Հրանուշ Հակոբյան. «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» շարժումը բարոյական մեծ խթան է

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանրային իրազեկմանն ու դատապարտմանն ուղղված «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը արդեն ստեղծել է հատուկ ինտերնետային կայք:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ, նախաձեռնության աջակից Հրաչյա Ասլանյանը, շարժումը նախաձեռնել է մարսելահայ համայնքը՝ համայնքային գործիչներ Անի Ստեփանովի և Ռիչարդ Ֆինդկյանի գլխավորությամբ:

«Ես այս նախաձեռնության հետ կապ ունեմ այնքանով, որ Մարսելից  ինձ խնդրեցին, որ օգնենք այդ նախաձեռնությանը, որպեսզի շարժումն ավելի մեծ տարածում ունենա: Նախարարին տեղեկացրի նախաձեռնության մասին և հենց առաջին օրը նա նկարվեց «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով և տարածեց: Նրան հետևեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հետո արդեն նրանց միացան Հրանտ Դինքի իրավապաշտպան, ծագումով հայ Ֆեթիե Չեթին, հայտնի գործիչներ և այլոք»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ դրանից հետո նախարարությունը խնդրեց բոլոր համայնքներին հայտնի անհատների, պաշտոնյաների, օտարազգի պատգամավորների ներգրավել շարժման մեջ և այդ հասցնել մաքսիմումի: Եվ եթե այսօր Ֆեյսբուքում Թուրքիա բառը հավաքեք, միանգամից բացում է այդ էջը: Եվ այդ նախադասության ցանկացած բառ եթե այդ սկզբնատառերով հավաքվի, բացելու է այդ էջը:

Արդեն տարբեր համայնքներից տարածվում են նկարներ: «Հունգարիայի, Նորվեգիայի, Ամերիկայի և մի շարք այլ համայնքներից նկարներ ենք ստացել: Սպասում ենք Արթուր Աբրահամի, Սյուզի Կենտիկյանի, Շառլ Ազնավուրի, Շվեդիայի պառլամենտի ծագումով հայ փոխնախագահի նկարներին: Փորձում ենք մաքսիմում ճանաչում տալ մեր շարժմանը, ինչն ինչ-որ չափով օգտակար կլինի Ցեղասպանության ճանաչման և հատուցման գործում: Ամեն մի նկարված նկար նշանակում է քար նետել Էրդողանի վրա»,- ասաց Հրաչյա Ասլանյանը:

Շարժման հաջորդ քայլը եղավ յոթ լեզուներով կայքի ստեղծումը, որն արդեն մեկ շաբաթ է գործում և հասցրել է 6000-ից ավել հավանող ունենալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Եթե հասնենք ինչ-որ մեծ բանի, արդեն հստակ կորոշենք ու տարբեր համայնքների հետ կհամաձայնեցնենք հաջորդ քայլը: Այս պահին նախատեսում ենք մի տեսանյութ պատրաստել Ցեղասպանության տեսարանները նկարագրող սցենարով, որի ամեն մի հատվածը կկարդան աշխարհի հայտնի հայերը»,- ասաց մեր զրուցակիցը և ավելացրեց, որ բոլոր նախադրյալները կան, որ շարժումը տարածում ունենա, և իրենց նպատակն է, որ այդ շարժումը տարածում ունենա. «Ուղղակի պետք է շատ աշխատել, բոլորին մոբիլիզացնել, որպեսզի մեր հայրենակիցները տարբեր երկրներում կարողանան շարժմանը ներգրավել նաև տվյալ երկրների հայտնիներին»:

Նշենք, որ ցանկացած մարդ կարող է իր նկարի տակ ճիշտ նշել կայքի հասցեն, և բոլոր նկարները միանգամից կհայտնվեն նաև կայքում: Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:

Մեզ հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ուրախությունը հայտնեց այն առթիվ, որ շարժման նախաձեռնողները Մարսելի հայկական համայնքի և տեղի քաղաքային իշխանության ներկայացուցիչներն են: «Բնականաբար, մենք ամեն օր աշխատում ենք մեր համայնքների հետ, և մեր առաջին մոտեցումը եղավ այն, որ անմիջապես պետք է մենք ևս մասնակիցը դառնանք: Երբ նախարարություն տարբեր գործիչներ են այցելում, առաջարկում ենք միանալ շարժմանը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ բոլոր դեպքերում շարժումը բարոյական մեծ խթան է, Ցեղասպանության ճանաչման համար շատ կարևոր է, երիտասարդությանը հնարավորություն է տալիս ծանոթանալ պատմությանը: «Կարծում եմ, որ ճանաչումը դաս և օրինակ է այն երկրների քաղաքական գործիչների համար, որոնք դեռևս հապաղում են Ցեղասպանության ճանաչման հարցում և մինչ այսօր չեն ճանաչել»:

Այս շարժումը մեծ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրության վրա, և ինչպես նախարարը նշեց, օտարների մասնակցությունը ևս մեծ խթան է հարցը հանրային առումով ճանաչելի դարձնելու գործում: «Մեր կարգախոսն է՝ հիշում եմ և պահանջում, և մենք հիշելով պահանջում ենք մեր կորցրած իրավունքների, համայնքային և համազգային իրավունքների վերականգնումը»:

Հրանուշ Հակոբյանը հանրության ուշադրությունը հրավիրեց փաստի վրա, որ խոնարհվելով Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին՝ պետք է հիշել նաև, որ այդ մեկուկես միլիոնը կարող էր հայ ազգին նվիրեր շուրջ 10-12 միլիոն մանուկ. «Հետևաբար Թուրքիան ոչ միայն մեզնից խլել է այդ մեկուկես միլիոնի կյանքը, այլ նաև մեր ազգին զրկել է 10-12 միլիոն բնակչից: Մենք հիմա պետք է լինեինք 22-25 միլիոն»:

Նա նաև նշեց, որ անցնող հինգ տարիների ընթացքում այնքան գրվեց ու խոսվեց Ցեղասպանության մասին, որքան չէր խոսվել նախորդ 95 տարիների ընթացքում: Բայց, ցավոք, հերթական անգամ հայությունն ականատեսն ու վկան է թուրքական կեղծարարության, ինչը փորձում է հայ դատը կապել Առաջին համաշխարհային պատերազմի հետ, փորձում է ընդհանուր կորուստ հասկացությունն առաջ մղել, բայց դա նրանց չի հաջողվի:

Ինչ վերաբերում է 100-րդ տարելիցին ակնկալվող հաջողություններին, Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած քայլ արդեն հաջողություն է: Օրինակ՝ վերջերս Հունաստանի պառլամենտի որոշումը, որը մենք պետք է ողջունենք: Այն բոլոր տեղական, տարածքային կառույցները, կազմակերպությունները, որոնք սկսում են ճանաչման գործընթացը, արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Եվ ես այն կարծիքին չեմ, որ Թուրքիան 100-րդ տարելիցի օրը կամ դրա նախաշեմին կճանաչի Ցեղասպանությունը, բայց որ Թուրքիայում ևս ինքնության ճգնաժամ է, որ հասարակությունը ևս սկսել է ճանաչել իր պատմությունը, դա փաստ է: Դա այս շարժման հետևանքն է: Այն, որ արդեն հարյուր հազարավոր մարդիկ Թուրքիայում սկսել են իրենք իրենց ճանաչել, դա արդեն մեծ նվաճում է»:

Scroll Up