«Հայաստանում միջազգային որակի գինիներ արտադրելու համար բոլոր հնարավորությունները կան».Վարուժան Մուրադյան
Վարուժան Մուրադյանը 1990-ականներին ընտանիքով տեղափոխվելով ԱՄՆ` 20 տարի ապրել է այնտեղ և հաշվապահությամբ զբաղվել:ԱՄՆ-ում թողնելով հաշվապահի աշխատանքը՝ Վարուժանը Հայաստան է վերադարձել: Սկզբում զբաղվել է այգեգործությամբ, հետո գինեգործությամբ՝ հիմնելով «VanArdi wines» գինու գործարանը:
«Սփյուռքահայը Հայաստան գալով՝ պետք է աշխատի ու արարի: Ամերիկայում շուրջ 20 տարի ուսումնասիրել եմ հարկային օրենսդրությունը և հասկացել, որ, Հայաստանում հարկային դաշտի առումով շատ ավելի բարվոք միջավայր է, քան՝ Ամերիկայում:
Մեր աշխատանքով փորձում ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները, բայց որպեսզի Հայաստանը գինի արտահանող առաջատար երկիր դառնա, պետք է շատ աշխատել, որի համար բոլոր պայմանները՝ արգասաբեր հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատասեր մարդիկ, առկա են»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «VanArdi wines» ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը՝ հավելելով, որ Եվրոպան այսօր հայկական գինիների հանդեպ մեծ հետաքրքրություն ունի , քանի որ Հայաստանում միջազգային որակի գինիներ արտադրելու համար բոլոր հնարավորությունները կան:
«Իմ ոգեշնչումը ստացել եմ Հայաստանի չքնաղ բնությունից: Եվ դիմելով արտերկրում ապրող հայերին մի բան միայն կարող եմ ասել՝ եկե՛ք լավատեսությամբ, ձեռք ձեռքի տված՝ առաջ ընթանանք և Հայաստանի հողի վրա բարիքներ ստեղծենք, քանի որ դրանք ամուր հիմքերի վրա կլինեն»,- իր խոսքն ամփոփեց Վարուժան Մուրադյանը:
Գևորգ Չիչյան