Ավարտվեց «Արի տուն» ծրագրի անցումային առաջին փուլը
Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի անցումային առաջին փուլի փակման արարողությունը:
«Հայաստանը ձեր տունն է, և վստահ եմ, որ դուք դարձյալ գալու եք ձեր հայրենիք, որովհետև արդեն իսկ կապվել եք նրան մեկընդմիշտ: Ծրագրի շրջանակներում դուք բարելավեցիք հայերենի ձեր գիտելիքները, սկսեցիք ավելի լավ խոսել մայրենիով: Շնորհակալ ենք բոլոր հյուրընկալ ընտանիքներին: Հայրենիքն այժմ ոչ միայն ձեր պատկերացումների, այլև սրտի և հոգու մեջ է»,-դիմելով արիտունցիներին՝ ասաց սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:
Ծրագրի մասնակիցները ասմունքեցին հայ գրողների ստեղծագործություններից, հնչեցրին ասույթներ հայոց լեզվի մասին, երգեցին ազգային, ժողովրական երգեր, պարեցին: Նրանք ազատ ժամանակ պատրաստել էին պաստառներ, որոնց վրա պատկերել էին Հայաստանը, արել փոքրիկ գրառումներ:
Հիշեցնենք, որ «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային առաջին փուլին մասնակցեցին 61 պատանիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից:
Այս փուլի ընթացքում մասնակիցները եղան Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, շախմատի մրցաշարի շրջանակներում խաղացին սփյուռքի նախարարի հետ, անցան հայերենի դասընթացներ: