախմբերով, աջակցել նրանց ստեղծագործական բարդ խնդիրների լուծման հարցերում: Մի շրջան Արամ Ղարաբեկյանը գլխավորել է նաև Կիևի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, այս թատրոնում իրականացրել մի շարք օպերաների և բալետների կատարումներ: Եվրոպայում աստիճանաբար հեղինակություն ձեռք բերող երաժիշտ-դիրիժորը հրավիրվել է նաև Զագրեբ, ղեկավարել սիմֆոնիկ նվագախումբը, ապա որպես հրավիրված դիրիժոր՝ ղեկավարել Ֆրեզնոյի, Շրեվեպորտի, Հանգչջոուի, Չեջիանգի սիմֆոնիկ նվագախմբերը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բացառիկ էր այն համերգը, որը ղեկավարել է մաեստրո Ղարաբեկյանը: Սա վեց տարբեր երկիր ներկայացնող  նվագախմբերից կազմված մի  անսամբլ էր, որը համերգով հանդես եկավ Չինաստանում և ներկայացրեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան:

Արամ Ղարաբեկյանը միակ հայ դիրիժորն էր, որն արժանացել էր ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների մրցանակին: Նա Հարվարդի երաժշտական ասոցիացիայի գլխավոր մրցանակի դափնեկիր էր: Իսկ Հայաստանի կառավարությունը նրան բարձր գնահատելով՝ շնորհել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում ու պարգևատրել Մովսես Խորենացի մեդալով…

Արամ Ղարաբեկյանի տաղանդի բացահայտման լավագույն հանգրվանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդիսացավ, որը վերազարթոնք ապրեց, որի հետ Ղարաբեկյանը պատրաստեց բազմաթիվ ծրագրեր, դիմեց ամենախիզախ նորարարության… Սակայն նաև ստիպված էր հեռանալ, որովհետև արվեստում միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք խոչընդոտ են դառնում ուրիշների համար, որոնք չեն ընդունում թռիչքներ պարտադրող արվեստագետներին…

Լ.Մ.

Scroll Up