Արի տուն-2015.Մեկ օր Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում
«Արի տան» գույնով է ներկվել
Կարոտից արթնացած հոգիս,
Այսօր ես տուն եմ եկել,
Երկիրս կանգնած է կողքիս
Աչքերս ժպիտ են հագել,
Թախիծը անցել է խոր քուն,
Ու սիրտս իր տոնը սարքել
Երգում է այսօր «Արի տուն»
Ինչ-որ մեկն ասել է. «Պարը բանաստեղծություն է, իսկ պարային յուրաքանչյուր շարժում նրա բառերն են»: Իսկ թե ինչ հետաքրքիր «բանաստեղծություններ» են կերտում արիտունցիները, կարելի է տեսնել միայն «Արի տուն» ճամբարում: Ճամբարային օրերից մեկի ժամանակ այցելեցի նրանց և մասնակցեցի պարի դասընթացին: Մասնակիցների շարժումները ավելի շատ ոչ հանգավոր տողեր էին հիշեցնում և դրանով իսկ ավելի հետաքրքիր դառնում: Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման անդամ, «Տավրոս» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար պարուսույց Լյուդվիգ Պողոսյանն արիտունցիներին սովորեցնում էր «Վեր վերի» հայկական պարի խմբին պատկանող «Բատոլա» պարատեսակը:
«Ազգային ինքնության պահպանման համար կա երեք նախապայման՝ լեզուն, կրոնը և մշակույթը: «Արի տուն» ճամբարում կան բոլոր նախապայմանները, որ հային հայ են պահում: Աչքի է ընկնում հատկապես ղեկավարների սրտացավ վերաբերմունքը երեխաների հանդեպ: Ափսոսում եմ, որ շուտ չեմ եկել ճամբար: Երեխաներին շատ եմ հավանել, շուրջ 150 մասնակից են, բայց այնքան հեշտ է նրանց հետ աշխատելը, բոլորն էլ լսող են», – ասում է պարոն Պողոսյանը:
Մինչ մենք զրուցում էինք, երեխաները վոլեյբոլ էին խաղում, և ուշադրությունս գրավեց հատկապես նրանց զիջողական խաղը: «Այո, նրանք շատ հաշտ են խաղում, ու միշտ հետաքրքիր խաղեր են կազմակերպում», – ասում է պարուսույցը, – «Երեկոյան գնացել էի նրանց խաղերը դիտելու: Կազմակերպել էին «Փնտրում ենք տաղանդներ» խաղը, ու չեք պատկերացնի որքան տաղանդավոր են նրանք: Աղջիկներից մեկը Էնզելի պարեց, և ես զարմացել էի: Սփյուռքի նախարարությունը շատ մեծ գործ է անում՝ կազմակերպելով նման ծրագիր: Այն օգնում է պահպանել հայ մշակույթը, հայ արվեստը, հայ ինքնությունը աշխարհի տարբեր երկրներում: Լավ կլիներ, որ նման ծրագրեր շատ լինեին»:
Պատրաստեց Մարիաննա Անանյանը