«Ես իմ «բանակով»՝ «Արցախի ձայներ»-ի հե՛տ եմ գնում մրցույթի, ինձ հետ է նաև իմ խաչը». «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի պատվիրակ՝ Միշա

ՀՀ սփյուռքի նախարարության գրեթե բոլոր աշխատակիցները նոյեմբերի 16-ին աշխույժ եռուզեռի մեջ էին՝ «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից-պատվիրակ փոքրիկ ղարաբաղցու՝ Միքայել Գրիգորյանի այցելությամբ. Սփյուռքի նախարարի ջերմ ու անչափ սիրալիր հյուրընկալությամբ, նախարարության աշխատակիցների հիացական ժպիտներով շրջապատված Միշան ասես մի այլ մոլորակում էր հայտնվել. բոլորը ցանկանում էին լուսանկարվել տաղանդավոր տղայի հետ, հարցեր տալ նրան…Դրանից անմասն չմնացինք նաև մենք՝ լրագրողներս, և Միքայելի հետ մտերմիկ ու պարզ մի հարցազրույց ծավալվեց «Հայերն այսօր»-ի խմբագրասենյակում: Իմ հարցերին, որոնց մի մասը նաև Արցախի բարբառով էի տալիս, Միշան պատասխանում էր շատ պատրաստված, խելոք, սակայն,  բնականաբար, մանկան անմիջականությամբ ու անկեղծությամբ: Ստորև մեր ընթերցողների  ուշադրությանն ենք ներկայացնում այդ  հարցազրույցը:

-Փոքրի՛կ հայրենակից, ո՞վ է ընտրել երգը, որը պետք է ներկայացնես «Մանկական Եվրատեսիլ-2017»-ում, հավանու՞մ ես այն:

-Երգն ընտրել է իմ պրոդյուսերը, ես էլ շատ եմ հավանում այն ու պատրաստվում եմ լավ ներկայացնել, բարձր պահել Հայաստանի պատիվը, իմ Արցախի անունը:

-Ո՞ր երգը կցանկանայիր լավ սովորել ու մի օր աշխարհին ներկայանալ դրանով:

-Դա Մայքլ  Ջեքսոնի կատարմամբ Սթիվի Վուանդերի «Higher ground»-ն է. որոշել եմ անպայման շատ լավ սովորել այն:

-Միքայե՛լ, բայց դա դժվար երգ է…

-Դժվա՛ր է, ճի՛շտ է, բայց ես չեմ սիրում հեշտ (այստեղ Միշան ասաց՝ թույլ ճանապարհով, ես խմբագրեցի փոքրիկի խոսքը) ճանապարհով գնալ:

-Կարո՞ղ ես հիշել, թե որն է եղել քո կատարած առաջին երգը:

– Ես երգում եմ 4 տարեկանից և հիշում եմ առաջին երգս. դա Ռոբերտինո Լորետտիի կատարած «Ջամայկա» երգն է, որով հնարավոր է՝ մի օր ներկայանամ հանդիսատեսներին:

-Երբևէ փորձե՞լ ես ինքդ երգ գրել:

Այո՛, փորձել եմ. եղբայրս դաշնակահար է, մենք միասին ստեղծել ենք մի երաժշտություն՝ հայրենասիրական բառերով երգի համար, սակայն բառերը դեռ չունենք (ես Միքայելին խոստանում եմ գրել այդ երգի բառերը):

-Միշա՛, դու արդեն ճանաչու՞մ ես քո բոլոր մրցակիցներին, ի՞նչ ես կարծում, նրանցից ո՞վ կարող է լինել առաջատար:

-ճանաչում եմ նրանց, գիտե՛մ նրանց ուժը, երգելու ոճը. կարծում եմ՝ առաջատարների շարքերում կլինեն Ռուսաստանն ու Ավստրալիան:

Դասընկերներդ խնդրու՞մ են երբեմն երգել դպրոցի դասամիջոցների ընթացքում…

-Այո՛: Սկզբում շատ էին ասում, սակայն, տեսնելով ինձ հեռուստատեսությամբ, հասկացան, որ ես չեմ կարող անընդհատ և ամենուրեք երգել, որ պետք է պահպանեմ ձայնս, չհոգնեմ:

-Երգը կլանել է քեզ, քո ամբողջ ժամանակը, սակայն դու պետք է նաև ապրես քո մանկությունը, շփվես հասակակիցներիդ հետ, խաղաս բակում. ժամանակ գտնու՞մ ես դրա համար:

Ճիշտ է, շատ եմ զբաղված, բայց հասցնում մի քիչ շփվել ընկերներիս հետ, ֆուտբոլ խաղալ:

-Երաժշտական ի՞նչ գործիք ես նվագում՝ բացի ջութակից:

-Նվագում եմ նաև դաշնամուր, սովորում եմ «Արցախի ձայներ»-ում:

Միքայե՛լ, բացի քեզանից՝ ընտանիքում էլ ովքե՞ր են երգում:

-Բոլո՛րը, բայց ամենից լավ մայրի՛կս է երգում:

-Ի՞նչ թիմով ես գնում Վրաստան, ովքե՞ր են քո «պահապան հրեշտակները»:

-Մեր «Արցախի ձայներ»-ի թիմով. իմ պրոդյուսերն է լինելու այնտեղ, ես նրանցից ո՛ւժ եմ ստանալու: Ես իմ «բանակով» եմ գնում մրցույթի, ինձ հետ է նաև իմ խաչը (Միկան ցույց է տալիս իր պարանոցից կախված խաչաշղթան):

-Միշա՛, բացի երգելուց՝ ի՞նչ մասնագետ կցանկանայիր դառնալ:

-Բարեգո՛րծ…(փոքրի՜կ, բարի՛ տղա) որպեսզի կարողանամ օգնել Արցախում ապրող անապահով մարդկանց, տուն չունեցողներին. ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն: Իմ ընտանիքն ինձ համար ամեն ինչ անում է, ես ոչ մի բանի կարիք չունեմ և շատ եմ ցանկանում, որ բոլոր երեխաները, մեծերը կարիքի մեջ չապրեն: Շատ կցանկանայի նաև մաթեմատիկոս դառնալ:

-Քո փոքրիկ ու շատ մեծ սրտով ի՞նչ կմաղթես քո հասակակիցներին:

-Ցանկանում եմ, որ միշտ բարի լինեն, կարողանան չարին հաղթել, և ամեն ինչ լավ կլինի:

-Երբ մեծանաս, կգնա՞ս ծառայելու Հայոց բանակում. քո առջև երկու ընտրություն է՝ գնալ երգի ճանապարհով և ծառայել բանակում. ո՞րը կընտրես առաջինը:

Այդ դեպքում առաջինը կընտրեմ Հայրենիքիս սահմանների պաշտպանությունը, հետո՝ երգը. երգելո՛վ կպաշտպանեմ մեր սահմանները: Իմ հայրիկն էլ է զինվորական: Ես ապրիլին լսել եմ պատերազմի ձայնը և շատ եմ ուզում, որ իմ ծննդավայր Արցախում միշտ խաղաղություն լինի:

-Ի՞նչն է Արցախում քեզ ամենից շատ դուր գալիս:

-Արցախն՝ ամբողջությամբ. Արցախի բնությունը, կերակուրները՝ ժենգյալով հացը, Արցախի սոուսը, թխվածքներից՝ թերթերուկը, Արցախի մարդի՛կ են ինձ դուր գալիս…

-Ի՞նչն ես գնահատում արցախցու բնավորության մեջ:

-Հպարտությունը, ազնվությունը, անկեղծությունը, երգելու տաղանդը:

-Միքայե՛լ, ի՞նչ ես կարծում ՝ ինչպե՞ս կանցնի այս մեծ փորձությունը:

-Մեծ կռիվ, պայքա՛ր կլինի այս մրցույթում. տեսնենք, թե ով է լինելու առաջինը, ով կդառնա հաղթող:

Ջերմ ժպիտներով ողողված մեր նախարարության բազմաթիվ աշխատողների ցանկությանն ընդառաջ՝ փոքրիկ հրաշքը լուսանկարվում է նրանց հետ և ընթացքում մի քանի տող երգում Ալեքսեյ Հեքիմյանի «Ղարաբաղցին» երգից՝

Լավ ընկերոջ համար անգամ՝

Կյանքը կտա ղարաբաղցին,

Բայց թե հոգով դու դառնացրիր,

Ամպի նման կորոտա

Շանթ ու կրակ ղարաբաղցին …

…երգում է Միքայելն ու սիրուն աչուկների չարաճճի ժպիտով նայում բոլորիս: Բարեմաղթանքների հեղեղով ճանապարհում ենք բարեգործությունը մասնագիտություն համարող (այո՛, ճի՛շտ է, Միշան դա՛ էլ է մասնագիտություն համարում, ու ես անուղղակի և շատ ուղղակի կերպով համամիտ եմ նրա հետ) տաղանդավոր, փոքրիկ ղարաբաղցուն՝ հուսալով, որ հրեշտակատեսք փոքրիկ Միքայելը տուն կվերադառնա հաղթանակով:

 …Աստված քեզ օգնակա՛ն, մեր փոքրի՛կ հայորդի, թո՛ղ Արցախի լեռները քեզ պահապան լինեն, թո՛ղ քո մաքուր էության, հոգու ձայնը գրավի աշխարհի տարբեր ծայրերից քո երգը լսող մարդկանց, և Հայաստան ու Միքայել անունների դիմաց գրանցվեն ամենաբարձր միավորները:

Կարինե Ավագյան

 

Scroll Up