«Թոնիր հարսանեկան գյուղ». Ավանդական հեքիաթ, որը պետք է ստեղծի նոր հեքիաթներ

«Հայկ Երանոսյանի և Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանի հարսանիքը «Թոնիր հարսանեկան գյուղում», մեր օրերի իրական հեքիաթ էր, դարի հարսանիք, քանի որ նմանը դեռ չի եղել: Ես հայկականը պաշտող մարդ եմ: Այս հարսանիքն իր մեջ ամփոփել էր հայկական ծեսերի, նիստուկացի այն բոլոր նուրբ ու գեղեցիկ տարրերը, որոնք երբևէ մենք ունեցել ենք: Այդ հրաշք օրերի ընթացքում հյուրերը տեղափոխվել էին մեկ այլ աշխարհ: Ու հավատացե´ք, մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք հետաքրքիր լիցքեր ստանալ այդ ապրած օրերից: Ես կցանկանայի նշել նաև մի շատ կարևոր հանգամանք. հարսանեկան արարողությունն ուներ նաև ուսուցողական շատ խոր իմաստ այն ամենի մասին, որը շատերի կողմից մոռացվել է: Այդ պատճառով էլ այս հեքիաթը պետք է հիմք հանդիսանա, որ ստեղծվեն նմանատիպ նոր հեքիաթներ, որ հայ ազգը իմանա ու ճանաչի իր ծեսերն ու ավանդույթները: Հավատացե´ք, այդ ամենի մեջ ավելի խոր իմաստություն կա, քան մենք կարող ենք պատկերացնել»:

Անի Հայրապետյանի այս խոսքերը 2017 թվականի օգոստոսին Սյունյաց աշխարհում՝ Որոտնավանքի հպարտ, բայց խոնարհված հայացքի ներքո կայացած հայկական ավանդական հարսանիքի մասին են: Հարսանիք, որը ներկաներին տեղափոխել էր մեր ազգային տեսակը բացահայտող մի աշխարհ, որից մենք այսօր կամաց-կամաց հեռանում ենք: Հարսանիք, որի իրականացումը նաև պատճառ դարձավ մի հետաքրքիր, միաժամանակ շատ կարևոր գաղափարի իրականացման, որի հիմքում մեր ազգային արժեքների պահպանումն ու տարածումն է: Գաղափար, որի իրագործողը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը: Բայց ամեն ինչ սկզբից:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանը.

«Թոնիր հարսանեկան գյուղ» (TonirWeddingVillage) նախագծի գաղափարը ծնվեց անհրաժեշտությունից: Երբ Հայկի հետ որոշեցինք ամուսնանալ, մտածում էինք, որ անպայման պետք է ավանդական  հարսանիք ունենանք: Սկսեցինք փնտրել տարբեր կառույցներ, գործակալություններ, որոնք կօգնեին մեր երազանքն ու որոշումը իրականություն դարձնել: Նաև մի ցանկություն ունեինք. բոլոր հյուրերը պետք է տարազով լինեին և հարսանիքն անպայման պետք է տեղի ունենար Սյունիքում:

Այդ ընթացքում էր, որ ձեռք բերեցի Գայանե Շագոյանի «7 օր, 7 գիշեր» գիրքը: Վերջինս առիթ դարձավ, որ Հայկի հետ սկսենք ազգագրագետների գործեր ուսումնասիրել: Պարզեցինք, որ իրականում այնպիսի ենթակառուցվածք, գործակալություն չկա, որն ավանդական հարսանիքի մասին համապարփակ խորհրդատվություն, ծառայություն կարող է առաջարկել: Որոշեցինք, սակայն, հետ չկանգնել, չնահանջել և մեր ուժերով իրականացնել: Քանի որ պետք է որոշակի աշխատանք տանեինք այդ ուղղությամբ, մտածեցինք այն դարձնել ծրագիր, որը կծառայի նաև հանրությանը:

Ինչո՞ւ գյուղ…, որովհետև ավանդական հարսանիքը շատ ամուր կապեր ունի գյուղի հետ: Հիմնականում գյուղական միջավայրում են պահպանվել մեր ավանդույթները, որտեղ և հնարավոր է այդ ամենը վերականգնել:

Ինչո՞ւ թոնիր… Երկար էինք մտածում՝ ինչ անվանել նախագիծը: Պատասխանը գտանք մեր ուսումնասիրությունների ու փնտրտուքների ժամանակ: Թոնիրը նույն օջախն է՝ ընտանիքի, հավերժության խորհրդանիշը: Հայկական օջախներում ընտանիքի անդամները միշտ թոնրի շուրջն են հավաքվել: Իսկ երբ նոր ընտանիք է ստեղծվում, այսպես ասած՝ նոր թոնիր է վառվում: Նաև մի շատ մոռացված սովորույթ. ժամանակին պսակի խորհուրդը թոնրի շուրջ են կատարել, որը կոչվել է Թոնրի պսակ:

Եվ… մի հետաքրքիր հանգամանք, երբ լատինատառ գրում ես թոնիր՝ tonir, կարդացվում է տոնիր՝ ներառելով իր մեջ տոնել իմաստը: Եվ սա սոսկ զուգադիպություն չէ, չէ՞ որ հարսանիքը յուրատեսակ տոն է:

Այսպես ծնվեց «Թոնիր հարսանեկան գյուղ» նախագիծը: Մեր ուսումնասիրությունները երկու տարի տևեցին: Այդ ընթացքում խոսեցինք ազգագրագետների, երաժշտագետների հետ, փորձեցինք հասկանալ մեր ավանդույթները:

Հաջորդ քայլը հարսանեկան գյուղի ընտրությունն էր: Մտածում էինք, որ այն պետք է անպայման Սյունիքում լինի: Ես արմատներով Գորիսից եմ, ամուսինս՝ Հայկը, Սիսիանից: Քանի որ եկեղեցին՝ Որոտնավանքը, արդեն ընտրել էինք, որոշեցինք եկեղեցուն մոտ գյուղ փնտրել: Որոտնավանքը 10-րդ դարի մի չքնաղ վանական համալիր է, որը, սակայն, այսօր խոնարհված է, վաղուց չի գործում: Մենք ցանկանում ենք, որպեսզի նախագիծն օգնի Որոտնավանքին նորից «ոտքի կանգնել»:

Որոտնավանքից 1 կմ հեռավորության վրա գտնվում է Վաղատին գյուղը, որտեղ ես և Հայկը հայրական կողմից արմատներ ունենք: Գնացինք գյուղ, որտեղ վերջին անգամ 4 տարեկանում էի եղել: Երբ տեսանք գյուղը, ծանոթացանք նրա հնարավորություններին, որոշեցինք դարձնել այն վայրը, որտեղ կյանքի կկոչենք մեր նախագիծը՝ այդպիսով նպաստելով գյուղի զարգացմանը:

Վաղատինը շատ գեղեցիկ գյուղ է, կլիման մի փոքր խոնավ է, ամբողջությամբ ծածկված է ընկուզենիներով, իսկ կասկադային, բարձրացող լեռների գեղեցկությունը բառերով հնարավոր չէ նկարագրել: Մոտ 500-700 բնակչություն ունեցող գյուղում, ցավոք, շատ լքված տներ կային: Անմխիթար վիճակում էր գտնվում դպրոցը: Որոշեցինք այդ գյուղում կյանքի կոչել մեր նախագիծը: Արդեն ընտրել ենք մի քանի տուն, որոնք թեև լքված են, բայց ունեն բոլոր հնարավորությունները մեր նախագծի մաս կազմելու և հարսանեկան ծեսերի իրագործման համար: Այդ ամենը պետք է նորոգվի, որպեսզի ծառայի իր բուն նպատակին:

Եվ ամենակարևորը, ինչո՞ւ որևէ վայրում կառուցել հարսանեկան գյուղ, երբ Հայաստանում այնքան շատ գյուղեր կան, որոնք շատ գեղեցիկ են և մեծ հնարավորություններ ունեն:

Մի քիչ առաջ անցնելով՝ ասեմ, որ մեր հարսանիքի որոշ մասը այդ գյուղում կազմակերպեցինք:

Վաղատին գյուղում էր գտնվում մեր քավորի տունը, որտեղ և կատարեցինք քավորի, փեսայի տան բոլոր ծեսերը: Հարսի տան ծեսերը Գորիսում ենք արել, բայց երբ հարսանեկան գյուղը պատրաստ լինի, այդ ամենը կանցկացվի Վաղատին գյուղում, որտեղ և կապրեն հարսանիքի մասնակիցները՝ հարսանքավորները:

Մեր հարսանիքի օրինակով ցույց տվեցինք, որ երազանքը հնարավոր է իրականություն դարձնել, հատկապես, երբ այդ երազանքը քո նախնիների մոռացված ավանդույթների վերհանումն է: Այսօր, եթե որևէ մեկը ցանկանա ավանդական հարսանիք կազմակերպել, մենք կարող ենք իրականացնել հարսանեկան խորհրդատվություն, տեղեկություններ հաղորդել ծեսերի, պարերի, երգերի մասին: Միայն ենթակառուցվաքային ծախսատար մասը դեռ չենք կառուցել, որովհետև համապատասխան ֆինասավորում չունենք: Սակայն դա չի խանգարում հարսանիք իրականացնել: Քանի դեռ հարսանեկան գյուղը վերջնական կառուցված չէ, կարող ենք մեկ այլ գյուղում անել՝ պատվիրատուների նախընտրած վայրում: Այսօր արդեն մի քանի պատվեր ունենք:

Ո՞րը ընտրել՝ ավանդականը, թե՞ …

Նախ մի կարևոր հստակեցում. ավանդական հարսանիքը չի կարող տևել մեկ օր: Ծեսերն այնքան հագեցած են և այնքան կարևոր, որ հնարավոր չէ մեկ օրում իրականացնել: Մարդիկ նախևառաջ այս մտքի հետ պետք է համակերպվեն: Իհարկե, «7 օր 7 գիշեր» չի տևի, ինչպես մեր հեքիաթներում: Մեր հարսանիքը, օրինակ, 4 օր է տևել, իսկ հիմնական հյուրերը 2 օր և 2 գիշեր են մնացել: Առնվազն այսքան ժամանակ պետք է տրամադրել հարսանիքին:

Երբ ուսումնասիրում էինք մեր հարսանեկան ավանդույթները, պարզեցինք, որ դրանք գավառից՝ գավառ, տարածաշրջանից՝ տարածաշրջան, տարբեր են: Պետք է կենտրոնանալ, թե ամուսնացողներն արմատներով որտեղի՞ց են, ըստ դրա և կառուցել հարսանեկան ծիսակարգը, ինչը նույնպես յուրատեսակ համ ու հոտ, ինքնատիպություն կարող է հաղորդել հարսանիքին: Այսինքն, յուրաքանչյուր հարսանիք կարող է լինել յուրօրինակ, չկրկնվող:

Մենք այնքան գեղեցիկ, հետաքրքիր հարսանեկան ծեսեր ունենք, որոնք այսօր միայն հիշողություններ են: Օրինակ՝ փեսայի տանը կատարվող Գինեթափեքի ծեսը, երբ փեսան խաչեղբայր է ընտրում: Հիմա խաչեղբայր ընտրում են ցանկությամբ, բայց ըստ ավանդության, իսկական փորձություն է եղել, որի ընթացքում մակարներն իրենց ուժերն են չափել, գինի են խմել, որից հետո քավորն ընտրել է ամենաարժանավորներին, որոնք կարող են մասնակցել հարսնառի ծեսին: Այդ օրը նաև Թագվորի ծառն են կապել և աճուրդի հանել, որի ընթացքում ամենալավ սեղան խոստացող մակարին ընտրել են  խաչեղբայր: Հետո խաչեղբոր հետ փեսային լողացրել են, հագցրել, որից հետո հարսի հագուստներն ուղարկել են վերջինիս տուն ու գնացել նրա հետևից:

Այս ամենը մի ամբողջ օր փեսայի տանն անցկացվող ծեսեր են՝ մինչև հարսանեկան բուն ծեսը:

Միևնույն ժամանակ հարսի տանը նորահարսը ծաղկոցավոր աղջիկների հետ իր ծեսերն է կատարել. Հինադրեք, Գաթաթուխ, Ալյուրմաղեք և այլն:

Այնուհետև սկսվում է բուն հարսանեկան ծեսը՝ Հարսնառը, որը շատ ուրախ է անցնում և բառերով հնարավոր չէ նկարագրել: Մի աննկարագելի պահ է, երբ բոլոր հյուրերը տարազներով են, ողջ ընթացքում ազգային երգ ու երաժշտություն է հնչում:

Մեր հարսանիքի ընթացքում անգամ Որոտնավանքն էր կերպարանափոխվել: Վանական համալիրը կարծես իր երբեմնի վառ ու պայծառ օրերն էր ապրում: Գունավոր ազգային տարազներով ու պարերով հարսանքավորները վանքի ամայի տարածքում մի չքնաղ տեսարան էին ստեղծել, ինչը հնարավոր չէ ստանալ քաղաքի պայմաններում:

Այս ամենը մենք անտեսում ենք և ընկնում մեր ավանդույթներին ոչ բնորոշ հարսանիքի հետևից, որը հիմնականում վազք է հիշեցնում: Մեծ ջանք ու եռանդ, գումար ենք ծախսում, սակայն առանձնապես ոչինչ չի մնում: Իսկ երբ ավանդական հարսանիք ես անում, մնում է ծեսի ոգեղենությունը, խորհուրդը, լրիվ ուրիշ ապրումներ են:

Եվս մի կարևոր հարսանեկան ծեսի՝ Հալավօրհնեքի մասին եմ ուզում խոսել, որն այսօր գրեթե մոռացվել է: Շատ կարևոր է, որ հարսի և փեսայի հագուստները կարված լինեն հենց նրանց համար: Հիմա հաճախ վարձույթով են վերցնում, ինչը հայկական ավանդույթներում անթույլատրելի է: Կարելուց հետո հագուստները Հալավօրհնեքի ծեսին քավորը տարել է եկեղեցի, և քահանան օրհնել է, որպեսզի ամուսնական կյանք մտնելուց՝ հարսն ու փեսան նոր հագուստներով լինեն: Շատ մեծ  խորհուրդ կա այս ամենում, որին մենք այսօր ուշադրություն չենք դարձնում:

Այնուհետև պսակի խորհուրդն է եղել, որի ժամանակ հարսն ու փեսան թագադրվել են: Ժամանակին նարոտներ են կապել նրանց գլխին, հիմա թագեր են դնում: Հարսն ու փեսան ամբողջ օրը մնում են թագադրված՝ թագավոր և թագուհի: Խնջույքի ողջ ընթացքում նրանց մեծարում ու պատվում են՝ իբրև թագավորի ու թագուհու:

Հաջորդ օրը տեղի է ունենում ևս մի ծես՝ Թագվերացի ծեսը, որի ընթացքում թագերը հանում են, գինի խմեցնում, որից հետո իրավունք է տրվում առագաստ մտնել և ճաշակել այն ամենը, ինչը թույլատրվում է երկրային զույգին: Վերջինս կարծես եղել է Աստծո կողմից տրվող յուրատեսակ թույլտվությունը, որ այլևս կարող են մտնել ամուսնական առագաստ:

Մենք մեր քահանայի հետ խոսեցինք ու ասացինք, որ այս ծիսակարգով ենք ցանկանում ամուսնանալ: Եվ պատկերացնում եք, 16-րդ դարի ծեսով ենք ամուսնացել: Կարիք եղավ մինչև 16-րդ դար հետ գնալ, որպեսզի ամբողջական տարբերակով հնարավոր լինի ծեսը անցկացնել:

Ավանդական հարսանիքի կարևոր առավելություններից է նաև այն, որ այդ բոլոր օրերի, ծեսերի ընթացքում հարսանքավորներն իսկապես իրար հետ կարողանում են հանգիստ ժամանակ անցկացնել, առանց վազվզելու զվարճանալ, հյուրասիրվել, երգել, պարել: Եվ ինչու ոչ, տարազներով շատ հարմար է, ոչ հոգնեցուցիչ, կարողանում ես ազատ շարժվել, պարել:

Մեր հարսանիքի բոլոր 250 հյուրերը տարազով էին: Աշխատել ենք «Տերյան» մշակութային կենտրոնի հետ, տարազներ ենք փոխառել պարախմբերից, շատերն իրենք են կարել: Ֆեյբուքյան էջ էինք կազմել, որի միջոցով շփվում էինք և խորհուրդներ տալիս միմյանց: Հարսանիքից երկու ամիս առաջ Նարեկացի արվեստի կենտրոնում սկսել էինք երգի, պարի դասեր կազմակերպել: Մենք էլ էինք զարմացած, որ մարդիկ այդքան լուրջ էին մոտեցել այդ ամենին:

Հարսանեկան խնջույքը իրականացրել էինք բաց դաշտում՝ Սիսիանում, ուտեստները ավանդական էին ու տնական, որոշել էինք աշխատել բացառապես տեղի արտադրողների հետ: Հրավիրել էինք Սիսիանի ժողգործիքների խմբին, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի երաժիշտներին՝ Սևադա Իրիցյան, Գրիգոր Դավթյան: Շատ կարևոր են նաև ծեսերին ուղեկցող հարսանեկան երգերը, որոնք ևս մոգական մթնոլորտ են ստեղծում:

«Թոնիր հարսանեկան գյուղ» նախագիծը դիտարկում ենք նաև տուրիստական տեսանկյունից: Երբ նախագիծն ամբողջապես պատրաստ լինի, որոշ հարսանիքների համար տոմսեր են վաճառվելու: Զբոսաշրջիկները կարող են տարազ կրել ու մասնակիցը դառնալ հայկական ավանդական հարսանիքին: Այդ օրերի ընթացքում նրանք կարող են այցելել նաև տեսարժան վայրեր, նրանց համար կկազմակերպվի թեյախմություն, ընթրիք:

Իսկ հարսանեկան գյուղը ոչ հարսանեկան օրերին կընդունի զբոսաշրջիկների: Նրանց համար ազգային ծեսերից հատվածներ կբեմադրվեն: Հուսով ենք, որ այս ձևաչափով ևս նախագիծը կկայանա  ու մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Մեր ավանդույթների մեծ մասը մոռացության են մատնվել, «Թոնիր հարսանեկան գյուղ» նախագիծը հնարավորություն կտա վեր հանել ու մոռացությունից փրկել դրանք: Յուրաքանչյուր աղջիկ, որը պատրաստվում է ամուսնանալ, իրեն պետք է մի հարց տա. ինչո՞ւ է ուզում սպիտակ շոր հագնել կամ Արևմուտքին բնորոշ հարսանիք ունենալ: Ի՞նչ է դա, երազանք, թե՞ մեզ պարտադրված իրականություն:

Ինչո՞ւ չանել գունեղ, քո սեփական ավանդույթներով շաղախված հարսանիք ու դառնալ քո եսի, ինքնության կրողն ու շարունակողը և մոտ լինել քո սեփական արմատին…

Որպես վերջաբան

Սիրարփիի խոսքերն ամփոփենք նրա ընկերներից մի քանիսի կարծիքներով: Մարդիկ, որոնք ներկա են եղել նրանց հարսանիքին ու ամիսներ անց դեռ տպավորված են այն կախարդական մթնոլորտով, որն այդ օրերի ընթացքում թևածել է Սյունյաց աշխարհում:

Վարդգես Մովսեսյան- Հայկի և Սիրարփի ավանդական հարսանիքը և «Թոնիր հարսանեկան գյուղ» նախագիծը հնարավորություն էր բացահայտելու հայոց ավանդական հարսանիքի բնույթն ու գեղեցկությունը: Այս նախաձեռնությունը այլևս պատմություն է, պատմություն, որը օրինակ է` նմանատիպ հարսանիքների կազմակերպման և Հայոց դարավոր մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Գաղափարը թեև շատ հաճելի էր, բայց սկզբնական շրջանում անիրականանալի էր թվում, ինչը, սակայն, պատվով հաղթահարեցին Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը: Սրանք ոչ այնքան գովեստի, որքան շնորհակալական խոսքեր են: Շնորհակալությո´ւն, հայոց մշակույթի գանձերը վերծանելու համար:

Վալյա Գոքոյան- Ինձ բախտ վիճակվեց մասնակցել Հայկի և Սիրարփիի հայկական ավանդական հարսանիքին։ Տպավորություններս շա՜տ-շատ են, կարելի է անվերջ գրել, հիանալ, պատմել… Ասեմ, որ դեռ այդ տպավորությունների տակ եմ։ Առաջին վայրկյանից գլխումս մի միտք հղացավ, ինչո՞ւ չներկայացնել մեր հայկական ավանդական հարսանիքը ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ իբրև մշակութային արժեք։ «Թոնիր հարսանեական գյուղ» նախագիծը կատարյալ է, այնտեղ ներկայացված են մեր ավանդույթներն ու սովորույթները, տարազներն ու պարերը, երաժշտությունն ու խաղիկները… Մի խոսքով, այն ամենը, ինչը կարծես կամաց-կամաց մոռացվում է:

Կարինե Մխոյան-Ամենատպավորիչ ու յուրահատուկ հարսանիքը, որին մասնակցել եմ իմ կյանքում, եղել է «Թոնիր հարսանեկան գյուղ» նախաձեռնության կազմակերպած հարսանիքը: Հայկական ծեսերով, գեղեցիկ տարազներով, ազգային երգ ու պարով, հարսանեկան ավանդույթներով, անսահման սիրով ու ոգևորությամբ լի անմոռանալի օրեր ապրեցի: Այս հարսանիքը կարծես մոտեցրեց ինձ իմ արմատներին և զգացի նախնիներիս ոգին:

Ընտրությունը մերն է՝ յուրաքանչյուրինս: Ինչպե՞ս ենք ուզում ապրել՝ ձուլվելով ու նմանվելով աշխարհին, թե՞ մեր տեսակը պահելով, ինչն օգնում է ամրացնել մեր հազարամյա արմատն ու ապրել՝ ժամանակի հայելու մեջ տեսնելով մեր նախնիների հարազատ արտացոլանքը…

Լուսինե Աբրահամյան

Scroll Up