Գևորգ Չաքմանյանի համերգը նվիրված է արցախյան հերոսներին և նրանց ծնողներին

Ժողովրդական երգիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ»  և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը, այս տարվա հունիսին բեմական գործունեության 25-ամյակը նշելուց հետո, միտք է հղացել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների անմահ հիշատակին նվիրված համերգային միջոցառում կազմակերպել: Երկար տարիներ աշխարհի տարբեր բեմերում երգելով՝ երգչի համար այս համերգը բոլորովին այլ նշանակություն ու խորհուրդ ունի, որին հուզմունքով է սպասում:

Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով տեղի ունեցող համերգին դահլիճում, ի թիվս այլ հյուրերի, ներկա են լինելու նաև հերոս տղաների ծնողները:

«Լինելով Արցախյան պատերազմում զոհվածի ընտանիքի անդամ (եղբայրը՝ Մանվել Չաքմանյանը, զոհվել է 1993 թվականին Ղափանի սահմանամերձ Տրիդցատկա գյուղում-հեղ.), շատ լավ  հասկանալով նրանց հոգեվիճակը՝ որոշեցի մի գեղեցիկ օր նվիրել զոհված հայ զինվորների ընտանիքներին, որպեսզի մի քանի ժամ իրենց վիշտը մոռանան: Սկզբում մտավախություն ունեի` համերգին գալու տրամադրություն չեն ունենա, բայց, Լոս Անջելեսից մի քանի ծնողների հետ խոսելով՝ հուզմունքս ու զարմանքս աննկարագրելի դարձավ. սգի մեջ լինելով՝ հպարտորեն ասացին, որ անպայման ներկա են լինելու իրենց զավակներին նվիրված երեկոյին, նույնիսկ աջակցելու պատրաստակամություն հայտնեցին»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Չաքմանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրիս պարտքն է տարբեր միջոցներով Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելու  համար իրենց կյանքը զոհած տղաների ծնողներին նեցուկ լինել:

Գևորգ Չաքմանյանը տեղեկացրեց, որ այսուհետ համերգն ամեն տարի է կազմակերպելու:

Համերգին, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ, ելույթ են ունենալու նաև Գևորգ Չաքմանյանի որդին՝ Ասատուր Չաքմանյանը, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը,  ասմունքով հանդես է գալու Արսեն Ղազարյանը:

Հավելենք նաև, որ Գևորգ Չաքմանյանը Հայաստանում գտնվելու օրերին՝ ցանկանում է ավանդության համաձայն Տավուշի մարզի սահամանամերձ Պառավաքար և Մովսես գյուղեր գնալ՝ իր երգով գյուղացիների, քաջարի զինվորների կողքին գտնվելու և նրանց խրախուսելու համար:

Գևորգ Չիչյան

Scroll Up